Այս տարի 44 անձ ՀՀ-ում ապաստան է հայցել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | հոկտեմբերի 25, 2010 12:08
Հայաստանում ապաստան ստանալու նպատակով ընթացիկ տարվա ինն ամիսներին ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայություն դիմել է 44 անձ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Միգրացիոն պետական ծառայության ապաստանի հարցերի բաժնի գլխավոր մասնագետ Ռուզաննա Պետրոսյանը, դիմողներից 15-ը Իրաքից են, մնացածը` Իրանից եւ աֆրիկյան երկրներից:
Իրաքից ապաստանի հայցով դիմողները ազգությամբ հայեր են, Իրանից ու աֆրիկյան երկրներից` այլ ազգի ներկայացուցիչներ: Ռ. Պետրոսյանի խոսքով, նախորդ տարիների համեմատ զգալի նվազել է Իրաքից դիմողների թիվը: Բոլոր դիմողներին տրվում է կացության ժամանակավոր վկայական՝ երեք ամսով, որից հետո, ըստ կարգի, դիմումը քննվում եւ ընդունվում է որոշում Հայաստանում ապաստանի իրավունք տալու մասին: Ապաստանի համար Իրաքից դիմած անձանց դիմումները հիմնականում բավարարվում են:
Ընթացիկ տարում 16 անձի դիմումը բավարարվել է, որից 14-ը Իրաքից են, մնացածը` այլ երկրներից: Մերժվել է 14 անձի դիմում, 11-ինը` քննարկման փուլում է:





Facebook
Tweet This