Րաֆֆի Հովհաննիսյան. ԼՂՀ-ն ճանաչելու մասին օրինագիծն առնվազն պետք է լինի Հայաստանի ԱԺ-ի օրակարգում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | October 27, 2010 22:20

Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի և խմբակցությունների ղեկավարների հոկտեմբերի 27-ին կայացած աշխատանքային հանդիպման ընթացքում ՙԺառանգություն՚ խմբակցության հեղինակած ՙԼեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու մասին՚ օրենքի նախագծի հետագա ճակատագրի վերաբերյալ համաձայնություն ձեռք չի բերվել:

Հիշեցնենք, որ նախագիծը քննարկվել էր ԱԺ-ի հոկտեմբերի 5-ի լիագումար նիստում, սակայն,ՙԺառանգություն՚ կուսակցության առաջնորդ և խորհրդարանական խմբակցության անդամ Րաֆֆի Հովհաննիսյանի առաջարկությամբ, օրինագծի քվեարկությունը հետաձգվել էր մինչև հոկտեմբերի 25-28-ի հերթական քառօրյան:

Ինչպես ԱԺ նախագահի մոտ տեղի ունեցած հանդիպումից հետո լրագրողներին հայտնեց Ր.Հովհաննիսյանը, եթե մինչև հոկտեմբերի 28-ի լիագումար նիստի սկիզբը` ժամը 12-ը, որևէ վերջնական փոխհամաձայնություն չլինի, օրինագիծը կդրվի քվեարկության: ՙՈրոշ փորձեր արվում են, բոլորը ուզում են համազգային խնդիրն ընդհանուր հայտարարով լուծել, բայց քաղաքական կամք է անհրաժեշտ: Քաղաքական կամք, խիզախություն և միասնության իրական սահմանում դեռ չի երևում՚,- ասաց նա` հույս հայտնելով, որ մինչև նշված վերջնաժամկետը, այնուամենայնիվ, լուծում կգտնվի:

Ընդդիմադիր պատգամավորի համոզմամբ, օրինագիծն առնվազն պետք է լինի նստաշրջանի օրակարգում, և ՙնրանք, ովքեր չեն ուզում ժամանակի պահի ընտրության մտահոգությամբ հիմա քվեարկել, պետք է ջանքեր թափեն մինչեւ վաղը կեսօրը, որպեսզի այս հարցը մտնի օրակարգ՚:

Հ. Հովհաննիսյանի համոզմամբ, Աստրախանում Սարգսյան- Ալիեւ- Մեդվեդեւ նույն օրվա հանդիպումն օրինագծի հետ կապված քննարկման և որոշում կայացնելու վրա որևէ ազդեցություն չի թողնի: ՙՍա բազար կամ առևտուր չէ: Մենք խոսում ենք ՀՀ անվտանգության և ինքնիշխանության, Արցախի ճակատագրի մասին: Ադրբեջանն ու թուրքը ոչ միայն համն են հանում, այլ կանխորոշում Արցախի ապագան և կարգավիճակը: Համանախագահները, արդեն դուրս գալով իրենց մանդատից, այնպիսի եզրաբանություն են թույլ տալիս իրենց, որ ցույց են տալիս, որ բանակցային գործընթացն ինքնին վտանգի տակ է: Հայաստանն իր ԱԺ- ով նվազագույնը սա պետք է պահի իր օրակարգում՚:

Գայանե Մելիքյան

Դիտվել է 2269 անգամ:
Print Friendly

Leave a Reply