Սարիբեկյանի մարմինը մինչեւ հիմա չի հանձնվել հայկական կողմին
ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | ankakh | October 23, 2010 13:48
Հոկտեմբերի 5-ին ադրբեջանական նախնական կալանքի վայրում մահացած Հայաստանի քաղաքացի Մանվել Սարիբեկյանի մարմինը մինչեւ այժմ չի հանձնվել հայկական կողմին:
Հայաստանի կառավարությանն առընթեր Գերիների, պատանդների եւ անհետ կորածների հանձնաժողովի աշխատանքային խմբի ղեկավար Արմեն Կապրիելյանը տեղեկացրեց, որ մինչեւ հիմա ադրբեջանական կողմը Կարմիր խաչի միջազգային կոմիտեին չի փոխանցել նույնիսկ Սարիբեկյանի մահվան փաստը հաստատող վկայական, ինչը պարտավոր էին անել:
Կապրիելյանի համոզմամբ, դա միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի «խիստ խախտում» է:
Նա նաեւ նշեց, որ ադրբեջանական կողմը կտրականապես հրաժարվում է Մանվել Սարիբեկյանի մարմինը վերադարձնելու հարցի շուրջ հայկական կողմի հետ ուղիղ բանակցություններից: Իսկ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Բաքվի գրասենյակը, որը միջնորդ է հանդիսանում կողմերի միջեւ, «խնդիրներ է ունենում»:
«Տեղի իշխանությունները խոչընդոտում են միջազգային կառույցի աշխատակիցների աշխատանքները», – պարզաբանեց նա` հիշեցնելով, որ մինչեւ Սարիբեկյանի մահը ադրբեջանական կողմը հնարավորություն չէր տվել կառույցի ներկայացուցիչներին հանդիպել 20-ամյա երիտասարդի հետ:
Հայաստանյան մի շարք հասարակական կազմակերպություններ բողոքի նամակ են հղել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կենտրոնական գրասենյակ: Նամակի պատճեններն ուղարկվելու են նաեւ կազմակերպության Երեւանի ու Բաքվի գրասենյակներ: Նամակի հեղինակները պահանջում են կատարել միջազգային իրավական նորմերով իրենց վերապահված լիազորությունները:
Նամակի համահեղինակներից պատգամավոր Լարիսա Ալավերդյանը («Ժառանգություն»), ով նաեւ Գերիների, պատանդների ու անհետ կորածների հանձնաժողովի անդամ է եւ «Ընդդեմ իրավական կամայականությունների» հասարակական կազմակերպության գործադիր տնօրենը, հայտնեց. – «Սա մի տարօրինակ լռություն է եւ տարօրինակ պահվածք է»:
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը օրերս իր ադրբեջանցի գործընկեր Էլմիրա Սուլեյմանովային կոչ էր արել «մարդասիրություն ցուցաբերել եւ պահանջել իրավասու մարմիններից միջազգային փորձագետներին թույլ տալ ուսումնասիրել երիտասարդի գերեվարման ու մահվան պատճառները» եւ «միջոցներ ձեռնարկել Սարիբեկյանի դիակը Հայաստան վերադարձնելու գործում»:
Հարությունյանը այսօր տեղեկացրեց, որ դեռեւս պատասխան չի ստացել:






Facebook
Tweet This
Email This Post
