Դպրոցի գործադիր տնօրենը յուրացրել է դասագրքերի դիմաց հավաքած գումարը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | October 27, 2010 10:54

Ոստիկանության` Շիրակի մարզի քննչական բաժնում ավարտվել է Շիրակի մարզի Հովունի գյուղի միջնակարգ դպրոցի գործադիր տնօրենի կողմից յուրացում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:  Քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ  հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է  մեղադրական եզրակացությունը:

Կատարված նախաքննությամբ պարզվել է, որ   Ա. Հարությունյանը  2008թ. հոկտեմբեր ամսից  մինչեւ  2009թ. դեկտեմբերի 7-ն ընկած ժամանակահատվածում աշխատել է որպես Հովունի գյուղի միջնակարգ դպրոցի գործադիր տնօրեն: 2008-2009 եւ 2009-2010թթ. ուսումնական տարիների ընթացքում «ՀՀ ԿԳՆ ԾԻԳ պետական հիմնարկի դասագրքերի շրջանառու հիմնադրամ»-ի կողմից  դպրոցին հատկացված  դասագրքերի   դիմաց աշակերտներից  հավաքված գումարներից  համապատասխանաբար ստացել է 190 000 եւ 270 000 դրամ գումար: Ըստ նախաքննության` գումարները գործադիր տնօրենը չի մուտքագրել հիշյալ հիմնադրամի  հաշվին եւ յուրացրել է:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա Ա. Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ, հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 4-րդ կետերով: Քրեական գործն ուղարկվել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան`  ըստ էության քննելու:

Դիտվել է 907 անգամ:
Print Friendly

Leave a Reply