Ցուցահանդես Ազգային ժողովում

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | October 25, 2010 20:07

Հոկտեմբերի 25-ին ԱԺ կանաչ սրահում բացվեց հայ գեղանկարիչ Էդվարդ Սասունի անհատական ցուցահանդեսը:

Էդվարդ Սասունը, ում համար տարին հոբելյանական է` լրանում է նրա 55-ամյակը, ծնվել է Թալինի շրջանի Շղարշիկ գյուղում, մտավորականների ընտանիքում: Ավարտել է ԵՊՀ-ի տնտեսագիտական կիբեռնետիկայի ֆակուլտետը, այնուհետեւ` Լենինգրադի Ռեպինի անվան գեղարվեստի ակադեմիան:

Գեղանկարիչ Էդվարդ Սասունը երկար տարիներ ապրել եւ ստեղծագործել է Թաիլանդում, անհատական բազմաթիվ ցուցահանդեսներ ունեցել հարավասիական երկրներում եւ Ժնեւում: Նա ՌԴ նկարիչների միության անդամ է:

-Էդվարդ Սասունի գեղանկարչական աշխատանքները բազմաժանր են եւ ունեն տարբեր թեմատիկ ուղղվածություն, ողողված են արեւելյան ջերմությամբ,-ներկայացնելով նկարչին, ասաց պատգամավոր Կարինե Աճեմյանը:

Իր խոսքում Էդվարդ Սասունը շնորհավորեց հայ ժողովրդին` վերակառուցված ԱԺ նիստերի դահլիճի բացման առթիվ եւ շնորհակալություն հայտնեց իր անհատական ցուցահանդեսը խորհրդարանում կազմակերպելու համար, ինչը ոգեւորում է եւ տալիս ստեղծագործելու նոր եռանդ եւ ներշնչանք:

Դիտվել է 1701 անգամ:
Print Friendly

Leave a Reply