Քաղցրակերությունը` գիրության ու շաքարախտի պատճառ
ԱՌՈՂՋԱԿԱՆ, Շաբաթվա լուր | ankakh | հոկտեմբերի 27, 2010 14:30
Մեր ժամանակներում շատ մարդիկ են տառապում գիրությամբ ու շաքարախտով: Գիտնականները հակված են կարծելու, որ պատճառը քաղցրակերությունն է, ինչը հաճախ մենք չենք գիտակցում: Բոլոր կամ գրեթե բոլոր երեխաներն են սիրում քաղցր ու հաճախ նորմալ սննդի փոխարեն գերադասում են պաղպաղակն ու շոկոլադը: Իսկ երբեմն էլ, ծնողների հետ հայտնվելով խանութում, զանազան մանկական հնարքներ են բանեցնում բաղձալի քաղցրավենիքն ուտելու քմահաճությունը բավարարելու համար:
Մեծահասակները, իհարկե, բարկանում են, բայց քաղցրակերն առանց քաղցր մթերքի յոլա չի գնում: Բացի այդ, շաքար պարունակող նյութերը հանգստացնող ազդեցություն ունեն նյարդային համակարգի վրա: Չկա մարդ, որ գեթ մի անգամ նյարդային, սթրեսային վիճակը հանգստացնելու համար կոնֆետ կերած չլինի: Իսկ երեխայի կյանքը համատարած սթրես է. ամեն օր նոր տպավորություններ ու զգացողություններ, վիճաբանություններ հասակակիցների, դաստիարակների ու դասատուների հետ: Ուրեմն զարմանալի չէ, որ ձեր «հրաշքն» այդ ամենն ուտելու ցանկություն միշտ ունի:
Բայց մանկական տարիքում սնունդը կարգավորում են մեծերը, իսկ ի՞նչ անել, երբ հասունանում ես: Ներկայումս կյանքի արագացված ընթացքը մեզ բազում հուզումներ է պատճառում. դրանք մեզ ուղեկցում են և՛ տանը, և՛ աշխատավայրում, հանգեցնում մի վիճակի, որ մարդը նյարդայնությունը մեղմելու միջոցներ է փնտրում: Բոլորը գերազանց գիտեն խմիչքի, ծխելու, թմրանյութերի վնասակար հետևանքների մասին: Այդ խորապատկերում քաղցրն անմեղ, անվնաս է թվում. մենք, աշխատանքից վերադառնալով, թեյ կամ սուրճ ենք խմում մի կտոր թխվածքով ու դրա մեջ ոչ մի վատ բան չենք տեսնում, չենք էլ նկատում, թե ինչպես է այդ հաճույքը վերածվում սովորության:
Արևմուտքի բժիշկներն ահազանգում են` վերջին 10 տարում արևմուտքում քաղցրի օգտագործման ծավալները մեծացել են. Գերմանիայում միջին
բնակիչը տարեկան ուտում է մոտ 34 կգ շաքար, Շվեյցարիայում` 42 կգ, իսկ ԱՄՆ–ում` 78 կգ: Այսօր շաքար կա գրեթե բոլոր սննդամթերքներում: Դրանից ավելանում է մարդու քաշը, աճում է դիաբետով հիվանդների քանակը, և երեխաները բացառություն չեն:
Շաքարախտով հիվանդանալու հավանականությունը նվազեցնելու համար խորհուրդ է տրվում.
– Նվազեցրեք շաքարի պարունակությունը երեխայի օրաբաժնում; Սովորեցրեք ստացած քաղցրավենիքը տալ մեծահասակին` քիչ-քիչ ուտելու համար: Թաքցրեք քաղցրը երեխային անմատչելի տեղում ու փոքր չափաբաժիններով տվեք: Լավ կլինի, որ երեխան քաղցր ամեն օր չուտի:
– Փորձեք թեյը, կոմպոտն ու սուրճը խմել առանց քաղցրի, երեխաներին նույնպես վարժեցրեք դրան: Ոմանք թեյի մեջ օգտագործում են շաքարի փոխարինիչներ, մինչդեռ դրանք էլ ոչ բոլորին են թույլատրելի:
– Իսկ եթե շատ եք ուզում քաղցր ուտել, կերեք այնպիսի մրգեր, որոնք շաքարի ոչ մեծ քանակ են պարունակում: Դրանցից հաստատ քաղցրի պահանջը կբավարարվի ու կոնֆետ չեք փնտրի:
– Սովորեք «հյուրի համար» քաղցր չպահեստավորել: Այն համտեսելու գայթակղությունը կարող է անհաղթահարելի լինել: Քաղցրավենիք ու թխվածք գնեք միայն հյուրերի այցելության նախօրեին: Իսկ թեյի հետ նախընտրելի են չորակները. դրանց մեջ շաքարի պարունակությունը չնչին է:
-Սթրեսը մի տուփ շոկոլադով խեղդելու փոխարեն հանգստացնող թեյեր եփեք: Արդյունքը միանման կլինի, սակայն հետևանքներից` զերծ:





Facebook
Tweet This