Պատգամավորներն ու լրագրողները փորձում են ԱԺ-ի վերակառուցված դահլիճում հարմարվել նոր աշխատանքային պայմաններին

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | October 25, 2010 20:01

Հոկտեմբերի 25-ին Ազգային ժողովի վերակառուցված դահլիճում մեկնարկեցին խորհրդարանի հերթական քառօրյա նիստերը: Օրակարգում ընդգրկված է 108 հարց, միջազգային 18 պայմանագիր:

Նիստերի առաջին օրը պատգամավորներն ու լրագրողները փորձում էին հարմարվել նոր աշխատանքային պայմաններին: Պատգամավորները, մասնավորապես, ընտելանում էին համարգչային քվեարկության նոր համակարգին, իսկ լրագրողները դժգոհում դահլիճի երկրորդ հարկի մակարդակի վրա իրենց համար նախատեսված ապակեպատ առանձին օթյակի պայմաններից: Արդյունքում, լրագրողների նախաձեռնությամբ, տեղի ունեցավ աշխատանքային հանդիպում ԱԺի աշխատակազմի ղեկավար Գեղամ Ղարիբջանյանի հետ, ում ներկայացվեցին լրագրողների աշխատանքային պայմանների բարելավմանն ուղղված կոնկրետ առաջարկներ: Գ.Ղարիբջանյանը խոստացավ կարճ ժամանակահատվածում արձագանքել առաջարկություններին, տեղում ընդունելով դրանց մի մասը: Սակայն ակնհայտ է, որ, եթե տեխնիկական և կազմակերպչական որոշ խնդիրներին լուծում անգամ տրվի, դահլիճի բոլոր հատվածներին լրագրողների նստատեղերից հետևելու պայմանի ապահովումը` ճարտարապետական առկա լուծումների շրջանակներում, անհնար կլինի:

Շուրջ 6 ամիսների ընդմիջումից հետո նիստերի սեփական դահլիճ վերադարձած պատգամավորներն ընդմիջմանը ԱԺի կանաչ սրահում մասնակցեցին հայ գեղանկարիչ, ՌԴ նկարիչների միության անդամ Էդվարդ Սասունի անհատական ցուցահանդեսի բացմանը: Հիսունհինգամյա գեղանկարիչն երկար տարիներ ապրել և ստեղծագործել է Թաիլանդում, անհատական բազմաթիվ ցուցահանդեսներ ունեցել հարավասիական երկրներում և Ժնեւում:

Ի դեպ` Ազգային ժողովի Դեմիրճյան մուտքի մոտ ՙՄենք դեմ ենք օտարալեզու դպրոցների բացմանը՚ նախաձեռնող խումբը նորից բողոքի ցույց էր անցկացնում` ընդդեմ քառօրյայի օրակարգում երկրորդ ենթերցմամբ ընդգրկված ՙԼեզվի մասին՚ և ՙՀանրակրթության մասին՚ օրենքներում փոփոխությունների աղմկահարույց օրենսդրական փաթեթի ընդունման: Նույն օրը նախաձեռնող խումբը տարածել է նաև հայտարարություն, որում, մասնավորապես, ասված է. ՙԴիմում ենք Ազգային ժողովի օվալաձև նոր դահլիճում հավաքված մեր ՙընտրյալ՚ մեծամասնությանը. հիմա մենք հստակ ջրբաժանի առաջ ենք կանգնած` կամ միասին դեմ ենք արտահայտվում այս օրինագծերին և լծվում ենք կրթական համակարգի խորքային խնդիրների վերհանմանն ու լուծմանը, կամ դուք մեր կրթությունը տանում եք

վերջնական կործանման՚:

Գայանե Մելիքյան

Դիտվել է 938 անգամ:
Print Friendly

Leave a Reply