Ռեժիսոր Սերգեյ Սոլովյով. «Կինոն կայֆի արվեստ է»

ՄՇԱԿՈՒՅԹ, Շաբաթվա լուր | | July 18, 2009 16:33

Սերգեյ Սոլովյովը վարպետության դասին «Ես չգիտեմ` ինչպես կարելի է ֆիլմ նկարել, առավել ևս հիմա. որքան մեծանում եմ ու մասնագիտանում, այնքան քիչ եմ հասկանում`ինչպես կարելի է նկարել»,-ասաց Ռուսաստանի ժողովրդական արտիստ 65-ամյա ռեժիսոր Սերգեյ Սոլովյովը «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակում կազմակերպված վարպետության դասին: Դահլիճում ասեղ գցելու տեղ չկար: Եկել էին ոչ միայն հայ երիտասարդ ռեժիսորներ, այլև օտարերկրացի հեղինակավոր ռեժիսորներ, ովքեր փառատոնի շրջանակում Հայաստանում են:

Սոլովյովը ավարտել է Ռոմմի արվեստանոցը, 1967-87թթ եղել է «Մոսֆիլմ» կինոստուդիայի ռեժիսոր, 87թ. «Կրուգ» միավորման ղեկավարն է: 90-ական թթ. «Փոքր» թատրոնում բեմադրել է «Քեռի Վանյան» և «Տագանկայի» թատրոնում` «Ճայը»: Ռուսական կինոյի անցյալին ու ներկային վերաբերող հեռուստահաղորդումների հեղինակ ու վարող է: Միջազգային ու հայրենական կինոփառատոնների մրցանակակիր, ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր:

Մոսկվայի Կինոինստիտուտի պրոֆեսոր Սոլովյովն իրեն ներկայացրեց` որպես հակակոնցեպտուալիստ, մարդ, ում ստեղծագործական միտքն ու հայացնքերը չեն համապատասխանում շրջապատին ու այն ժամանակին, որում ապրում է:

«Ես գիտեմ, որ յուրաքանչյուր կոնցեպցիա ունի հակակոնցեպցիա և որ արվեստում ինտելեկտուալ գիտակցությունը կարող է ինչ-որ հիմար փակուղի մտցնել ռեժիսորին»,- ասաց նա:

Ռեժիսորը հիշեց ինքնաթիռով կատարած իր վերջին թռիչքը, որի ժամանակ Բրոդսկու «Զբոսանք վենետիկում» գրքում կարդացել է մի արտահայտություն,ինչն էլ ստիպել է նրան` դեմառդեմ հանդիպել սեփական եսի հետ:

«Գրքում գրված էր`«Ես չունեմ սկզբունքներ, ես միայն նյարդեր ունեմ»: Միանգամայն համաձայն եմ այս դատողության հետ, և որքան ժամանակ է անցնում, այնքան ավելի եմ համոզվում, որ ես չունեմ սկզբունքներ,- ասում է Սոլովյովը,-Բոլոր սկզբունքները ծիծաղելի են: Արվեստը հենց մարդու նյարդերի փոխհարաբերությունն է աշխարհի հետ, իսկ մշակույթը` մարդկության ենթագիտակցության ամենամեծ ճամպրուկը»:

Նրա կարծիքով`մշակույթը բացարձակապես աննպատակ է, անիմաստ է և առանց դատողության: Այն պետք է մարդուն և ինքն իրեն միայն այն ժամանակ, երբ մարդկային սառը տրամաբանությունն ու առողջ դատողությունը մտնում են անհաղթահարելի փակուղու մեջ ու դադարում աշխատել:

«Շատ ծիծաղելի է, երբ կոնսերվատորիայի ուսանողի ձեռքն են տալիս Շուբերտի նոտաներն ու ասում` այստեղ կոմպոզիտորն իր գործերով նկարում է գետակը, արևի ճառագայթները և այլն: Սա անհասկանալի ինչ-որ զառանցանք է, հասկանու՞մ եք, այնտեղ չկա ոչ մի գետ, ոչ մի արև, ամբողջը ձայներ են, կա տեմբր, կան նոտաներ, դադարներ, սա է երաժշտությունը,- բացատրում է ռեժիսորը,- Ես չեմ կարող այս երևույթը որակել` որպես ատելություն, այսպիսի մտքերը շատ մեծ ու ծանր արգելք են ոտքերին`դրանց հեշտ առաջ շարժելու համար»:

Սոլովյովն ասաց, որ իրեն հիմա շատ է անհանգստացնում մարդկանց ոչ հոգևոր լինելը: Իսկ հոգևորը, նրա համար, կրոնի հետ կապ չունի. «Հոգևոր մշակույթն ինձ համար աննպատակն է, անիմաստը, հաճախ անհեթեթն ու գրեթե միշտ մեղեդայինը, այն չի ենթարկվում խիստ տրամաբանության»:

Ասում է, որ դեռ 13 տարեկանում նա երազում էր սուզանավորդ դառնալ: Հետո մի անգամ դասից փախավ ու պատահաբար, «առանց որևէ տրամաբանության», հայտնվեց «Թռչում են կռունկները» ֆիլմի ցուցադրությանը: Հետո մի ամսագրում տեսավ այդ ֆիլմի կադրերից մեկը` ֆաներայի վրա պառկած տղային, ու որոշեց, որ պետք է դառնա ռեժիսոր:

«Ես մինչև հիմա էլ հիշում եմ այդ զգացումը, որն ունեցա ֆիլմը դիտելուց հետո: Հիմա էլ չգտեմ` ինչն էր ինձ հետաքրքրել ֆիլմում: Դահլիճից դուրս գալիս ես ժամանակատարածական հատվածում կիսաքուն, կիսաթմրանյութային, անմտածված հոգեկան կայֆի տակ էի ու «զգում էի ֆիլմի համը», մինչև հիմա էլ զգում եմ»:

65 կոպեկով գնած Ռենե Կլերի` «Խորհրդածություն արվեստի շուրջ» գրքում եղած արտահայտությունը` «եթե ցանկացած ֆիլմում գտնես մաքուր կինոյի 1-2 րոպե, ուրեմն այդ ֆիլմն արժէ նայել մի քանի անգամ» Սոլովյովի համար կինոյի բանալիներից մեկն է:

Նրա վերջին «Աննա Կարենինա» ֆիլմում, որը երկու անգամ ցուցադրվեց «Ոսկե ծիրանին», աղջիկը մատը մտցնում է ջրի մեջ, ու մի քանի րոպե անց մատի շուրջ սկսում են ջրի փոքր պղպջակներ առաջանալ: Սոլովյովն ասաց, որ այդ մասը հենց մաքուր կինոյի օրինակ է:

Ռեժիսորի համոզմամբ`ոչ մի նորմալ մարդ չի աշխատում դերասանների հետ և միայն հոգեկան հիվանդներն են նրանց հետ աշխատում. «Երբ ինձ հարցնում են` ինչպես եք աշխատում դերասանների հետ, ես պատասխանում եմ` ես ոչ մի ձև էլ չեմ աշխատում, նրանց գումար եմ վճարում և դա ճիշտ է»:

Նա խորհուրդ տվեց երիտասարդներին`յուրօրինակ լինելուց առաջ չմոռանալ, որ իրենք սովորական մարդ են, ունեք ծնողներ` ինչպես բոլորը, ականջներ, քիթ, բերան, և ֆիլմ նկարելիս էլ հանուն յուրօրինակության չհորինեն, ուղղակի երևույթները տեսնեն իրենց դիտանկյունից: Քանի որ յուրաքանչյուր երևույթ յուրաքանչյուր մարդ տարբեր կարող է տեսնել, և այդ «տարբերն» էլ անհրաժեշտ է նկարել: Նա ասաց, որ երբ հորինում ես, էկրանը մատնում է, որ այն հորինված է:

«Ես համոզված եմ, որ կինոն կայֆի արվեստ է և պետք է հաճույք ստանալ այդ աշխատանքից: Մարդը խորամանկ սարք է ու դժվար է հասկանալ` ինչը որտեղից է սկսում,- եզրափակեց նա,- Իրականում ռեժիսուրայով երկար զբաղվելը հասցրեց նրան, որ իրական կյանքս վերափոխվեց երազի: Հիմա ես ձեզ վերաբերվում եմ` որպես իմ երազների սիրելի պերսոնաժներ»:

Դիտվել է 2281 անգամ:
Print Friendly

Leave a Reply