Սեխի «կենսագրությունը»

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Շաբաթվա լուր | | October 31, 2010 9:04

Սեխն առաջինը եգիպտացիներն են օգտագործել: Հենց նրանք են անհիշելի ժամանակներից Նեղոսի հարթավայրերում սեխ մշակել: Հույներին ու հռոմեացիներին  ևս սեխը հին  ժամանակներից էր հայտնի,  իսկ Իտալիայում այն մեծ համարում ուներ: Պատմաբանները  վկայում են, որ Հռոմի կայսր Կլավդիուս Ալբինը միայն նախաճաշին ուտում էր 10 սեխ:

Սեխի հետ կապված շատ զավեշտներ կան: Դրանցից է, օրինակ, Ֆրանսիայի թագավոր Հենրիխ IV-ի հետ կապված պատմությունը. նա համարվում էր սեխի մեծ սիրահար: Մի անգամ` հերթական կերուխումից հետո, թագավորը հիվանդացավ: Պալատական բժիշկը  որոշեց, որ պատճառը սեխն է: Անհապաղ հրավիրվեցին բարձրաստիճան անձինք ու սեխի դեմ… գործ հարուցեցին: Որոշվեց, որ սեխը հանցավոր է, քանի որ    վիրավորանք է հասցրել ձերդ պայծառափայլությանը,  ուստի այն պետք է դատապարտվի   հանրային անեծքի: Այդպես Ֆրանսիայում սեխը ժամանակավորապես հանվեց մարդկանց կերակրացանկից:

Արաբները վստահեցնում են, որ սեխը երկիր է հասցրել դրախտային հրեշտակներից մեկը՝  մեծագույն մեղք գործելով Աստծո առջև, ինչի պատճառով վտարվել է դրախտից: Սեխն այն  հնագույն բանջարեղենն է, որ հայտնաբերվել է խազարական Սարքել քաղաքի ավերակներում իսկ  Թութանհամոնի դամբարանում հայտնաբերվել են վարունգի ու սեխի սերմեր: Արևելքում համոզված էին, որ սեխի կեղևի ճաքերը հին խորհրդանիշ-գրեր են, որոնք`  որպես  ճակատագրի նախագուշակ, աստված ուղարկում է մարդկությանը: Չէ՞ որ այդ ճաքերը երբեք  չեն կրկնվում, ու այդ փաստը բորբոքում էր սնոտիապաշտների երևակայությունը:

Պետրոս I-ի հայրը՝ Ալեքսեյ Միխայլովիչը, շատ էր ուզում Մոսկվայի մատույցներում սեխ աճեցնել ու դրա համար մշակող վարպետներ էր հրավիրել: Այդ վարպետների համար խոնավաչափի դեր էր կատարում սեփական թիկունքը: Ամեն առավոտ նրանք, մեկ շապիկ հագած, երկուսը` թևատակին ներկայանում էին «աշխատանքի»: Եթե  այն տարածքը, որտեղ աճեցվում էր սեխը,  թիկունքը խոնավանում էր ու շապիկն էլ կպչում  թիկունքին՝  ծածկում էին սեխերն ու հագնում երկրորդ շապիկը, իսկ եթե դրանից հետո էլ էր սառնություն զգացվում,  հագնում էին երրորդ շապիկն ու  էլի փաթաթում սեխերը, այսինքն, ջերմոցային  ներկայիս  պայմանները ստեղծվում էին կենդանի խոնավաչափերով: Այսպես էլ, հագնվելով ու հանվելով, աճում էին այդ հրաշալի բանջարանոցային  բույսերը՝ գոհունակություն պատճառելով թագավորին: Իսկ Պետրոս I-ի ժամանակ արդեն ջերմոցներում մշակում էին քաղցրահամ ու խոշոր սեխեր, որոնք օտարների հիացմունքին էին արժանանում:

Խաչակիր-վանականները Հռոմի պապին նվիրեցին հայկական սեխի սերմեր, որից ստացան նարնջագույն ու զանգվածեղ սեխ-կանտալուկան. այս տեսակն է այսօր լայն տարածում գտել Եվրոպայում: Ամերիկայում մշակում են սեխի քաղցր մանր տեսակը՝ ռոքի-ֆորդը, որի չափը  հնարավորություն է տալիս ուտել միանգամից տասնյակ պտուղներ, ինչպես մանդարինն ու նարինջը:

Արևելքում ասում են, որ սեխը փայլեցնում է մազերը, երիտասարդացնում աչքերը, շուրթերը դրաձնում թարմ, ցանկությունները՝ ուժգին, հնարավորությունները՝   գործողության վերաճող, տղամարդկանց՝ ցանկալի, կանանց՝ չքնաղ:

Սեխը, ի տարբերություն  ձմերուկի, հասունանում է նաև պահպանման ժամանակ: Իսկ թոշնած կամ էլ չորացրած սեխի որակները լրիվ պահպանվում են ու թարմին չեն զիջում:

Ինչպե՞ս ընտրել սեխը

Գոյություն ունեն սեխ ընտրելու մի քանի հնարքներ: Լավ սեխի կոթունը սովորաբար հաստ է լինում: Սեխի հասունությունը որոշելու համար պետք է սեղմել կոթունի հակառակ կողմի կեղևը, չհասունացած պտղի կեղևը պինդ է, իսկ հասուն սեխինը՝ ավելի փափուկ: Ընտրեք գնդաձև  ու հարթ կեղև ունեցող պտուղ:

Սեխն օգտակար է

Սակավարյունության, հոդատապի, ավազաքարային, սիրտ-անոթային  համակարգի, աղիքային, լյարդի  հիվանդությունների դեպքում, հագեցնում է ծարավը, հանգստացնող ազդեցություն է ունենում նյարդային համակարգի վրա, նպաստում   օրգանիզմից խոլեստերինի հեռացմանը, օժտված է միզամուղ ու լեղամուղ հատկություններով:

Բուժման նախօրեին պետք է  սնվել միայն բանջարեղենով (ցանկալի է`  ջերմային մշակման ենթարկված), արգելվում է մսի ու կաթնամթերքի օգտագործումը: Բուժման օրը պետք է յուրաքանչյուր 1,5-2 ժամը մեկ ուտել 200-250 գ սեխ: Եթե սեխի սեզոնը համընկել է վարակիչ հիվանդությունների  հետ, ապա խորհուրդ է տրվում  սննդացանկում օգտագործել նաև սեխ:

Սեխի սերմերը դեն մի նետեք, այլ չորացրեք, աղացեք և ալյուրի տեսքով չորացրեք. դեռ Ավիցենան է  առաջարկել  ջրծաղիկ հիվանդության հետևանքով առաջացած սպիները մշակել սերմերի եփուկով:

Սեխի սերմերի պատրաստուկը հրաշալի միջոց է իմպոտենցիայի դեմ: Չորացրած ու աղացած սերմերը ուտել օրական 3-4 անգամ՝ մեկ թեյի գդալ, մինչև սննդի ընդունումը: Պարտադիր պետք է ուտել քաղցած փորին, առավոտյան և գիշերը:

Սեխի միջուկի եփուկը օգտագործվում է կոսմետիկայում  պեպենների,  պիգմենտային հետքերի ու կորյակների  վերացման նպատակով:

Սեխի մեջ առկա E վիտամինը ընտանեկան հարաբերությունների  կարգավորման հրաշալի «միջնորդ» է: Ֆրանսիացիներն ասում են, որ կյանքի աշնանը, երբ   զույգերի զգացմունքները նմանվում են մարմրող կրակի,  սեխն անհրաժեշտ է ու անփոխարինելի  չոր փայտի նմանվող փոխհարաբերությունները  կրկին բորբոքելու ու  ջերմացնելու համար»:

Սեխով դիմակ

Սա հնագույն միջոց է, որը վերացնում է  պիգմենտային հետքերն ու կորյակները:

Դրա համար անհրաժեշտ է դեմքը լվանալ տաք ջրով, ու քերած սեխի բարակ շերտով պատել, հանգիստ պառկել, տրվել կյանքի հաճելի հիշողություններին: 10-15 րոպե հետո դեմքը լվանալ, չորացնել թղթե անձեռոցներով ու քսել ցանկացած  սնուցող քսուք: Մաշկը կդառնա փափուկ ու առաձգական:

Սեխի կեղևը կարելի է չորացնել ու օգտագործել մսի եփն արագացնելու և մսով պատրաստված կերակուրների համն ու նրբությունն ընդգծելու համար:

Դիտվել է 5220 անգամ:
Print Friendly

Leave a Reply