Հարկային տեսուչի ներկայությունը կոռուպցիոն ռիսկ է

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | May 26, 2009 16:06

Մայիսի 23-ին Կառավարության նիստում ներկայացված հարկային օրենսդրության նոր փաթեթը բողոքի մեծ ալիք է բարձրացրել: Ըստ Հարկերի մասին օրենքի նոր նախագծի՝ 4 մլրդ դրամից ավելի շրջանառություն ունեցող ձեռնարկություններում կառավարությունը կներդնի հարկային տեսուչներ, ովքեր անարգել կարող են հետևել ձեռանարկությունում կատարվող ցանկացած գործընթացի:

hrant-bagratyanՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, այսօր անդրադառնալով օրինագծի այն դրույթին, ըստ որի`նախատեսված փոփոխությունները չեն տարածվում ներմուծող ընկերությունների վրա, նշեց, որ «Հայաստանում ՀՆԱ-ի 40 տոկոսը ներմուծման արդյունք է, բայց օրենքը ոչ թե ներմուծողի վրա է տարածվում, այլ արտադրողի… բայց ու՞ր է Հայաստանում արտադրություն»:

Գործող վարչապետ Տիգրան Սարգսյանի խոսքերով`օրինագիծը, իհարկե, խոշոր բիզնեսի կողմից միանշանակ չի ընդունվի, սակայն այն թույլ կտա հեշտացնել հարաբերությունները հարկային մարմինների հետ:

«Հարկային մարմնի այն ներկայացուցիչները, ովքեր պետք է վերահսկեն խոշոր գործարարաների գործունեությունը, շատ հանգիստ կարող են նաև կաշառվել։ Արդյունքում՝ սպասվող արդյունքը կարող է չլինել»,-«7 oր»-ին տված հարցազրույցում ասել է «Հայաստանի քրիստոնեա դեմոկրատական միություն» կուսակցության ղեկավար Խոսրով Հարությունյանը:

Վարչապետի հակադարձմամբ` կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու համար հարկային ներկայացուցչի նկատմամբ կիրառվելու է ռոտացիոն համակարգ:

Ֆինանսների նախարարի խոսքերով` ամեն դեպքում «այս ինստիտուտը հնարավորություն է ընձեռում ավելի արդյունավետ հսկողություն իրականացնել հարկման առումով»:

Ըստ ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանի՝ կառավարությունը պատրաստ է ևս մեկ անգամ վերանայել պատգամավորների առաջարկները, և հուսով է, որ այս օրինագիծը կընդունվի երկրորդ ընթերցմամբ:

Դիտվել է 1834 անգամ:
Print Friendly

Leave a Reply