ԼՂՀ-ում ականներից եւ այլ զինամթերքից վնասազերծման կարիք ունի ավելի քան 1000 հա

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | October 26, 2010 11:52

Արցախյան պատերազմի հետեւանքով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում դեռեւս չպայթած ականներից եւ այլ զինամթերքից վնասազերծման կարիք ունի ավելի քան 1000 հեկտար տարածք, ինչը լուրջ սպառնալիք է խաղաղ բնակչության համար:

Այս տարվա անցած ինն ամիսներին ականների պայթունների հետեւանքով ԼՂՀ տարածքում արձանագրվել է երկու դժբախտ պատահար, որոնց արդյունքում տուժել է երեք քաղաքացի. բժիշկների շնորհիվ բարեբախտաբար հաջողվել է փրկել նրանց կյանքը: 2009 թ-ին ականների պայթունի երեք պատահարից տուժել էր երեք բնակիչ, որոնցից մեկը մահացել էր: Ականազերծման եւ չպայթած արկերի ոչնչացման աշխատանքներով Արցախում հիմնականում զբաղվում են բրիտանական «The HALO TRUST» ոչ կառավարական հումանիտար կազմակերպությունը եւ ԼՂՀ կառավարությանն առընթեր փրկարար ծառայության սակրավորական խումբը:

Վերջինս ի տարբերություն «The HALO TRUST»-ի` վնասազերծման աշխատանքներն իրականացնում է ոչ թե պլանային եղանակով, այլ բնակիչների ահազանգերով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ փրկարար ծառայության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի ծառայությունից, անցած ինն ամիսներին գերատեսչության ներքո գործող սակրավորական խմբի կողմից վնասազերծվել է տարբեր տիպի 345 միավոր զինամթերք` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 495-ի դիմաց:

Իսկ 2009թ-ին, ընդանուր առմամբ, խմբի կողմից վնասազերծվել է տարբեր տիպի 522 միավոր զինամթերք: Ըստ «The HALO TRUST»-ի ծրագրի գործողությունների գծով կառավարիչ Յուրի Շահրամանյանի` 2009 թ. հունվար-սեպտեմբերին կազմակերպության կողմից վնասազերծվել է տարբեր տիպի 2034 միավոր, իսկ ողջ տարվա ընթացքում ` 4356 զինամթերք:

Դիտվել է 925 անգամ:
Print Friendly

Leave a Reply