Հայ գործարարները կվերապատրաստվեն Ֆինլանդիայում
ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | October 27, 2010 12:13
Հայ գործարարներն այսուհետ հնարավորություն կունենան գործակցելու ֆիննական կազմակերպությունների հետ եւ գործընկերներ գտնելու Ֆինլանդայում` այդ երկրի «MDC» կազմակերպության, «Ֆինլանդիայի մարկետինգի ասոցիացիայի» եւ «Մարկետինգի հայկական ասոցիացիայի» համագործակցության ծրագրի շրջանակներում: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեց «Մարկետինգի հայկական ասոցիացիայի նախագահ Արամ Նավասարդյանը, Ֆինլանդիան մինչ այժմ ԱՊՀ երկրներից համագործակցել է միայն Ռուսաստանի հետ: «Սա մեծ հաջողություն է, որին կարողացանք հասնել: Մենք այժմ նրանց բացառիկ ներկայացուցիչն ենք Հայաստանում»,-ասաց Ա. Նավասարդյանը:
Այս համագործակցության արդյունքում տարեկան վեց խումբ, որոնց մեջ կընդգրկվեն որոշակի ոլորտներ ներկայացնող մասնագետներ, կմեկնեն Ֆինլանդիա, որտեղ կմասնակցեն հատուկ դասընթացների, կհանդիպեն հնարավոր գործընկերների հետ: «Այս ծրագիրը հնարավորություն կտա համագործակցելու, զարգացնելու բիզնեսը եւ շուկայում ավելի մրցունակ դառնալու»,-նշեց Ա. Նավասարդյանը: Ծրագրի շրջանակներում մոտ 20 հոգուց բաղկացած առաջին խումբը Ֆինլանդիա կմեկնի դեկտեմբերին, որում հիմնականում կներգրավվեն բանկային համակարգի, վարկային կազմակերպությունների, ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչներ:






Facebook
Tweet This
Email This Post
