Դոնի հայ գաղութը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Շաբաթվա լուր | | November 9, 2010 9:30

Հայերը Դոնում հաստատվել են XVIII դարի երկրորդ կեսին: Ռուս-թուրքական պատերազմի ժամանակ, ցանկանալով թուլացնել Ղրիմի խանությունը, ռուսաց կայսրուհի Եկատերինա Մեծը կազմակերպեց ղրիմահայերի գաղթը դեպի Ռուսաստանի կողմից նոր յուրացվող այս շրջանները: Արդեն 1779 թ. Եկատերինայի հրամանով հիմնվում է Նոր Նախիջևան քաղաքը: Թվով12600 հայեր այդ ժամանակներից հաստատվում են Դոնի ափին, և Նոր Նախիջևանը դառնում է ռուսահայության կենտրոնը: Ռուսական կառավարությունը ամեն ինչ արեց, որ հայ բնակչությունը հաստատվի Դոնի ափերին. մասնավորապես, կայսրուհու հրամանով  հայերը 10 տարով ազատվեցին ամեն տեսակի հարկերից, կառավարությունը յուրաքանչյուր հայի հատկացրեց 30 դեսյատին բարեբեր հող, հայ  համայնքն ուներ ներքին լայն ինքնավարություն, համայնքային կյանքը կարգավորվում էր Հայկական մագիստրատի միջոցով: Կարճ ժամանակ անց հայերը Դոնում տնտեսական աշխուժություն մտցրին.  Նրանք գործարաններ ու ֆաբրիկաներ բացեցին. մշակում էին հիմնականում բուրդ, ճարպ, ձկնկիթ, արտադրանքն արտահանում էին արտասահման և ռուսական այլ քաղաքներ: Կառուցեցին եկեղեցիներ, դպրոցներ բացեցին…

Գործում էին Թեմական դպրոցը, Սբ. Խաչի ժառանգավորաց դպրոցը, Արհեստագործական դպրոցը, Գոգոյան դպրոցը: Տպագրվում էին «Նոր խոսք», «Նոր կյանք», «Մեր ձայնը», «Լույս», «Գաղութ» հայկական պարբերականները:

Նոր Նախիջևանի պատմության հետ են կապված այնպիսի նշանավոր անուններ, ինչպիսիք են Հովսեփ Արղությանը, Սերոբվե Պատկանյանը, Հարություն Ալամդարյանը, Գրիգոր Պատկանյանը, Ռափայել Պատկանյանը, Միքայել Նալբանդյանը, Ալեքսանդր Մյասնիկյանը, Սարգիս Լուկաշինը, Մարտիրոս Սարյանը, մեր օրերում` Վարդերես Սամուրղաշևը և այլք:

Իսկ ի՞նչ է իրենից ներկայացնում Դոնի հայ համայնքն այսօր:

Դոնի ափին հավաքված է աշխարհասփյուռ հայության մի ստվար հատվածը` ավելի քան կես միլիոն հայ: Հավաքված են, բայց համախմբված չեն:

Դոնի հայությունը պայմանականորեն կարելի է բաժանել չորս խմբի:

Տեղաբնակներ (հնաբնակներ):

Միքայել Նալբանդյան

Սրանք կազմում են Դոնի հայության ստվար հատվածը, տեղակայված են Ռոստովում, շրջակա հայկական գյուղերում` Չալդր, Մեծ Սալի,Սալի, Լենինավան, Լենինական…

Այս գյուղերի հայությունը չնայած ռուսական կյանքին լրիվ ինտեգրմանը, ապրում են ինքնուրույն, փոքր ինչ առանձնացած համայնքային կյանքով: Չալդրում գործում են հայկական դպրոց, եկեղեցի, հեռուստաժամ: Խոսում են հիմնականում ռուսերեն, երբեմն` հայերենի տեղական` անհասկանալի բարբառով: Իրենց հայ են համարում և ազգային ինքնագիտակցության հետ կենցաղում ունեն ազգային կյանքին, մենթալիտետին առնչվող տարրեր:

Չալդրի հայությունը ողջ մարզում հայտնի է որպես գործունյա, խորամանկ, աշխատասեր… Տեղացիներն իրավամբ Չալդրը համարում են Դոնի հայության մայրաքաղաքը: Այնքան մեծ է Չալդրի նշանակությունը Դոնի կյանքում, որ անգամ անեկդոտ կա. ռուսին հարցնում են, թե որտեղ է գտնվում Ռոստովը, պատասխանում է` Չալդրի մոտ….

Իսկ մյուս գյուղերի հայությունը էականորեն չի տարբերվում Չալդրի հայությունից:

Այլ է ռոստովահայության պարագան: Նրանք այնպես են ձուլվել ռուսական կյանքին ու կենցաղին, որ դժվար է որևէ կերպ զանազանել ռուսից: Նոր Նախիջևանը, որ այժմ Ռոստովի Պրոլետարսկի շրջանի մասն է կազմում, ամբողջովին ձուլվել է քաղաքին և, փաստորեն, այսօր Ռոստովում չկա զուտ հայկական թաղամաս: Իսկ այժմյան Նախիջևան թաղամասը Ռոստովի մշակութային կենտրոնն է` այստեղ են կենտրոնացած քաղաքի մշակութային օջախները:

Ռոստովահայությունը կորցրել է իր ազգային կերպարը: Նրանք մեծ մասամբ խուսափում են խոսել իրենց ծագման և հայկական արմատների մասին, ավելին՝ վախենում և ամաչում են: Անթաքույց ճնշումն իշխանությունների կողմից տասնամյակների ընթացքում արել է իր գործը:

Տեղի արդեն ռուսացած հայությունը խառնամուսնությունների և ռուսական կենցաղի յուրացման  հետևանքով կորցրել է հայոց լեզուն և ինքնագիտակցությունը: Այսօր քաղաքում չկա գեթ մեկ հայկական դպրոց, հայկական ակումբ, հայապահպանման օջախ…   Փաստորեն, տեղի հայության ճնշող մեծամասնությունը ռուսացել է և անվերադարձ կորել հայրենիքի համար:

Հայաստանից արտագաղթածները

 

Երկրորդ մեծ խումբը Հայաստանից արտագաղթած հայությունն է: Սրանց պայմանականորեն պիտի բաժանել երկու մասի. հնաբնակներ, որոնք ավելի քան տասնհինգ տարի է` հաստատվել են այստեղ և ՌԴ քաղաքացիություն ունեն, արդեն յուրացրել են տեղի բարքերը, և նոր, ժամանակավոր գաղթածներ, որոնք Դոնում հաստատվել են հիմնականում արտագնա աշխատանք որոնելու նպատակով: Այս խմբի մի  մեծ հատվածն ինչ-ինչ ճանապարհով քաղաքացիություն է ձեռք բերել և հայրենիք չի վերադառնում:

Եթե Ռոստովի (Նախիջևան) հայությունը ապրում է մեկուսի կյանքով ու կենցաղով, Հայաստանի հայությանը դիտում են որպես օտարի,  ապա վերջիններս ամենահամախմբված զանգվածն են և  պահպանում են հայության բոլոր մշակութային ավանդույթները: Խոսքը վերաբերում է հատկապես ժամանակավոր բնակություն հաստատած հայությանը, որոնց կապը հայրենիքի հետ ավելի սերտ է: Դեռևս ԽՍՀՄ-ի օրոք այստեղ հաստատված հայությունը, ճիշտ է, պահպանում է հայկական կենսակերպը, կենցաղը, լեզուն, սովորությունները, բայց հիմնականում այնքան է ընդունել տեղական բարքերը, որ արդեն ձուլման վտանգի տակ է: Շատ ընտանիքներում հայերենը դուրս է մղվել խոսակցականից, մինչև իսկ երբեմն ամաչում են խոստովանել, որ հայ են: Քաղքենիությունը տիրել է շատերին ու պապից ավելի կաթոլիկ երևալու ձգտումը նրանց ծայրահեղությունների գիրկն է նետում: Ցավոք, հաճախ ես նման դեպքերի ականատեսը լինում:

Վիրահայությունը

 

Մարտիրոս Սարյան

Երրորդ մեծ խումբը վիրահայությունն է: Այս խումբը ներփակված է և հայոց լեզվի, մշակույթի, սովորությունների կրող է: Բավական հոծ է վիրահայերի զանգվածը Դոնում: Հիմնականում զբաղված են առևտրով և ձեռներեցությամբ:

Ադրբեջանից բռնագաղթածները

 

Այս զանգվածը նույնպես կարելի է բաժանել երկու խմբի. Արցախից և Ադրբեջանի հայաբնակ շրջաններից գաղթածները հայկական գիտակցություն ունեն և հայեցի կենցաղով են ապրում, իսկ Բաքվից և այլ մեծ քաղաքներից գաղթածները հիմնականում ռուսացել են: Դեռ ԽՍՀՄ տարիներին Բաքվի հայությունը հիմնականում ռուսախոս էր, և ռուսական միջավայրում նրանց ձուլումը ուղղակի ժամանակի հարց է:

ՀԱՄԱՅՆՔԻ  ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ և ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ  ԿՅԱՆՔԸ

Դոնի հայության մշակութային կյանքը հարուստ չէ: Կարելի է մատների վրա թվարկել այն միջոցառումները, որոնք կազմակերպվում են տարվա ընթացքում: Բացի եկեղեցական տոներից, որոնց գլխավոր դերակատարը Սբ. Խաչ եկեղեցին է իր հոգաբարձուների խորհրդով, այստեղ կազմակերպվում են հայկական երեկոներ, որոնք  առանձնապես չեն տարբերվում սովորական դիսկոտեկներից: Նման դիսկոտեկներից մեկի ժամանակ էլ ընտրեցին Դոնի հայ գեղեցկուհուն: Անցյալ տարի նշվեց Նախիջևանի հիմնադրման 230 -ամյակը:

Այս ցուցակում չեմ նշում Երևանից ժամանած առանձին խմբերի և արտիստների ելույթները, քանզի դրանք զուտ  առևտրային նպատակներ են հետապնդում և տոմսերի գները շատ անգամ գերազանցում են անգամ եվրոպական ճանաչված համույթների տոմսերի գներին:

Հայկական դիսկոտեկները ռուսականից տարբերվում են լոկ հայկական երաժշտությամբ և բարձր գներով: Համայնքի ղեկավարության համար Ռոստովում մշակութային միջոցառում կազմակերպելը սոսկ բիզնեսի ձև է: Անցյալ տարվա սեպտեմբերի 20-ի միջոցառումը` նվիրված Նախիջևանի հիմնադրման 230-ամյակին, դրա վառ օրինակն էր:

Նախ` միջոցառման ընթացքում վերից վար կարմիր թելի պես ընդգծված քծնանք էր զգացվում ռուս ժողովրդի ու ղեկավարության հասցեին: Քծնանքն ու շողոքորթությունը մատուցվում էր կոչերի, ծափահարությունների, մաղթանքների ձևով: Միջոցառման ընթացքում հայկական խոսք գրեթե չհնչեց: Ավելի շատ ռուսական ֆոլկլոր էր հնչում, քան հայկական երգ: Հայկական քոչարու և մյուս հայկական պարերի հնչյունների տակ  բոլորն աշխուժանում էին, անգամ ռուսներն էին պարում, իսկ ռուսական ֆոլկլորի ժամանակ ամբոխը թաղման թափոր էր հիշեցնում:

Զավեշտն ու քծնանքն այն աստիճանի էր, որ անգամ մեկ հայկական դրոշ չկար, չեղավ գեթ մեկ հիշատակություն անկախության օրվա մասին, անգամ` գլխավոր հյուպատոսի խոսքում:

Հրապարակում մատուցվող հայկական ուտեստների` խորովածի, քյաբաբի գները գերազանցում էին ռեստորանային գները: Մածունի, «Ջերմուկի» գները 40-50%-ով գերազանցում էին խանութների գները:

Զավեշտ, զավեշտ…

Ապրիլի 24-յան միջոցառում Դոնի Ռոստովում

Չէր երևում հայկական թերթը: Այն կոչվում է «Դոնի Նախիջևան», իրականում այն ավելի շատ թերթի ծաղր է հիշեցնում քան թերթ: Դրա էջերում հայեցի ու հայաշունչ ոչինչ չկա: Երբ մի անգամ խմբագրությունում առաջարկեցի ավելացնել հայատառ էջերի քանակը, մյուս սենյակից ուղղակի բղավելով ներս մտավ հայ համայնքի ղեկավարներից մեկը.«Ձեզ ինչո՞ւ է թվում, թե դուք` հայաստանցի հայերդ, ավելի հայրենասեր եք, քան մենք` տեղաբնակներս…»: «Որովհետև մենք-ի և դուք-ի խնդիրը միայն դուք եք դնում», – պատասխանեցի ես:

Հետագայում էլ լսեցի մի տհաճ միջադեպի մասին. Սբ. Խաչ եկեղեցին մատաղի արարողություն էր կազմակերպել Խաչվերաց տոնին: Գնել էին տասներեք գառ, մատաղ արել, բաժանում էին հայությանը, իսկ համայնքի ղեկավարներից մեկը` մի բիզնեսմեն, հրաժարվել էր «Ջերմուկն» անվճար տրամադրել և եկեղեցուց պահանջել էր…4000 ռուբլի:

Անգամ եկեղեցու համար անհնարին է որևէ հայաստանյան պարբերական ձեռք բերել. Սբ. Խաչը չի ստանում նույնիսկ Մայր աթոռի «Էջմիածինը»: Եկեղեցու հայապահպան դերը տվյալ պարագայում սահմանափակվում է միայն եկեղեցական տոներով:

Առհասարակ համայնքի ղեկավարության ազդեցությունն աննշան է, ըստ էության` զրոյական: Ավելի ազդեցիկ են հայկական քրեական խմբավորումները, որոնք ողջ Ռուսաստանի հարավը պահում են իրենց ազդեցության ոլորտում:  Ընդ որում, նրանց ծառայությունները դրվատում են ոչ միայն տեղի հայերը. միայն այս խմբավորումների շնորհիվ է, որ Ռուսաստանի ֆաշիստ սափրագլուխները չեն համարձակվում Ռոստով մտնել:

Ես առիթ ունեցա շփվելու նաև Ռոստովի մարզի մյուս քաղաքների հայ համայնքի ղեկավարների հետ: Կապանից 1980-ականներին է գաղթել տիկին Օֆելյան: Ընդունեց գրկաբաց, գրանցեց, խոստացավ օգնել աշխատանքի հարցում, հրավիրել տարբեր մշակութային միջոցառումների ու զանգահարեց ութ ամիս անց.

– Ինչպե՞ս ես, աշխատո՞ւմ ես:

– Աշխատում եմ:

– Հա, բայց ինչո՞ւ չես անդամավճար մուծում:

Տեղի հայության ներկայացուցիչների պատմելով` անդամավճարները մտնում են համայնքի ղեկավարության գրպանը (յուրաքանչյուր հայ, ով գրանցված է տվյալ համայնքում, պարտավոր է ամսական 50 ռուբլի վճարել) և ծառայում են նրանց բիզնեսի բարգավաճմանը: Իսկ հայ համայնքն իր գոյության մասին հիշեցնում է միայն այն ժամանակ,երբ որևէ ազդեցիկ մի ռուսի մահվան ժամանակ համայնքի կողմից ծաղկեպսակ է դրվում նրա շիրիմին:

Վահե ԱՆԹԱՆԵՍՅԱՆ

Դիտվել է 5147 անգամ:
Print Friendly

(2)

    Leave a Reply