Իտալացի լեռնագնացը փաստում է Նոյյան տապանի գոյությունը
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | October 28, 2010 13:20
Իտալացի լեռնագնացը, ով արդեն մի քանի տարի հանրությանը ներկայանում է որպես Ազատ Վարդանյան անվամբ, Արարատ լեռան գագաթին շուրջ քսան տարվա ուսումնասիրությունների արդյունքում Նոյյան տապանի գոյությունը հավաստող բազմաթիվ մասունքներ է հայտնաբերել:
Թուրքական հետապնդումներից խուսափելու եւ պեղումները Արարատի գագաթին շարունակելու համար նա լրատվամիջոցներում չի հրապարակում իր իսկական անուն-ազգանունը: Իտալացի լեռնագնացը այժմ Հայաստանում է Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի եւ Մշակույթի հայկական ֆոնդի հրավերով: «Չնայած առաջին անգամ եմ Հայաստանում, բայց իմ սիրտը վաղուց ձեր երկրում է: Ես Արարատի փեշին եմ «ծերացել»:
Արարատ լեռը, Նոյյան տապանի մնացորդները ուսումնասիրելու հնարավորություն ունենալու համար ստիպված եմ եղել հազար ու մի ձեւերով խաբել թուրքերին»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց նա: Թուրքիայի տարածքում իր գործունեության իրական նպատակները թաքցնելու համար իտալացին ոչխարի հոտ է գնել եւ Արարատի փեշերին մի քուրդ ընտանիքի հետ զբաղվում է ոչխարաբուծությամբ:
Շուրջ քսան տարի առաջ հենց քրդերն են նրան օգնել հասկանալու, թե 20-րդ դարի սկզբին ինչ է կատարվել Արարատի փեշերին: Հայկական արմատներ ունեցող մի քուրդ երիտասարդ պատմել է նրան, թե ինչու են ամեն քայլափոխի մարդկային ոսկորներ ու ավերակներ հանդիպում իրենց: Եվ իտալացի լեռնագնացը, ով սկզբում մեկ նպատակ ուներ միայն` Արարատ լեռը մագլցել ու աստվածաշնչյան Նոյան տապանի հետքերով գնալ, սկսել է ուսումնասիրել նաեւ հայոց ջարդերի պատմությունը:
Սեփական ուսումնասիրությունների վրա հիմնվելով` նա այսօր պնդում է, որ Եղեռնի օրերին մոտ 200 հազար հայ է սպանվել Արարատի փեշերին: «Թուրքերը հաճախ հող են բերում, լցնում այդ ոսկորների վրա, բայց որոշ ժամանակ անց դրանք նորից գետնի երես են դուրս գալիս: Իսկ թուրքերը ամեն անգամ չեն կարող հասնել այդ բարձունքներին, քանի որ վախ ունեն քրդերից»,- ասում է Ազատ Վարդանյանը: Լեռնագնացը Արարատի գագաթին փայտի կտոր է հայտնաբերել 4500 մետր բարձրության վրա:
Նրա խոսքով` առաջին անգամ է առհասարակ նման բարձրության վրա փայտ հայտնաբերվում. դրա վրա կան կուպրի հետքեր: Ա. Վարդանյանը քարտեզագրել է Արարատի փեշերին եղած հայկական գյուղերի ավերակները եւ այն վայրը, որտեղ, ըստ իր ապացույցների, հանգրվանել էր Նոյյան տապանը:
Իր գտածոները իտալացի լեռնագնացը տեղափոխելու է Վենետիկի Սուրբ Ղազար կղզու Մխիթարյան միաբանություն, որտեղ ստեղծվել են համապատասխան պայմաններ դրանք անվնաս պահելու համար: Այնուհետեւ հայկական մշակույթին եւ Նոյյան տապանին նվիրված ցուցահանդեսներ են կազմակերպվելու նախ իտալական քաղաքներում, ապա` Եվրոպայում:






Facebook
Tweet This
Email This Post
