ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը և Գյուղատնտեսության նախարարությունը նշում են Պարենի համաշխարհային օրը Հայաստանում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | October 22, 2010 21:40
ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունն այսօր կայացած` Պարենի համաշխարհային օրվան նվիրված տոնական միջոցառման ժամանակ մեդալներ շնորհեցին հանրապետության սննդամթերքի արտադրության և գյուղատնտեսության հատվածը ներկայացնող վեց ընկերությունների ներկայացուցիչներին` ոլորտի զարգացման մեջ ունեցած նշանակալի ավանդի համար:
ՄԱԿ-ի մշտական համակարգող տկն. Դաֆինա Գերչևան, Հայաստանում ՊԳԿ-ի ներկայացուցչի` տկն. Ֆերնանդա Գուերրիերիի անունից, արծաթե մեդալ շնորհեց ՙԼամաքս Գրուպ՚ ՍՊԸ-ին. ՙԵվրոթերմ՚ ՓԲԸ-ի, ՙԲիոկաթ Պլյուս՚ ՍՊԸ-ի, ՙՇահումյան Վին՚ ՍՊԸ-ի, ՙԱգրոհոլդինգ՚ ՍՊԸ-ի և ՙՍոս Սիմոնյան՚ ՍՊԸ-ի ներկայացուցիչներն արժանացան ՊԳԿ-ի բրոնզե մեդալներին: Ուսանողներ Աստղիկ Թոսունյանը, Լիաննա Սարգսյանը և Նարեկ Խոջոյանը, որոնք սովորում են տարբեր ուսումնական հաստատություններում, ստացան շնորհակալագրեր ՙ1 միլիարդ սովյալներ՚ խորագիրը կրող համաշխարհային քարոզարշավի շրջանակներում ստորագրություններ հավաքելու համար:
ՄԱԿ-ի մշտական համակարգող տկն. Դաֆինա Գերչևան շեշտեց, որ ՙմիջազգային կազմակերպությունների, մասնավորապես` ՄԱԿ-ի գործակալությունների, ինչպես օրինակ` ՊԳԿ-ի, Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի և Պարենի համաշխարհային ծրագրի միջև համագործակցությունը առանցքային ռազմավարական դեր ունի ՙՀազարամյակի զարգացման նպատակներից՚ առաջինին` ծայրահեղ աղքատության և սովի հաղթահարմանը հասնելուն միտված համաշխարհային ջանքերի գործում՚:
ՊԳԿ-ն Պարենի համաշխարհային օրը նշում է 1980-ական թթ. ի վեր` այդպիսով նաև տոնելով ՊԳԿ-ի հիմնադրման (1945թ.) տարեդարձը: Այս տարի Պարենի համաշխարհային օրվա կարգախոսն է ՙՄիահամուռ ուժերով` ընդդեմ սովի՚: Այս ՙուղերձն՚ ընտրելիս կազմակերպությունը նպատակ է ունեցել ընգծելու աշխարհում մոլեգնող սովի դեմ պայքարին միտված ջանքերը ինչպես ազգային, այնպես էլ տարածաշրջանային և միջազգային մակարդակներում: Այս տարի ՊԳԿ-ն կազմակերպել է առցանց քարոզարշավ` ՙ1 միլիարդ սովյալներ՚ խորագրով, որի մասնակիցներն, իրենց ՙստորագրությունը՚ դնելով համացանցային խնդրագրի տակ, շեշտում են իրավիճակի` բարոյական տեսանկյունից անընդունելի լինելու փաստը:
ՙՍովի հիմնահարցին հավուր պատշաճի պատասխան տալու համար բոլոր մակարդակներում գործող դերակատարների կողմից պահանջվում են անհապաղ, վճռական և համաձայնեցված գործողություններ: Ուստի, մենք բոլորս պետք է միասնականություն ցուցաբերենք  այս գործում՚, – հայտարարել է ՊԳԿ-ի Գլխավոր տնօրեն Ժակ Դյուֆը հոկտեմբերի 15-ին կայացած` Պարենի համաշխարհային օրվան նվիրված տոնակատարության ժամանակ: Նա նշել է, որ Պարենի համաշխարհային օրվա` այս տարվա կարգախոսը` ՙՄիահամուռ ուժերով` ընդդեմ սովի՚, արտացոլում է այն իրողությունը, որ ՙպարենային անվտանգության ապահովումը որևէ մեկ կողմի պատասխանատվությունը չէ. այլ այն բոլորիս պատասխանատվությունն է՚:
Պարենի համաշխարհային օրվա հիմնական նպատակներն են` ազգային, երկկողմ, բազմակողմ և հասարակական համագործակցության խթանումը. պարենի արտադրության ծավալների մեծացման խրախուսումը. սովի, թերսնման և աղքատության դեմ պայքարում ազգային և միջազգային համերաշխության ամրապնդումը և պարենային ու գյուղատնտեսական զարգացման ասպարեզում արձանագրված ձեռքբերումների շեշտադրումը:
Դիտվել է 1301 անգամ:
Print Friendly

Leave a Reply