Վրաստանի արդարադատության նախարարությունը գրանցել է Աբխազիա վերադառնալ կամեցողների հիմնադրամը
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | October 28, 2010 12:16
Վրաստանի արդարադատության նախարարությունը գրանցել է Աբխազիա վերադառնալ կամեցողների հիմնադրամը: Հիմնադրամի գործունեության նպատակը վստահության վերականգնումն է և աբխազների հետ հաշտեցումը: Հիմնադրամը սերտ կհամագործակցի փախստականների հարցերով նախարարության հետ և մի քանի տնտեսական նախագծեր համատեղ կիրականացնի: Հիմնադրամին առընթեր ստեղծվել է վրաց ավագանիների խորհուրդ, որում ներկայացված են հայտնի հասարակական գործիչներ: Հիմնադրամի նախագահ է ընտրվել Աբխազիայի քաղաքացի Օլեգ Ջոլիան: «Կավկազսկի ուզելի» տվյալներով` Վրաստանում կա 293 հազար փախստական, ովքեր ստիպված լքեցին Աբխազիան և Հարավային Օսիան`զինված հակամարտության և հանրապետությունների տարանջատման հետևանքով: Վրաստանի խորհրդարանի` փախստականների հարցերով ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Շոթա Մալաշխիի խոսքով` փախստականներին բնակարաններով ապահովելու խնդիրը հանրապետությունում խիստ սուր է: Հուլիսի վերջերից Վրաստանում փախստականներին սկսել են վարչական շենքերից տեղափոխել Արևմտյան Վրաստան, ուր նրանք չեն ուզում բնակվել` աշխատատեղերի բացակայության պատճառով: Փախստականները բազմիցս բողոքի ակցիաներ են կազմակերպել և պահանջել են իրենց տեղավորել մայրաքաղաքում: Օգոստոսի սկզբին Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը քննադատել է Վրաստանի իշխանություններին`200 հազար փախստականներին արժանավայել կենսապայմաններով ապահովելու անկարողության համար: Այս կազմակերպության տվյալներով`փախստականների 42 տոկոսը մինչ այժմ ապրում է մանկապարտեզներում, հիվանդանոցներում, հյուրանոցներում և բարաքներում: Նրանցից շատերը աշխատանք չունեն և մեկուսացված են Վրաստանի բնակչությունից:






Facebook
Tweet This
Email This Post
