Պաշտպանության նախարարությունում քննարկվել են աշնանային զորակոչի խնդիրները

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | October 23, 2010 19:10

Ս.թ. հոկտեմբերի 23-ին ՀՀ պաշտպանության նախարարությունում տեղի ունեցավ Հանրապետական զորակոչային հանձնաժողովի ընդլայնված նիստը, որի ընթացքում ամփոփվեցին 2010թ. գարնանային զորակոչի արդյունքները և քննարկվեցին 2010թ. աշնանային զորակոչի պլանավորման աշխատանքները:

Նիստը բացեց ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանը: Իր խոսքում ՀՀ պաշտպանության նախարարը կարևորեց աշնանային զորակոչի ամբողջ ընթացքում հանրային լայն իրազեկման իրականացումը, թափանցիկության և բանակ-հասարակություն լիարժեք փոխվստահության մթնոլորտի ապահովումը:

Հիմնական զեկույցով հանդես եկավ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յու. Խաչատուրովը: Ներկայացնելով 2010թ. գարնանային զորակոչի արդյունքները` նա անդրադարձավ ինչպես գրանցված հաջողություններին, այնպես էլ թերացումներին: Գեներալ-գնդապետ Յու. Խաչատուրովը զեկուցեց նաև, որ 2010թ. աշնանային զորակոչի նախապատրաստական աշխատանքները լիարժեքորեն կատարված են:

Նիստի ընթացքում ելույթներով հանդես եկան Լոռու մարզպետ Ա.Քոչարյանը, ՀՀ կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի նախագահ Ա.Պետրոսյանը, Արարատի զինկոմիսար, գնդապետ Գ.Դավթյանը: Ելույթ ունեցողները ներկայացրեցին իրենց ոլորտներում առկա խնդիրները:

Հանրապետական զորակոչային հանձնաժողովի ընդլայնված նիստն ամփոփեց Սեյրան Օհանյանը: Պաշտպանության նախարարը գարնանային զորակոչի ամփոփման և աշնանային զորակոչի նախապատրաստական աշխատանքներն ընդհանուր առմամբ գնահատեց բավարար: Նա խոսեց աշնանային զորակոչի ընթացքի վերահսկման լրացուցիչ մեխանիզմների մասին, մատնանշելով, մասնավորապես, ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի հովանու ներքո ստեղծված հատուկ հանձնաժողովը, որը օպերատիվ կերպով ուսումնասիրելու և ընթացք է տալու հասարակության դիմում-բողոքներին` ապահովելով թեժ գծի արդյունավետ գործունեությունը: ՀՀ պաշտպանության նախարարը կարևորեց զինկոմիսարիատների և Կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի բարեխիղճ աշխատանքը` ֆիզիկապես և հոգեպես անառողջ զորակոչիկների ներթափանցումը զինված ուժեր բացառելու համար: Նման դեպքերը հետագայում առավել մեծ խնդիրներ են ստեղծում զորամասերում` տարբեր դժբախտ պատահարների պատճառ դառնալով և ազդելով բանակի մարտունակության վրա: Այս համատեքստում ՀՀ պաշտպանության նախարարը անդրադարձավ նաև վերջին շրջանում բանակում տեղի ունեցած դեպքերին, կարևորեց բարոյահոգեբանական մթնոլորտն ամրապնդելու անհրաժեշտությանը:

Նիստի ավարտին Ս.Օհանյանը խիստ ցուցումներ տվեց զորակոչի գործընթացը պատշաճ մակարդակով կազմակերպելու, նախկինում ի հայտ բերված թերացումները բացառելու, ժողովրդավարական վերահսկման և բավարար թափանցիկություն ապահովելու համար:

2010թ. գարնանային զորակոչի աշխատանքներին ցուցաբերած աջակցության համար ՀՀ պաշտպանության նախարարը պատվոգրերով, մեդալներով ու նվերներով պարգևատրեց ՀՀ պաշտպանության նախարարության և պետական այլ կառույցների մի շարք ներկայացուցիչների:

ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Դիտվել է 1156 անգամ:
Print Friendly

Leave a Reply