Տափօղակով հոկեյի C խմբի 2010 թ. աշխարհի առաջնությունը նախատեսվում է անցկացնել Երևանում
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | July 17, 2009 17:35
Ամենայն հավանականությամբ, տափօղակով հոկեյի 2010 թ• C խմբի աշխարհի առաջնությունը կկայանա Երևանում. այսօր ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության նիստերի դահլիճում կայացած մամուլի ասուլիսում հայտնեց ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Արմեն Գրիգորյանը: Ներկա էին նաև տափօղակով հոկեյի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Կարեն Խաչատրյանը և այդ մարզաձևի մեր երկրի հավաքականի գլխավոր մարզիչ, իտալական ծագումով ամերիկացի Դուգլաս Դիչեզարին:
Նախարարը հայտնեց, որ այս մարզաձևի զարգացման համար Հայաստանում դժվարություններ կան. օրակարգային է Շենգավիթի համայնքի սահադաշտի վերանորգման հարցը, բայց հույս կա, որ այն առաջիկայում կկարգավորվի:
Ինչ վերաբերում է առաջնության կազմակերպմանը, ապա այն կարող է անցկացվել Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, որն ունի բոլոր հարմարությունները: Կարեն Խաչատրյանը տեղեկացրեց, որ տափօղակով հոկեյի միջազգային ֆեդերացիայի հետ Երևանում այդ մարզաձևի C խմբի աշխարհի առաջնության անցկացման բանակցությունները գրեթե ավարտվել են, և մնում է, որ Հայաստանի ներկայացուցիչները համապատասխան փաստաթղթերը ստորագրեն:
Դուգլաս Թեչեզարին էլ հայտնեց, որ մի քանի տարի աշխատում է Հայաստանի հավաքականի հետ, և աստիճանաբար լավ թիմեր են ձևավորվում:
Հայաստանի երիտասարդ և մեծահասակ հոկեյիստներն աշխարհի C խմբի առաջնություններում զբաղեցրել են 3-րդ տեղեր, արժանացել բրոնզե մեդալների: «Եթե առաջնությունը Հայաստանում կազմակերպվի, կպայքարենք միայն ոսկե մեդալների համար»,-ասաց հավաքականի գլխավոր մարզիչը: «Անկախ»-ի այն հարցին, թե տափօղակով հոկեյի Հայաստանի ֆեդերացիան հնարավոր է հաջորդ տարի աջակցության կարգով պետությունից ֆինանսներ ստանա, որ չի արվել մինչև այժմ, նախարարը հայտնեց, որ հնարավորը կարվի` Հայաստանում ոչ ավանդական այս մարզաձևը զարգացնելու համար: Նա նաև հույս հայտնեց, որ ցանկալի կլինի մեր ընտրանու մասնակցությունը ձմեռային օլիմպիական խաղերին, ինչն այնքան էլ անիրատեսական չէ:






Facebook
Tweet This
Email This Post
