«Մադրիդյան սկզբունքներ». վտա՞նգ, թե՞ հերթական փաստաթուղթ

Շաբաթվա լուր, ՔԱՂԱՔԱԿԱՆ | | July 18, 2009 20:09
hamanaxagahner_820835150

Միսնկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեն, Յուրի Մերզլյակովը և Մեթյու Բրայզան

Հուլիսի 10-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների պաշտոնապես հրապարակած «Մադրիդյան սկզբունքները» նոր հարցադրումներ են առաջացրել:

Դեռ 2007թ. նոյեմբերին Միջազգային ճգնաժամային խմբի «Լեռնային Ղարաբաղ. պատերազմի ռիսկ» զեկույցում խոսվում էր Մադրիդում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների միջև համաձայնեցված բանակցային հիմնարար սկզբունքների մասին:

Եվ գրեթե դրա կրկնությամբ հրապարակվել են լրամշակված «Մադրիդյան սկզբունքերը», որոնք հետևյալն են.

• Լեռնային Ղարաբաղի շրջապատող տարածքների վերադարձ Ադրբեջանի վերահսկողությանը;

• Լեռնային Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակ, նրա անվտանգության եւ ինքնակառավարման երաշխիքների տրամադրումով

• Հայաստանը Լեռնային Ղարաբաղին կապող միջանցք;

• Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի հետագա սահմանում իրավականորեն պարտադիր կամարտահայտության միջոցով;

• ներքին տեղահանված անձանց եւ փախստականների` իրենց նախկին բնակության վայրերը վերադառնալու իրավունք;

• անվտանգության միջազգային երաշխիքներ, որոնք կներառեն խաղաղապահ գործողություն:

Համանախագահները կոչ են անում Հայաստանին ու Ադրբեջանին` սատարել վերոհիշյալ սկզբունքները:

Այս 6 կետերը միայն հիմնարար սկզբունքներ են, որոնց համապատսախան դեռ պետք է համաձայնություններ ձեռք բերվեն: Իրականում, ինչպես Ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն ասուլիսում հայտարարեց, Մադրիդյան փաստաթուղթը կազմված է մոտ 15 սկզբունքային կետերից, և որ դրանցից միայն 2-3-ն են գրեթե համաձայնեցված։

Որո՞նք են համաձայնեցված և չհամաձայնեցված կետերը:

Դեռևս 1-2 տարի առաջ դիվանագիտական շրջանակներում շրջանառվում էին լուրեր, որ բանակցություններում հիմնական տարաձայնությունները Հայաստան-Ղարաբաղ միակ ցամաքային ճանապարհի` Լաչինի միջանցքի ու Քելբաջարին հատուկ կարգավիճակ տրամադրելու հարցերն են: Հիմա պաշտոնապես հաստատվում է, որ գլխավոր խնդիրը, որը դեռ համաձայնության կարիք ունի, Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշումն է:

Այստեղից կարելի է ենթադրել, որ Լաչինի ու Քելբաջարի հարցերը Ֆասիեի նշած «գրեթե համաձայնեցված կետերից» են: Չնայած ելնելով այն փորձից, որ Ադրբեջանական կողմը բազմիցս չի կատարել ձեռք բերված պայմանավորվածությունները (օրինակ` ուժի չկիրառման սկզբունքի տակ ստորագրելուց հետո (Մոսկովյան հռչակագիր, 2008 նոյեմբերի 2) ապա նաև ընդունելով Հելսինկյան համաձայնագիրը (2008 դեկտեմբերի 5), Ադրբեջանը շարունակում էր ԼՂՀ-ի հետ շփման գծում պարբերաբար մարտական գործողություններ անել: Կամ ասենք, ղարաբաղյան հարցը բազմիցս ՄԱԿ տանելու Բաքվի նախաձեռնությունները (2008թ. մարտի 14, ապա 2009թ. հունվարի 23-ին և փետրվարի 17), որով ուղղակի խախտում էր միջնորդության Մինսկի ֆորմատը), դժվար է եզրակացնել, որ այդ 2 տարածքների հարցը վերջնականպես լուծված է:

Պատահական չէ, որ հենց Լաչինի ու Քելբաջարի շուրջ են ընթացել ծանր բանակցություններ: Թե’ Լաչինը, և թե’ Քելբաջարը կենսականորեն կարևոր նշանակություն ունեն ԼՂՀ-ի ու Հայաստանի համար:

Փաստ է, որ Լաչինի հարցը Հայաստանի համար կենսական կարևոր շահ է: Ինչ վերաբերում է Քելբաջարին հատուկ կարգավիճակ տրամադրելու հարցին, ապա, այն ցանկացած ձևաչափով ու ցանկացած չափով Ադրբեջանին տրամադրելը ուղղակի սպառնալիքի տակ կդնեն Հայաստանի և Ղարաբաղի ջրային ռեսուրսները: Քելբաջարը ջրով մատակարարում է ողջ Ղարաբաղը և Հայաստանի մի մասը:

Չնայած հրապարակված կետերում նշվում է, որ պետք է լինի Հայաստան-ԼՂՀ ցամաքային ճանապարհ (այսինքն Լաչինով), սակայն կոնկրետ ոչ մի խոսք չկա Քելբաջարի մասին: Բացի դրանից, Մադրիդյան փաստաթուղթը պարունակում է Հայաստանի և Ղարաբաղի համար մի շարք այլ անընդունելի կողմեր ու նաև իրարամերժ դրույթներ:

Օրինակ, ԼՂՀ իրավական կարգավիճակի հարցը.

Այդ կարգավիճակը որոշվել է 18 տարի առաջ, երբ ԼՂՀ-ն հանրաքվեով հռչակեց իր անկախությունը (1991թ. դեկտեմբերի 10), իսկ 2006թ. դեկտեմբերի 10-ի սահմանադրական հանրաքվեն էլ ամրապնդեց ԼՂՀ իրավական կարգավիճակը: Ռուս համանախագահ Մերզլյակովը ԼՂՀ կարգավիճակի հարցի մասին ասաց. «Գոյություն ունի, այսպես կոչված, «հետաձգված կարգավիճակ» հասկացությունը»:

Փաստորեն, հայկական կողմը կոնկրետ զիջումների՝ տարածքներն հանձնելու ու այնտեղից հայկական զինուժի դուրսբերման դիմաց ստանում է ԼՂՀ իրավական կարգավիճակի մասին անորոշ ձևակերպում ` իբրև «հետաձգվող» մի բան:

Թեև փախստականների ու տեղահանվածների վերադարձի կետը դրված է Ղարաբաղի կարգավիճակի վերջնական որոշման կետից հետո, բայց իրականում այն ենթադրում է, որ հանրաքվեն կլինի այդ մարդկանց վերադարձից հետո: Նոր հանրաքվեի հնարավորության մասին խոսելով, ԱՄՆ Պետքարտուղարի Եվրոպական ու Եվրասիական գործերով օգնական Գորդոն Ֆիլիպը նշել է. «Քվեարկելու ցանկացած մեխանիզմ, որով ժողովուրդը կարտահայտի իր կամքը, պետք է ներառնվի կարգավորման գործընթացում»:

Անշուշտ, ԼՂՀ-ի տարածքում ապրել են ադրբեջանցիներ, ապրել են և ռուսներ ու ուրիշ ազգեր: Նույն կերպ հայեր են ապրել Բաքվում կամ Թիֆլիսում, սակայն դա չի նշանակում, որ հայերը պետք է վերադառնան այնտեղ ու պահանջեն նոր հանրաքվե ու նոր իրավական կարգավիճակ:

Փախստականների հարց, որպես այդպիսին, գոյություն ունի: Նրանք անշուշտ իրենց ցանկության պարագայում պետք է կարողանան վերադառնալ ու բնակվել ԼՂՀ-ում: Չնայած այս հարցն էլ չափազանց բարդ է. հստակ չէ` ո՞վքեր են ժամանակին ապրել այնտեղ, կամ կոնկրետ որտե՞ղ են ապրել, արդյո՞ք խոսքը միայն փախստականների «5 շրջաններ» վերադառնալու մասի՞ն է: Իսկ ընդհանրապես, ադրբեջանական իշխանությունները թերևս կարիք ունեն սոցիոլոգիական հարցում անցկացնել այն մասին, թե իրականում, քանի հոգի է ուզում գալ ապրելու ԼՂՀ-ում. ենթադրվում է, որ դրանք սին թվեր կլինեն:

Հաջորդ պարադոքսը, որ ներառված է հրապարկված համաձայանգրի մեջ, «հարակից շրջանների»` «5 շրջանների» վերադարձի մասին կետն է (Լաչինի ու Քելբաջարի հարցերը առանձին են): Իրականում այդ «5 շրջանները» ԼՂՀ Սահամանադրությամբ ամրագրված են` որպես Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իրավազորության ներքո գտնվող տարածք (142 հոդված):. Իսկ Մադրիդյան նշված սկզբունքն ուղղակի ոչ լեգալ է համարում ԼՂՀ պետական ողջ ապարատն ու մնացած բոլոր ինստիտուտները, այնտեղի ապրող մարդկանց իրավունքներն ու ազատությունները, որոնք ևս ամրագրված են նույն Սահմանադրությամբ: Հետևաբար հինգ շրջանների հարցը առանց Ղարաբաղի իշխանությունների մասակցության անհնար է լուծել։

Հրապարակված սկզբունքները կարող են առաջացնել անհամաձայնություններ հենց  համանախագահ երկրների միջև: Օրինակ, տարաձայնություններ կարող են լինել ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև, թե որտեղ կտեղակայվեն խաղաղապահ ուժերը։ Խնդիրը կապված է իրանական սահմանի հետ. ԱՄՆ-ը ուզում է, որ իր խաղաղապահները մոտ լինեն Իրանին, իսկ Ռուսաստանը, բնականաբար չի համաձայնվի:

«Խաղաղության այդ ճանապարհը» որոշող կետերը, կարող են անընդունելի լինել ոչ միայն բանակցող 2 կողմի` Հայաստանի ու Ադրբեջանի համար, այլև ԼՂՀ-ի, որը ցանկացած պահի կարող է մերժել ցանկացած փաստաթուղթ, ինչպես արել է նախկինում ` մերժելով փուլային ու փաթեթայի  տարբերակների առաջարկները (1997թ.):

Իսկ Մադրիդյան սկզբունքները կարծես փաթեթային ու փուլային տարբերակների միաձուլումը լինեն: Կարգավորման մեխանիզմի բովանդակությունը փուլային տրամաբանությամբ է, բայց ենթադրում է միանվագ համաձայնություն բոլոր մնացած կետերի վերաբերյալ: (Չնայած նախկինում էլ փաթեթային ու փուլային տարբերակները չնչին տարբերություն ունեին):

Իհարկե, իրականությունը փոխվել է. և եթե այն ժամանակ` ընդհուպ 1999թ., ԼՂՀ կողմի ստորագրությունը կար բոլոր համաձայնություների տակ, ապա 1999թվի Ստամբուլի խարտիայով ԼՂՀ-ն դուրս մնաց բանակցային սեղանից: Սակայն թե’ համանախագահների այցերը Ստեփանակերտ, և թե’ այն որ նրանք հաշվի են նստում ԼՂՀ հայտարարությունների հետ, վկայում են, որ առանց ԼՂՀ-ի համաձայնության որևէ փաստաթուղթ չի կարող գործի դրվել: Այս առումով ԼՂՀ-ն միշտ կարող է «փրկել» Հայաստանին` մերժելով օրակարգում դրված որևէ փաստաթուղթ ու այդպիսով խափանել ցանկացած ձեռք բերված պայմանավորվածություն:

Իսկ ինչ դրված է այսօրվա օրակարգում, այն է` Մադրիդյան սկզբունքները,  հայաստանյան որոշ քաղաքական ու հասարակական շրջանակներն արդեն համարում են վտանգավոր: Դրանց հրապարակումից անմիջապես հետո նրանք սկսել են ահազանգել այն մասին, թե Հայաստանը պատրաստվում է ստորագրել ոչ հայանպաստ փաստաթուղթ:

Թերևս անտեղի է այդօրինակ սպառնալիքի մասին խոսելը գոնե միայն այն պարզ պատճառով, որ ցանակացած փաստաթուղթ, գործի դրվելուց առաջ պետք է նախ դրվի ԱԺ քննարկման, ու միայն նրա համաձայնությունից հետո կարող է վավերացվել դեռ չհաշված, որ  ԼՂՀ-ն, ինչպես նշվեց, միշտ կարող է մերժել այդ փաստաթուղթը։

Նաև հրապարակված Մադրիդյան սկզբունքները հնարավոր է, որ իրականության միայն մի մասն են ներկայացնում. գուցե ավելի մեծ մասը գաղտնազերծված չէ: Ուստի դժվար է եզրակացություն անել, թե վերջնական արդյունքում այն ձենտու կլինի Հայաստանին ու ԼՂՀ-ին, թե ոչ:

Սակայն, միայն այն փաստը, որ հակամարտության խաղաղ կարգավորման փաստաթուղթ կա, դրական է: Անկախ այն բանից, թե դրանց շուրջ համաձայնություն ձեռք կբերվի, թե ոչ, մադրիդյան սկզբունքների քննարկումները կերկարացնեն հարաբերական կայունությունը հակամարտող կողմերի միջև: Պատերազմը կանխելու այսպիսի նպատակ ունեին և նախկինում առաջարկվող փաստաթղթերը (1997-ին` «Փուլային» ու «Փաթեթային», 1998-ին` «Ընդհանուր պետության» տարբերակները):

Սակայն կայունության պահպանմանն ուղղված փաստաթուղթը արդյո՞ք չի պարունակում պատերազմի ռիսկ: Խոսքը հանրային կարծիքի ադապտացիայի մասին է: Փաստ է, որ թե հայ, թե’ ղարաբաղյան, և թե ադրբեջանական հասարակությունները պատրաստ չեն այսօրինակ զիջումների:
Հատկապես Ադրբեջանում իրականացվող պետական քաղաքականությունն ավելի ու ավելի է բարդացրել, որ  ադրբեջանական հանրությունում խաղաղությունը ընկալվի: Պետական այդ քաղաքականության նպատակն է ժողովրդի մեջ ամրապնդել «արտաքին թշնամու» կերպարը: Դրանով Բաքուն ոչ միայն խոչընդոտում է կարգավորման խաղաղ ճանապարհը, այլև լուծում է մի շարք խնդիրներ.

1-ին, ցանկացած տիպի փոխզիջման նկատմամբ հանրային կոշտ կարծիքը, ամրացնում է Ադրբեջանի դիրքերը բանակցություններում։ Ներկայացնելով սեփական ժողովուրդի անհամաձայնությունը զիջումների նկատմամբ, Բաքուն կարողանում է հիմնավորել, թե ինչու նէ հրաժարվում առաջարկվող զիջումներից, և  նորանոր պահանջներ դնել համանախագհների առջև։

2-րդ, այդ քաղաքականությամբ Ադրբեջանը փորձում է պատերազմում պարտված ժողովրդին հոգեբանական կոմպլեքսներից ազատագրել և հոգեբանորեն պատրաստել նոր հնարավոր ռազմական բախման։

3-րդ, հասարակության ուշադրությունը շեղում է երկրի ներքաղաքական ու սոցիալական պրոբլեմներից:

Այս նպատակները միաձուլված ձևով կարող են արտահայտվել օրինակ 2012-2013 թթ., երբ Ադրբեջանի նավթային պաշարների նվազելը  նկատելի կդառնա: Եվ երբ դա բացասաբար անդրադառնա տնտեսության վրա (Ադրբեջանի տնտեսությունը հիմնականում զարգանում է նավթագազային ռեսուրսներ վաճառելով), ադրբեջանական իշխանությունները կարող են ակտիվացնել «արտաքին թշնամու» կերպարը` «հայրենիսարական պատերազմի» ձևով, որը  կոչված կլինի` շեղել հասարակության ուշադրությունը սոցիալական ու տնտեսական պրոբլեմներից:

Ստատուս-քվոն` ոչ պատերազմ, ոչ խաղաղ կարգավորում, ձեռնտու է Ադրբեջանին, որտեղ Ալիևյան դինաստիկ իշխանությունը Սահմանադրության վերջին բարեփոխման հետևանքով շարունակելու է իշխանության վերարտադրությունը: Իսկ զիջման գնալը կարող է կտրուկ անդրադառնալ նրա` իշխանության ղեկին մնալու վրա:

Ստատուս-քվոն նաև ձեռնտու է Հայաստանին. ժամանակի ընթացքում ԼՂՀ անկախության փաստը գնալով ավելի ու ավելի է ամրապնդվում միջազգային հանրության պատկերացումներում, և Ադրբեջանը վաղ թե ուշ ստիպված պետք է հաշվի նստի կայացած փաստի հետ:
Այսուամենայնիվ, չլուծված կամ սառեցված հակամարտությունները ռեգիոնում հղի են պատերազմի ռիսկով. Ղարաբաղյան պատերազմը հենց դրա հետևանքն էր: Համաշխարհային տնտեսական ճգնաժամն իր հերթին հրամայականի է վերածել խաղաղ Կովկաս տեսնելու Արևմուտքի ցանկությունը, որը շահագրգռված է անվտանգ ու էժան գազամուղներ, երկաթգծեր ու նավթամուղներ ստեղծելու նախագծերով:

Ցավոք այս հանգամանքը, անհարիր շտապողականություն է առաջացրել համանախագահ երկրներում, որոնք ձգտում են արագ հասնել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը (դա են վկայում վերջին շրջանում հաճախակի դարձած Ադրբեջանի ու Հայաստանի նախագահների հանդիպումները): Այս շտապողականությունը վտանգավոր է, քանի որ հակամարտության կողմ հանդիսացող երկրներում հանրային կարծիքը դեռև պատրաստ չէ փոխզիջումների և hնարավոր վերջնական կարգավորման տարբերակի հրապարակման դեպքում կարող է սթրես առաջացնել, որը հղի է նոր ռազմական բախման հնարավորությամբ:

Դիտվել է 4721 անգամ:
Print Friendly

Leave a Reply