«Լուրջ կրթական, քաղաքական շահ չկա, այլ կա կոնկրետ գործարարի կոնկրետ շահ». Լիլիթ Գալստյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | October 25, 2010 15:07

Այսօր Ազգային ժողովի մոտ կրկին բողոքի ակիցա էին կազմակերպել «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցներ վերաբացմանը» քաղաքացիական նախաձեռնության անդամները, ովքեր վեց ամիսների ընթացքում չեն փոխել իրենց դիրքորոշումն այս նախագծի վերաբերյալ:

Նրանք համոզված են, որ լեզվի ու հանրակրթության մասին օրենքներում փոփոխություններ մտցնելու և օտարալեզու դպրոցներ բացելու դեպքում Հայաստանի կրթական համակարգը կգնա վերջնական կործանման: Նաև հայտարարություն են տարածել, որում կոչ են անում պատգամավորներին կողմ չքվեարկել այս օրինագծերին, փոխարենը լծվել կրթական համակարգի խորքային խնդիրների վերհանմանն ու լուծմանը:

«Մեր կոչն անտեսելու և օրինագծերին կողմ քվեարկելու դեպքում վստահեցնում ենք, որ ողջ ձեր քաղաքական գործունեության ընթացքում, ամեն հնարավորության դեպքում, հիշեցնելու ենք ձեզ այս օրերի ձեր կործանարար դիրքորոշման համար անհատական պատասխանատվության մասին»,-նշված է հայտարարության մեջ:

ՀՅԴ խմբակցության անդամ Լիլիթ Գալստյանը քաղաքական մեծամասնության վարքագծի պատճառով կորցրել է լավատեսությունը և կարծում է, որ օրինագծերն, այնուամենայնիվ, կընդունվեն.

«Սակայն դա չի նշանակում, որ մենք մեր կարծիքներն ու տեսակետները չենք կարող արտահայտել»,-ասում է պատգամավորը:

Նա կարծում է, որ այստեղ լուրջ կրթական, քաղաքական շահ չկա, այլ կա կոնկրետ գործարարի կոնկրետ շահ.

«Խոստումը տրված է, Դիիջանում շենքի շինարարությունն ընթացքի մեջ է, իրենք արդեն հայտարարել են իրենց դպրոցի ծրագրերի մասին, և այդ ցանկությանը պետք է գոհացում տրվի»,-ասում է պատգամավորը:

Պատգամավոր Վիկտոր Դալլաքյանն էլ  զավեշտալի է համարում ՀՀկ, ԲՀԿ և ՕԵԿ կուսակցությունների կողմից առաջարկների ներկայացումը.

«Փաստորեն, կառավարությունը և այն ձևավորած կոալիցիան առաջարկներ են ներկայացրել իրենք իրենց, և այդ նույն կառավարությունն իր կատարած առաջարկաներն ընդունել է մասնակիորեն: Նման բան աշխարհում կարող էր տեղի ունենալ միայն Հայաստանի Հանրապետությունում»,-նշում է Դալլաքյանը:

Գարեգին Չուքասզյանի կարծիքով, վեց ամիսների ընթացքում նախագծի մեջ ոչ մի էական փոփոխություն տեղի չի ունեցել.

«Եթե, անգամ, եղել են ինչ որ չնչին փոփոխություններ, դրանից սկզբունքի խախտումը չի պակասել: Իրականում մենք ոչ թե օտարալեզու դպրոցների բացման ընթացքի հետ գործ ունենք, այլ օտարալեզու կրթական համակարգի ներմուծման»,-ասում է նա:

Հիշեցնենք, որ ԱԺ-ի այս քառօրյայում քվեարկության են դրվելու «Լեզվի մասին» և «Հանրակրթության մասին» օրենքներում փոփոխություններ մտցնելու օրինագծերը:

Դիտվել է 926 անգամ:
Print Friendly

Leave a Reply