Աշտարակում բացվել է «Արմենպրես. 90 տարի Հայաստանի հետ» խորագրով լուսանկարչական ցուցահանդեսը

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | July 17, 2009 19:07

_dsc0248«Արմենպրես» լրատվական գործակալության 90 ամյակին նվիրված Աշտարակի Մշակույթի տանը բացվել Է «Արմենպրես. 90 տարի Հայաստանի հետ» խորագրով լուսանկարչական ցուցահանդեսը:

Ցուցահանդեսն ընդգրկում է գործակալության ֆոտոարխիվից ընտրված 100 լուսանկար, որոնք պատկերում են Հայաստանի առաջին հանրապետությունից մինչև մեր օրերն ընկած պատմության կարևորագույն դրվագները, ականավոր գործիչներին ու մտավորականությանը, մշակույթի, գիտության, մարզաշխարհի երախտավորներին:

Ներկաները նախ մեկ րոպե լռությամբ հարգել են հուլիսի 15-ին Թեհրան-Երևան չփերթի աղետի ենթարկված ինքնաթիռի զոհերի հիշատակը:

Արագածոտնի փոխմարզպետ Անդրանիկ Մելոյանի կարծիքով` ֆոտոցուցահանդեսը դաստիարակչական բնույթ ունի երիտասարդների համար. նայելով նկարները և կարդալով դրանք մեկնաբանող մակագրությունները` նրանք պատկերացում կկազմեն Հայաստանի անցած ուղու մասին:

Ինչպես նշել է մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Հրաչյա Գևորգյանը, ցուցահանդեսն ուսուցողական բնույթ ունի, քանի որ, «եթե մենք չուսումնասիրենք մեր անցյալը, դժվար կլինի ապագայի կերտումը»:

Ըստ «Արմենպրես»-ի գործադիր տնօրեն Հրայր Զորյանի` գործակալության ֆոտոարխիվում պահվում է շուրջ 100 հազար նկար, որոնք ներկայացնում են Հայաստանի ողջ անցուդարձը: «Մենք որոշեցինք ընտրել այնպիսի նկարներ, որոնք առավել շատ կհետաքրքրեն հանրությանը, կստեղծեն Հայաստանի վերջին տասնամյակների կյանքի ամբողջական պատկեր»,- նշել է Զորյանը: Նրա խոսքով` նկարներից շատերը ներկայացվել են նաև Փարիզում, Լոնդոնում, Մոսկվայում, Քիշինևում:

«Արմենպրես»-ի 90 ամյակին նվիրված միջոցառումները սկսվել են 2008թ-ի դեկտեմբերի 18-ից: Ծրագրված Է շրջիկ ցուցահանդեսը ներկայացնել նաև հանրապետության այլ մարզերում:

«Արմենպրես»

Դիտվել է 1292 անգամ:
Print Friendly

Leave a Reply