Րաֆֆի Հովհաննիսյան. ՙԱրդեն ժամը հնչել է՚

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | October 25, 2010 22:50

ՙԺառանգություն՚ խմբակցության հեղինակած ՙԼեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու մասին՚ օրենքի նախագիծը, ԱԺկանոնակարգ օրենքի համաձայն, քվեարկության կդրվի հոկտեմբերի 25-28-ի քառօրյա նիստերում: Այս մասին քառօրյայի առաջին նիստում հայտարարեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը` ի պատասխան ՙԺառանգություն՚ կուսակցության առաջնորդ և նույնանուն խմբակցության անդամ Րաֆֆի Հովհաննիսյանի հարցին, թե ե՞րբ է կայանալու այս ՙհիրավի համազգային նշանակության հարցի քվեարկությունը՚: ԱԺ նախագահը հայտնեց նաև, որ մտադիր է քաղաքական կոալիցիայի հետ համատեղ քննարկել նախագծի քվեարկության հետ կապված դիրքորոշումը:

Նախագիծը քննարկվել էր ԱԺի հոկտեմբերի 5-ի լիագումար նիստում, սակայն Ր.Հովհաննիսյանի առաջարկությամբ, օրինագծի քվեարկությունը հետաձգվել էր մինչև հաջորդ հերթական քառօրյա:

ՙԺառանգության՚ առաջնորդն այս անգամ ևս հորդորեց. ՙՀանուն Հայաստանի ինքնիշխանության, Արցախի ամբողջականության և անկախության, նժդեհյան իրավունքի մենք պարտավոր ենք մեր հավաքական ձայնը տալ սրան: Ինչպես մեծամասնությունը ներկայացնում է համազգային խնդիրներ, և մենք` ՙժառանգություն՚ը և քաղաքական ընդդիմությունը, կողմ ենք քվեարկում, նաև այս հարցն է, որ միաձայն վերաբերմունքը պետք ունի: Առաջին ընթերցմամբ թող ընդունվի, և դրանից հետո բոլոր մանրամասները համախոհական ձևով մենք կքննարկենք՚: Ըստ ընդդիմադիր պատգամավորի, ՙարդեն ժամը հնչել է, որ մեր հավաքական անվան դիմաց լինի ուժի, կամքի, խղճի և ճշմարտության ՙկողմ՚ը՚:

Գայանե Մելիքյան

Դիտվել է 961 անգամ:
Print Friendly

Leave a Reply