«Հայ ասպետ»-ը 5 տարեկան է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | October 24, 2010 12:13

Հոկտեմբերի 23-ին «Մոսկվայի տան»-ը տեղի ունեցավ «Հայ ասպետ» մանկապատանեկան բարեգործական հիմնադրամի 5-րդ տարեդարձին
նվիրված տոնակատարություն և հաշվետու համաժողով:  Միջոցառման ընթացքում ասպետները հիշեցին իրենց առաջին քայլերը, նժդեհիկները երազեցին ասպետ դառնալու մասին, հնչեցին ասպետական ու նժդեհական հիմներն ու կրկին երդվեցին.

«Ես երդվում եմ ալևոր Մասիսով,

Առասպել դարձած Հայկով ու Դավթով,

Հողը մեր անընկճելի քաջերի,

Թշնամին երբեք էլ ոտք չի դնի…»:

«Հայ ասպետ»- ԿԲՀ-ի հիմնադիր-տնօրեն Կարին Տոնոյանն անկեղծ զրույցում հիշեց, թե ինչպես ստեղծվեց հիմնադրամը.

«Ես միշտ մտածում էի` կան բազմաթիվ բարեգործնական կազմակերպություններ,  անգամ իշխանությունները, որ օգնում են հատուկ կարիքներ ունեցող կամ սոցիալապես անապահով երեխաներին, իսկ մեր օժտված, լավագույն երեխաներին հազար ու մի ծրագրով տանում են արտասահմանցիները: Իսկ ինչու՞ չկա մի կազմակերպություն, որ  տեր կանգնի այդ լավագույններին, և նրանք իրենց երկրում այնքան լավ զգան, որ կարիք չունենան ուրիշ երկրներ գնալու»:

Այդ մտորումները Կարին Տոնոյանն ամեն անգամ հայտնում է` պետական պաշտոնյաների հետ հանդիպելիս, մինչև մի օր պաշտոնյաներից մեկը նրան ասում է. «Խոսելու փոխարեն` գործիր, ինքդ բացիր այդպիսի կազմակերպություն»: Դա ոչ միայն պատվախնդրություն, այլև պատասխանատվություն է առաջացնում, ու նա որոշում է կատարել առաջին քայլերը.

«Սկիզբ դրվեց առաջին նժդեհիկների առաջին դասակին,-հիշում է նա,-քսան երեխաներ էին, չունեինք ոչինչ, անգամ դասերն անում էինք բուսաբանական այգում, պուրակներում: Ես մի բան էի խնդրում այդ երեխաների ծնողներին` հավատալ մեզ: Այսօր «Հայ ասպետ»-ն ունի և՛ կենտրոն (ճիշտ է` ոչ սեփական, բայց հուսով ենք` դա էլ կլինի), և՛  հարյուրավոր սաներ, և՛ հազարավոր դիմորդներ, որոնց, ցավոք չենք կարողանում տեղավորել, որովհետև այդքան տեղ չունենք»:

«Հայ ասպետ»-ը մի սկբունք էլ ունի. այստեղ գուցե շատերն են ընդունվում, սակայն մնում են լավագույնները` նրանք, որ կարողանում են դիմանալ ծանրաբեռնվածությանը, և նրանք, որոնց ծնողները գիտակցում են, թե ինչ գործ են անում:

«Հաճախ մեզ ասում են` քիչ եք, պիտի շատ լինեք,-ասում է Տոնոյանը,- բայց լավը քիչ պիտի լինի: Մենք ընդամենը աղն ենք, աղը շատ եղավ` ճաշը կհարամի»:

Միջոցառման ավարտին «Հայ ֆիդայական շարժման Զորավար Անդրանիկ թանգարան»-ի հիմնադիր  Իլյիչ Բեգլարյանը «Հայ ասպետին» պագևատրեց ոսկե մեդալով:

«Հայ ասպետ» կրթադաստիարակչական բարեգործական հիմնադրամն իր գործունեությունը սկսել է 2005 թվականից`  նպատակ ունենալով Հայաստանի դպրոցներում ստեղծել մանկապատանեկան հայրենասիրական խմբավորումներ և նրանց հետ տարվող արտադպրոցական միջոցառումների, արշավների ու հավելյալ դասաժամերի միջոցով ստեղծել հայ պատանու նոր կերպար, դաստիարակել հայրենաճանաչ, գիտակ, բարեկիրթ ու ֆիզիկապես կոփված պատանիներ, ձևավորել հայեցի դաստիարակության կայուն համակարգ:

Դիտվել է 2466 անգամ:
Print Friendly

Leave a Reply