Բնապահպանական-քաղաքական համերգ-հանրահավաք
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | October 25, 2010 14:59
Հոկտեմբերի 23-ին Երևանի Պետական Կոնսերվատորիայի բակում` Կոմիտասի արձանի մոտ տեղի ունեցավ համերգ-հանրահավաք` նվիրված Թեղուտի անտառների պաշտպանությանը:
Դեռ համերգը չկայացած` բոլորի ուշադրության կենտրոնում էր հայտնվել գրող-հրապարակախոս և երգիչ Վահրամ Թաթիկյանը: Քանի որ համերգի մասին նախապես խոսվել և հայտարարվել էր, մոտավորապես հայտնի էին մասնակիցները, որոնց մեջ պետք է լիներ նաև Վահրամ Թաթիկյանը: Սակայն համերգից առաջ պարզ դարձավ, որ նա ելույթ չի ունենալու:
Համերգից մի քանի ժամ առաջ Facebook սոցիալական ցանցում իր էջին հետևյալ էր գրել. «Թեև նախապես համաձայնել էի մասնակցել «Ի պաշտպանություն Թեղուտի» համերգին, և հայտարարություն էի տարածել, որ այն արգելելու դեպքում մեկ է ունենալու եմ ելույթս հացադուլիս արդյունքների կապակցությամբ և նաև երգելու եմ անտառների պահպանության մասին երգ, որ քառասուն տարի առաջ եմ գրել` բայց… Քանի որ համերգին մասնակցելու են անձիք, որոնք իրենց երկարամյա քաղաքական կամ համերգային գործնեությամբ ոչ մի բնապահպանական հարց չեն բարձրացրել, և իմ խորին համոզմամբ անկախ երիտասարդական շարժման վրա ուզում են տաքացնել իրենց ձեռքերը` ես այդ համերգին չեմ մասնակցի»:
Սա համերգային նախնական ծրագրից միակ շեղումը չէր. ինչ- ինչ պատճառներով կազմակերպիչներին հոսանք չտրամադրվեց, և համերգային մասը չկայացավ:
Մասնակիցները ելույթ ունեցան ողջյունի, գովասանքի, շնորակալության խոսքեր ասելով թե ներկաներին, թե կազմակերպիչներին:
Հումորային համարներ էին նաև պատրաստել Armcomedy-ի տղաները, որոնց բովանդակությունը մեր ծանր և տխուր ապագան էր պատկերում,եթե շարունակվեն անտառահատումները:
Հովհաննիսյան Սոնա






Facebook
Tweet This
Email This Post
