Երեկ Ստեփանակերտում էր Է. Նալբանդյանը. լրատվամիջոցների ու ՀՀ արտգործնախարարության տեղեկատվությունները չեն համապատասխանում

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | July 17, 2009 17:21

nalbandian_-_sahakyan1Երեկ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Ստեփանակերտում հանդիպում էր ունեցել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ, որից հետո պատասխանել  լրագրողների հարցերին:

Ըստ արտգործնախարարության տարածած տվյալների` նախարարը լրագրողների հետ խոսել էր Օբամա-Սարկոզի-Մեդվեդև հայտարությունից (ըստ որի` գերտերությունների նախագահները հանձնարարում են միջնորդներին Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին փոխանցել 2007 թ. Մադրիդում ներկայացված խաղաղության հաստատման ծրագրի լրամշակված տարբերակը: ), Մադրիդյան սկզբունքների հրապարակումից, փախստականների վերադարձի խնդրից և հարցի լուծման շուրջ Ղարաբաղյան կողմի դիրքորոշումից:

Սակայն այսօր որոշ լրատվամիջոցներ ինֆորմացիա են տարածել, թե արտգործնախարարության ուղարկած տեղեկատվությունը չի համապատասխանում նախարարի ճեպազրույցի բովանդակությանը:

Այսօր ԱԳ նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը «Անկախ»-ին ասաց, որ իրենք հրապարակել են ԼՂ նախագահի նստավայրի առաջ տեղի ունեցած ճեպազրույցի մանրամասները: Վերջինիս հավաստմամբ` նախարարը 2 անգամ է խոսել լրագրողների հետ` տարբեր վայրերում: «Ու եթե իրենց լրագրողները ներկա չեն եղել, դա արդեն մեր խնդիրը չէ, իրենցն է»,- ասաց Բալայանը:

Ըստ Արտգործնախարարության տվյալների` երեկ Էդվարդ Նալբանդյանն ասել է, որ Ղարաբաղի իրավական կարգավիճակը պետք է որոշվի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կամքի արտահայտմամբ, որը պետք է ունենա պարտադիր իրավական ուժ, անխափան ցամաքային կապ Հայաստանի և Արցախի միջև, անվտանգության միջազգային երաշխիքներ:

«Ադրբեջանը մինչեւ այսօր շարունակում է խոսել միայն տարածքային ամբողջականության մասին, իսկ Հայաստանը բազմիցս արտահայտվել է հարցի կարգավորման վերաբերյալ հիմնված երեք սկզբունքների` ազգերի ինքնորոշման, տարածքային ամբողջականության եւ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքների վրա», -ասել է նա:

Անդրադառնալով Հայաստանի և Ղարաբաղի իշխանությունների` հարցի շուրջ տարակարծություններին` Նալբանդյանն ասել է, որ Հայաստանի իշխանությունը Ղարաբաղի լիակատար մասնակցությունը բանակցություններին համարում է անհրաժեշտություն և խաղաղ գործընթացի արդյունավետության երաշխիք:

«Բնական է, որ Ղարաբաղը որոշ հարցերում կարող է այլ մոտեցումներ ունենալ, բայց կցանկանայի ընդգծել, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կարծիքը մեզ համար մեծ և կարևոր նշանակություն ունի, և Հայաստանը ոչ միայն չի կարող անտեսել այն, այլև չի կարող գնալ որևիցե համաձայնության, առանց Արցախի ժողովրդի և ղեկավարության հավանության, և այսօր իմ այստեղ գտնվելը դրա ևս մեկ ապացույցն է»,- ասել է նախարարը:

Հանդիպմանը ներկա լրագրողները պնդում են, որ Նալբանդյանը ճեպազրույցի ընթացքում չի անդրադարձել փախստականների խնդրին, իսկ ՀՀ արտգործնախարարության հավաստմամբ` նախարարն ասել է, որ փախստականների` Ղարաբաղ վերադարձի վերաբերյալ որևէ քննարկում չի ընթանում:

«Այդ հարցին կարելի է անդրադառնալ միայն Ղարաբաղյան հիմնախնդրի վերջնական կարգավորումից հետո, ավելի լայն կոնտեքստում` նկատի ունենալով նաև մոտ 400.000 հայ փախստականների հարցը»,- նշված է ՀՀ արտգործնախարարության` Նալբանդյանի խոսքը ներկայացնող հաղորդագրության մեջ:

Դիտվել է 1200 անգամ:
Print Friendly

Leave a Reply