«Գրքի բերքահավաք»` Երևանում

ՄՇԱԿՈՒՅԹ, Շաբաթվա լուր | | October 26, 2010 13:21

ԱՊՀ և Բալթյան երկրների գրահրատարակիչները և թարգմանիչները չորս օրով Հայաստանում են` քննարկելու թարգմանական գրականության հիմնախնդիրները, զարգացման հեռանկարները և ուղիները:

Հոկտեմբերի 25-28-ը Երևանում անցկացվում է  ԱՊՀ և Բալթյան երկրների թարգմանիչների և հրատարակիչների 4-րդ համաժողովը, որն այս տարի  կրում է «Թարգմանական գրականության տարածումն ու ֆինանսավորումը»  խորագիրը:

Երևանյան համաժողովին մասնակցում է շուրջ 130 պատվիրակ 22 երկրներից` Հայաստան, Բելառուս, Ղազախստան, Ղրղզստան, Մոլդովա, Ռուսաստան, Տաջիկստան, Ուզբեկստան, Ուկրաինա, Լատվիա, ինչպես նաև` Բելգիա, Բուլղարիա և մի շարք այլ երկրներ:

Համաժողովի շրջանակներում Առնո Բաբաջանյան համերգասրահում տեղի է ունենում գրքի ցուցահանդես, որտեղ հրատարակիչները ներկայացնում են վերջին տարվա ընթացքում հրատարակած թարգմանական գրականությունը:

Ցուցահանդեսի մասնակիցներից է նաև ուկրաինական «Ռադուգա» հրատարակչությունը և համանուն ամսագիրը: Ամսագրի գլխավոր խմբագիր  Յուրի Կովալսկին  նշում է, որ նմանատիպ ցահանդեսները շատ կարևոր են հրատարակչական գործում, քանի որ հնարավորություն է ընձեռվում ձեռք բերել  նոր կապեր այլ երկրների հրատարակիչների հետ: «Այժմ հրատարակիչների համար դժվար ժամանակաշրջան է, քանի որ գրքերն էլ առաջվա պես լավ չեն վաճառվում: Նման ցուցահանդեսները  հանրայնացնում են գիրքը և հրատարակչական գործը` նպաստելով գրքի վաճառքին»,- ասում է Կովալսկին:

Նա նաև ասում է, որ համաժողովը հնարավորություն է ընձեռել ծանոթանալու հայ գրողների և հրատարակիչների հետ. «Այժմ բանակցում ենք,  որ մեր ամսագրի էջերում տպագրենք հայ գրողների թարգմանական աշխատանքները: Այսպիսով ամսագիրն ավելի հետաքրքիր կդառնա, մեր ընթերցողին կծանոթացնենք հայ ժամակակից գրական մտքի հետ»:

Հայաստանի գրողների միության նախագահ Լևոն Անանյանը գրքի ցուցահանդեը բանաձևում է որպես «գրքի բերքահավաք»: Անանյանը նշում է, որ ներկայացված են ժամանակակից հայ գրականության արժեքները տարբեր լեզուներով` հավելելով, որ «Լավ գիրքով մի ողջ սերունդ է կրթվում, իսկ վատ գիրքը ընթերցողի ճաշակն է փչացնում»: Գրողների միության նախագահը հատկապես կարևորում է թարգմանական գրականության բանկի ստեղծման նախաձեռնությունը, որը Հայաստանում իրականացնում են Գրողների միությունը և Վալերի Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանը: «Ժամանակակից գրականության թարգմանական բանկ ենք ստեղծում աշխարհի բոլոր լեզուներով: Սա քայլ է, որին պիտի բոլորս մասնակցենք, որպեսզի Հայաստանը աշխարհին ներկայանա առաջին հերթին ազգային գրականությամբ»,- ասում է Անանյանը:

Հրատարակչական գործի գործակալության պետ Էդուարդ Միլիտոնյանն էլ նշում է, որ համաժողովը պատահական չէ, որ Հայաստանում է անցկացվում. այն պայմանավորված է հայ գրահրատարակիչների ներկայանալի աշխատանքով:

Միլիտոնյանը նշում է, որ վերջին տարիներին ստեղծվել է հայ թարգմանական գրականության մեծ բազա, ինչի շնորհիվ հնարավոր է դարձել հայերեն  գրականությունը  ներկայացնել աշխարհի տարբեր լեզուներով, իսկ  հայ գրքի մասնակցությունը միջազգային ցուցահանդեսներին շահեկան է դարձել:

Գրքի ցուցահանդեսին ներկայացված են նաև «Գրանշան»  տառատեսակների միջազգային մրցույթի հաղթող ճանաչված աշխատանքները:  Մրցույթն անցկացվում է 2008 թվականից` ՀՀ մշակույթի նախարարության հովանավորությամբ:

Այս տարի այն անցկացվել է սեպտեմբերին` Դուբլինում` Մյունհենի Հրատարակչական դիզայներների միության  աջակցությամբ:

«Հայաստանի ազգային գրապալատի» բաժնի պետ Էդիկ Գաբուզյանն ասում է, որ սա սակավաթիվ մրցույթներից է, որ կենտրոնացած  է ոչ լատինատառ լեզվական համակարգերի վրա, իսկ 2011-ից էլ մրցույթում կներառեն վրացական և թաիլանդական տեքստային տառատեսակներ:

Նշենք, որ «Գրանշան» մրցույթի 2008-ի հաղթող ճանաչված «Մարիամ» և «Գրապալատ» տառատեսակները ՀՀ կառավարության որոշմամբ  կիրառվում են պետական հաստատություններում  փաստաթղթաշրջանառության մեջ:

Դիտվել է 1068 անգամ:
Print Friendly

Leave a Reply