«Եվրանյուզ»-ով կցուցադրվի Տաթեւի վանական համալիրի մասին հոլովակ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 23, 2010 15:25

«Եվրանյուզ» հեռուստաընկերությունը հոկտեմբերի 26-ին կցուցադրի Տաթեւի վանական համալիրի մասին պատմող 4-5 րոպե տեւողությամբ տեսահոլովակ` ընկերության եւ Հայաստանի էկոնոմիկայի նախարարության միջեւ կնքված պայմանագրի արդյունքում: Ինչպեսհայտնեց նախարարության զբոսաշրջության եւ տարածքային տնտեսական զարգացման վարչության պետ Մեխակ Ապրեսյանը, մինչ այդ «Եվրանյուզ»-ով ցուցադրվում է Տաթեւի ճոպանուղու մասին պատմող 4 րոպեանոց տեսահոլովակ: Տեսահոլովակները, որոնք հեռարձակվում են տարբեր պարբերականությամբ, ցուցադրվում են «Մշակույթ» եւ «Բարձր տեխնոլոգիաներ» հաղորդումների շրջանակներում:

Ամեն մի տեսահոլովակը մեկ շաբաթվա ընթացքում կհեռարձակվի 20 անգամ` ինը լեզվով: «Եվրանյուզ»-ը օրը 24 ժամ հեռարձակվում է գրեթե ամբողջ աշխարհում ինը լեզուներով` արաբերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իտալերեն, պորտուգալերեն, ռուսերեն, իսպաներեն եւ թուրքերեն: Ըստ Մ. Ապրեսյանի` «Տրանսգլոբ» եւ «Բազզբիզնես» իսպանական ընկերությունները ՀՀ էկոնոմիկայի նախարարության օժանդակությամբ նկարահանել են Հայաստանի եւ Արցախի պատմամշակութային հուշարձանների մասին 52 րոպե տեւողությամբ «Հայաստան` Նոյի երկիր» ֆիլմը, որի շնորհանդեսին «Բազզբիզնես» ընկերության փոխնախագահ Ջուդիտ Լասկոմբը նշել է, թե ֆիլմն արդեն գնել են աշխարհի 200 երկրներ, իսպանական ամենահայտնի հեռուստաալիքը, ներկայումս բանակցություններ են ընթանում իտալական, «National Geographic», «Discover» հեղինակավոր հեռուստաընկերությունների հետ:

Ֆիլմը եվրոպական հեռուստաալիքներով կցուցադրվի յոթ տարի շարունակ, այն դիտելու հնարավորություն կստանա 450 մլն եվրոպացի: «Հեղինակների նպատակն է ֆիլմերի միջոցով հեռուստադիտողներին լիարժեք տեղեկատվություն փոխանցել աշխարհի հնագույն ժողովրդներից մեկի` հայերի մասին, որն աշխարհին է փոխանցել պատմամշակութային վիթխարի ժառանգության»,-ասաց Մեխակ Ապրեսյանը:

Դիտվել է 922 անգամ:
Print Friendly

Leave a Reply