Տիգրան Սարգսյան. Վերջին տարիներին արտագաղթի տեմպերը կտրուկ նվազել են

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | October 27, 2010 22:41

ՙՎերջին տարիների ընթացքում մենք տեսնում ենք, որ արտագաղթի տեմպերը կտրուկ նվազել են: Դեռևս, իհարկե, սալդոն բացասական է, բայց դրական միտումներն ակնառու են՚,- Ազգային ժողովի հոկտեմբերի 27-ի նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը` պատասխանելով անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի հարցին:

Վարչապետը տեղեկացրեց, որ ազգային անվտանգության ռազմավարության տեսանկյունից մշակվող հայեցակարգը, որում ներառված են միգրացիոն քաղաքականության սկզբունքները, նպատակ ունի բարենպաստ պայմաններ ստեղծել ՀՀ բնակչության կենսամակարդակը բարձրացնելու, նաև արտերկրից մեր հայրենակիցների հայրենիք վերադառնալու համար:

Տ.Սարգսյանը հայտնեց նաև, որ վերջին շրջանում Միջին Ասիայից ներգաղթի ներուժ է արձանագրվում, և ՙհամապատասխան աշխատանքներ տարվում են՚: ՙԼավագույն մոտեցումներից է համարվում նաև այն, որ պետությունը` համագործակցելով հասարակական կազմակերպությունների հետ, ստեղծի ենթակառուցվածքներ, կուտակի համապասխան ֆինանսական միջոցներ, որոնք կարող են տրամադրվել ներգաղթող ընտանիքներին, որպեսզի առաջին փուլում նրանք ստանան աջակցություն` մինչև ինտեգրվեն տնտեսական, սոցիալական մեր իրավիճակին՚,-ասաց ՀՀ վարչապետը:

ՙՆմանատիպ մի նախաձեռնության հետ մենք արդեն առնչվում ենք՚,-ասաց Տ.Սարգսյանը: Ըստ նրա, օրերս Թեհրան կատարած այցի ընթացքում, հանդիպելով հայ համայնքի հետ, կառավարական պատվիրակությունը տեղեկացել է, որ  համայնքը հավաքագրել է ֆինանսական միջոցներ` նպատակ ունենալով օգնել Հայաստանում բնակություն հաստատելու ցանկություն հայտնած իրանահայերին:

Գայանե Մելիքյան

Դիտվել է 1446 անգամ:
Print Friendly

Leave a Reply