Գերմանիան առաջիկա 2 տարում Հայաստանին կտրամադրի 130 մլն եվրո վարկ

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | July 17, 2009 19:14

b24_am_ministry_of_finance_armenia_780684096Գերմանիայում տեղի ունեցող ֆինանսական և տեխնիկական համագործակցության հայգերմանական միջկառավարական հանձնաժողովի երկօրյա բանակցություններին մասնակցելու նպատակով Բոն մեկնած ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանի գլխավորած պատվիրակությունը ստորագրել է արձանագրություն:

Համաձայն արձանագրության՝ երկու կողմերի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն` մոտակա 2 տարիներին Գերմանայի կառավարության կողմից Հայաստանին մոտ 130 մլն եվրո վարկային և դրամաշնորհային գումարներ հատկացնելու վերաբերյալ:

Քննարկվել են նաև կայուն տնտեսական զարգացմանը, էներգետիկային և շրջակա միջավայրին առնչվող խնդիրներ, ինչպես նաև ապակենտրոնացում, ժողովրդավարություն և համայնքային զարգացում թեմաներին վերաբերող հարցեր:

ՀՀ ֆինանսների նախարարության տարածած հաղորդագրության համաձայն` ՀՀ պաշտոնական պատվիրակության կազմում են եղել նաև էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը,ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը և այլ պաշտոնյաներ:

Հայգերմանական երկկողմ համագործակցությունը սկիզբ է առել 1993թ. սկզբում` որպես տեխնիկական օժանդակություն, իսկ 1995թ. սկսած իրականացվում են նաև ֆինանսական համագործակցության ծրագրեր: 2001թ. միջկառավարական բանակցություններից հետո այդ շրջանակն ընդլայնվել է` ներառելով «Կովկասյան նախաձեռնության» տարածաշրջանային ծրագրերը:

Հայգերմանական ֆինանսատնտեսական համագործակցությունը կենտրոնացած է 3 հիմնական ոլորտներում` ֆինանսական և մասնավոր հատված, էներգետիկա, ջրամատակարարում և ջրահեռացում: Փոքրածավալ դրամաշնորհային ծրագրեր են իրականացվում նաև առողջապահության և բնապահպանության ոլորտներում:

Դիտվել է 1275 անգամ:
Print Friendly

Leave a Reply