Ադրբեջանում պետական թալանչիություն է տիրում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 28, 2010 11:21

Ադրբեջանի կառավարությունը ժողովրդից թաքցնում է էներգակիրների ինքնարժեքի իրական չափերը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Նավթային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Իլհամ Շաբանը «Բիզիմ յոլ» թերթին հայտնել է, որ Ադրբեջանի կառավարության կողմից բնակչությանը վաճառվող էներգակիրների գներն ամենաթանկն են ԱՊՀ երկրներում, բնակչությանը բենզինն ու գազը վաճառվում են 2 անգամ, իսկ էլեկտրաէներգիան՝ 2,5 անգամ թանկ, ինքնարժեքը 2,5 գյափիկ կազմող էլեկտրաէներգիան բնակչությանը 6 գյափիկով է վաճառվում:

Նրա խոսքերով, կառավարությունը չի հրապարակում նավթային արտադրատեսակների ինքնարժեքը, ինչը դժվարացնում է նավթապրանքների իրական գների հաշվարկը, սակայն, անուղղակի ճանապարհներով հաշվարկներով պարզ է դառնում, որ միայն բենզինից կառավարությունը 180-200 տոկոս շահ է ստանում բնակչությունից:

Ի.Շաբանը հայտնել է, որ Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը բնակչությանը գազը վաճառում է 1000 խմ-ն 100 մանաթով (մոտ 31.25 դոլար): «Արդյունահանվող ապրանքային գազի 32 տոկոսը կողմնակի գազն է, որը զուգորդում է նավթի արդյունահանմանը: Դրան կարելի է անգամ անվճար գազ անվանել, որովհետեւ նավթի հետ դուրս եկած գազի ինքնարժեքը զրո է՝ այն նավթի ինքնարժեքի մեջ մտնելու պատճառով:

Արտասահմանյան տարբեր ընկերությունների կողմից նավթի արդյունահանման ժամանակ այդ կողմնակի գազն ադրբեջանական կողմին տրվում է անվճար՝ ադրբեջանական կողմի վրա թողնելով միայն նրա տեղափոխման ծախսը, ինչը 100 կմ-ի վրա 1000 խմ-ի համար չի գերազանցում 1 մանաթը: Եթե դրան էլ ավելացնենք գազաբախշիչ ցանցերի ծախսերը, միեւնույն է, գազի 1000 խմ-ի գինը չի կարող գերազանցել 50 մանաթը:

Բնակչության վրա 1000 խմ գազը 100 մանաթով վաճառելով` կառավարությունը 100 տոկոս՝ այսինքն կրկնակի օգուտ է ստանում», -ասում է Ի.Շաբանը: Փորձագետի խոսքերով, Ադրբեջանում Սակագնային խորհուրդը Տնտեսական զարգացման նախարարության կազմում է եւ նրա ղեկավարները աշխատավարձն ստանում են այդ նախարարությունից: «Նշանակում է` բնակչությանը վաճառվող ապրանքների՝ այդ խորհրդի կողմից սահմանված գներն էլ որոշում են վերեւներում նստած օլիգարխ-պաշտոնյաները», -եզրահանգել է փորձագետը:

Դիտվել է 1235 անգամ:
Print Friendly

Leave a Reply