2011թ.-ի հունվարի 1-ից Հայաստանում նվազագույն ամսական աշխատավարձի չափը նախատեսվում է սահմանել 32 500 դրամ

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | October 26, 2010 17:14

Հոկտեմբերի 26-ին Ազգային ժողովը 79 ՙկողմ՚, 13 ՙդեմ՚ և 1 ՙձեռնպահ՚ ձայներով առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության հեղինակած օրենսդրական փաթեթը, որով փոփոխություններ և լրացում է նախատեսվում ՙՆվազագույն ամսական աշխատավարձի մասին՚ և ՙԵկամտահարկի մասին՚ օրենքներում:

Ըստ այդմ, 2011թ.-ի հունվարի 1-ից նախատեսվում է Հայաստանում նվազագույն ամսական աշխատավարձի չափը սահմանել 32 500 դրամ` ներկայումս գործող 30 հազար դրամի փոխարեն: Համախառն եկամտից անձնական նվազեցման չափը կհավասարվի նվազագույն ամսական աշխատավարձի օրենքով սահմանված չափին: ՙՆվազագույն ամսական աշխատավարձի մասին՚ օրենքում նաև վերանայվում են գործավճարով և ժամավճարով վարձատրվող աշխատակիցների համար ժամային տարիֆային դրույքի նվազագույն չափերը:

Կառավարության հիմնավորմամբ, 32 500 դրամի չափով նվազագույն ամսական աշխատավարձի
հիշյալ չափը սահմանվում է ՀՀ կառավարության 2010 թվականի հուլիսի 8-ի ՙՀայաստանի Հանրապետության 2009-2011 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը հաստատելու մասին՚ որոշման համաձայն:

Նախագծի ընդդիմախոսները` ՀՅԴ պատգամավորները ՙդեմ՚ քվեարկեցին, իսկ ՙԺառանգություն՚-ը քվեարկությանը չմասնակցեց: Մինչև քվեարկությունը ՙԺառանգության՚ անունից Արմեն Մարտիրոսյանը և խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանն իրենց որոշումը պայմանավորեցին նրանով, որ նվազագույն աշխատավարձի չափի կառավարության առաջարկած ավելացումը շատ քիչ է, քանի որ ներկայումս նվազագույն սպառողական զամբյուղը գնահատվում է 42 հազար դրամի շրջանակներում: Բացի այդ, շրջանառության մեջ է խմբակցության նախագիծը, որով առաջարկվում է նվազագույն աշխատավարձի չափը սահմանել 45 հազար դրամ:

ՀՅԴ-ի ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանի հիմնավորմամբ, խմբակցությունը, ՙամենևին դեմ չլինելով աշխատավարձի որևէ բարձրացման՚, դեմ է քվեարկելու նախագծին, քանի որ այն չի համապատասխանում ո’չ հիմնարար փաստաթղթերին, ո’չ էլ ՀՀ կառավարության
2008թ.-ին հաստատած կայուն զարգացման ծրագրին ու ռազմավարությանը:

Գայանե Մելիքյան

Դիտվել է 2081 անգամ:
Print Friendly

Leave a Reply