Մեկնարկեց ԱՊՀ եւ բալթյան երկրների թարգմանիչների եւ հրատարակիչների 4-րդ համաժողովը

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | October 27, 2010 13:38

Երեւանում այսօր պաշտոնապես մեկնարկեց ԱՊՀ եւ բալթյան երկրների թարգմանիչների եւ հրատարակիչների 4-րդ համաժողովը` «Թարգմանական գրականության տարածումն ու ֆինանսավորումը» խորագրով: Համաժողովին մասնակցելու համար Հայաստան են ժամանաել 22 երկրների 130 պատվիրակներ: Այն անցկացվում է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության հովանու ներքո, ԱՊՀ մասնակից պետությունների Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի մոսկովյան գրասենյակի աջակցությամբ:

ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ողջունելով համաժողովի մասնակիցներին, նշեց, որ սա լավ հարթակ է գրահրատարակչական նորություններին ծանոթանալու, համագործակցելու, նոր ծրագրեր իրականացնելու համար: «Ես կարող եմ վստահաբար ասել, որ արդեն ավանդական դարձած համաժողովը կայացած է:

Այդ մասին վկայում են այն աշխատանքները, որոնք իրականացվել են նախորդ համաժողովից հետո: Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի կողմից ֆինանսավորվել են բազմաթիվ ծրագրեր, գրքերի թարգամանություններ, որոնք այս համաժողովի ընթացքում ներկայացված են»,-ասաց Հ. Պողոսյանը: Հիմնադրամն իր գործունեությունն իրականացնում է` սերտ համագործակցելով ԱՊՀ երկրների Հումանիտար համագործակցության խորհրդի, միջազգային եւ տեղական կազմակերպությունների հետ: Հ. Պողոսյանի խոսքով, հիմնադրամն ունի հստակ գործողությունների ծրագիր, որի շրջանակներում էլ Երեւանում արդեն 4-րդ անգամ անցկացվում է համաժողովն ու ավանդական դարձած Գրքի միջազգային ցուցահանդեսը: Նախարարը նշեց, որ յուրաքանչյուր համաժողովից հետո զգալի աշխատանքներ են իրականացվում, արդեն ստեղծվել է ինտերնետային կայք, նախատեսվում է հիմնել թարգմանիչների միություն: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը ներկայացրեց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վիգեն Սարգսյանը:

Ուղերձում Սերժ Սարգսյանը ողջունում էր միջոցառման մասնակիցներին, նշելով, որ համաժողովն արդեն մի քանի տարի հաջողությամբ իրականացվում է: «Հատկանշնական է, որ այն անցկացվում է Հայաստանում, որն ունի հին թարգմանական ավանդույթներ: 2012թ-ին Հայաստանը նշելու է գրատպության 500-ամյակը, եւ Երեւանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշմամբ կդառնա Գրքի համաշխարհային մայրաքաղաք: Ողջունելի է, որ երեւանյան համաժողովը տարեցտարի ընդլայնում է իր սահմանները` նպաստելով թարգմանիչների եւ հրատարակիչների նոր կապերի հաստատմանը: Մասնակիցներին մաղթում եմ հետաքրքիր քննարկումներ, նոր ծրագրերի իրականացում, որոնք հնարավորություն կտան ծանոթանալ տարբեր ազգերի գրականությանը»,-ասված էր ուղերձում:

Հ. Պողոսյանը նշեց, որ Հայկական գրատպության 500-ամյակին, Երեւանը Գրքի համաշխարհային մայրաքաղաք դառնալուն ընդառաջ, անհարժեշտ է համագործակցել այլ երկրների մասնագետների հետ: Նա առաջարկեց այս համաժողովի շրջանակներում քննարկել այդ կարեւորագույն միջոցառումների հետ կապված հարցեր: Համաժողովի շրջանակներում կանցկացվեն կլոր սեղաններ «Միջազգային թարգմանական նախագծերի ֆինանսավորման համակարգի ստեղծումը», «Թարգմանիչների կայքը` որպես գրական վիրտուալ գործակալ, եւ հեղինակային իրավունքի խնդիրները համացանցում» ու այլ թեմաներով:

Կլոր սեղանների մասնակիցների ուշադրության կենտրոնում կլինի նաեւ «Գրքի աջակցության մասին դեկլարացիան», որը ստորագրվել է ԱՊՀ մի շարք երկրների կողմից ի նպաստ գրքի տարածմանն ու ընթերցանության խթանմանը: Հոկտեմբերի 29-ին մշակույթի նախարարությունում Հ. Պողոսյանին կհանձնվեն «Կուլտուրա» հեռուստաընկերության կողմից Հայաստանի, հայ մշակույթի ու արվեստի գործիչների մասին նկարահանված ֆիլմեր` Հայաստանում ցուցադրելու համար: Նշենք, որ համաժողովի մասնակիցները Հայաստանում են հոկտեմբերի 25-ից: Այդ օրը մեկնարկել է Գրքի միջազգային ցուցահանդեսը, որում ներկայացվել են շուրջ 50 հրատարակչությունների գրքեր ու պարբերական հրատարակություններ: Անցկացվել է մոտ 30 գրքի շնորհանդես: Մասնակիցներն արդեն եղել են Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ-Մատենադարանում, նախատեսվում է այցելություն Գառնի, Գեղարդ, Ծիծեռնակաբերդ, Էջմիածին, նաեւ հանրապետության մի շարք մարզեր: Նշենք, որ համաժողովը կտեւի մինչեւ հոկտեմբերի 29-ը:

Դիտվել է 1048 անգամ:
Print Friendly

Leave a Reply