Դիմում-կոչ ԱԺ պատգամավորներին

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | October 25, 2010 10:59

Անցած վեց ամիսների ընթացքում, երբ առաջ քաշվեց «Լեզվի մասին» օրենքում   փոփոխությունների նախագիծը, բյուրեղացան մի շարք գործընթացներ, որոնք հերթական  անգամ ապացուցեցին` մեր կրթական համակարգը բազմաթիվ խնդիրներ ունի: Սակայն այս  ժամանակահատվածը մեզ նաև ցույց տվեց, որ կրթական համակարգի այս վիճակի  հիմնական պատճառը կրթության կառավարման և կրթական համակարգի համար օրենքներ  գրող պատասխանատուների անիրազեկությունը և անգրագիտությունն է:

Դիմում ենք Ազգային ժողովի օվալաձև նոր դահլիճում հավաքված մեր «ընտրյալ» մեծամասնությանը. հիմա մենք հստակ ջրբաժանի առաջ ենք կանգնած` կամ միասին դեմ ենք արտահայտվում այս օրինագծերին և լծվում ենք կրթական համակարգի խորքային խնդիրների վերհանմանն ու լուծմանը, կամ դուք մեր կրթությունը տանում եք վերջնական կործանման: Իշխող կոալիցիայի պատգամավորները նախաձեռնող խմբի անդամների հետ անհատական հանդիպումների ժամանակ միշտ հավաստիացրել են, որ կիսում են մեր մտահոգությունները, սակայն կքվեարկեն այնպես, ինչպես որոշում կկայացնի ղեկավարությունը: Մենք կոչ ենք անում այդ պատգամավորներին` ինչպես զինվորը կարող է չկատարել իր ապաշնորհ վերադասի ապօրինի հրամանը, դուք էլ այսօր պարտավոր եք դեմ քվեարկել «Լեզվի մասին» և «Հանրակրթության մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու նախագծին: Դրանով դուք կխուսափեք ձեր ողջ կյանքի ընթացքում այս խարանը կրելուց և սերունդների նզովքից:

Մեր կոչը անտեսելու և օրինագծերին կողմ քվեարկելու դեպքում, վստահեցնում ենք, որ ողջ ձեր քաղաքական գործունեության ընթացքում, ամեն հնարավորության դեպքում, հիշեցնելու ենք ձեզ այս օրերի ձեր կործանարար դիրքորոշման համար անհատական պատասխանատվության մասին:

«Մենք դե՛մ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» քաղաքացիական

նախաձեռնություն

Դիտվել է 1391 անգամ:
Print Friendly

Leave a Reply