Մերկելը վտանգավոր է համարում ՆԱՏՕ-ի և Մոսկվայի չափից դուրս մերձեցումը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 23, 2010 15:25

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը նախազգուշացրել է, որ ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի չափից դուրս մերձեցումը կարող է վտանգավոր լինել: «Մենք միմյանց նկատմամբ չպետք է  չափից դուրս բարձր պահանջներ ներկայացնենք»,- հայտարարել է Մերկելը հոկտեմբերի 22-ին Բեռլինում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսսենի հետ հանդիպման ժամանակ: Այդ մասին տեղեկացնում են գերմանական ԶԼՄ-ները: Կանցլերի կարծիքով`Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի սերտաճման  մասին խոսելը դեռևս վաղ է, խոսքը պետք է վերաբերի «ռազմավարական համագործակցությանը» , որը կարող է իրականացվել կոնկրետ ծրագրերով: Կանցլերը մեծ  առաջընթաց է համարել, որ ՌԴ նախագահը կմասնակցի Լիսսաբոնում նոյեմբերին կայանալիք `հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովին: Անգելա Մերկելի դիտարկմամբ`գագաթնաժողովում կողմերը պետք է համատեղ վերլուծեն առկա սպառնալիքները, իսկ այնուհետև մտածեն , թե կոնկրետ որ ոլորտներում պետք է համագործակցեն: Ի դեպ, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսսենը  Բեռլինի հանդիպման ընթացքում համառորեն կոչ է արել Ռուսաստանին` մասնակցել հակահրթիռյան համակարգերի համատեղ մշակմանը: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի խոսքով` այլընտրանք չկա: Ֆոգ Ռասմուսսենը նաև հաստատել է, որ դաշինքի և Ռուսաստանի միջև հարաբերությունները վերջին տարիներին բարելավվել են: Նա մատնանշել է ոլորտներ, որոնցում ՆԱՏՕ-ն և Մոսկվան կարող են հաջողությամբ համագործակցել` նկատի ունենալով ահաբեկչության դեմ պայքարը, թմրանյութերի ապօրինի շրջանառությունը, ինչպես նաև Աֆղանստանի գործողությունների շրջանակները:

Դիտվել է 1161 անգամ:
Print Friendly

Leave a Reply