ՀՀ մանկատներում բնակվում է շուրջ 900 երեխա
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | October 22, 2010 14:15
Հայաստանի Հանրապետության յոթ պետական եւ երեք ոչ պետական մանկատներում ներկայում բնակվում են առանց ծնողական խնամքի մնացած 900-ից ավել երեխաներ:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ընտանիքի, կանանց եւ երեխաների հիմնահարցերի վարչության երեխաների հիմնահարցերի բաժնի գլխավոր մասնագետ Էդուարդ Իսրայելյանն ասում է, որ այս տարի նախարարության ենթակայության տակ գտնվող մանկատների սաներից 37-ը դարձել է չափահաս, սակայն, ցավոք, նրանք կացարաններով չեն ապահովվել. համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետեւանքով պետական բյուջեով գումար չէր նախատեսվել:
Նրանց մեծ մասը ժամանակավոր բնակվում է ծանոթների կամ ընկերների մոտ: Է. Իսրայելյանի տեղեկացմամբ, նախարարությունը ՀՀ կառավարությանն է ներկայացրել նոր նախագիծ, որով նախատեսվում է վերսկսել երեխաներին բնակարանների տրամադրման գործընթացը: Նախագիծը ենթադրում է նաեւ առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին աջակցելու այլ ձեւեր:
Մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներին նախարարությունը «Հայ օգնության միություն» հասարակական կազմակերպության հետ համատեղ աջակցություն է ցուցաբերում` մասնագիտական կողմնորոշում, ուսուցում, վերապատրաստում, հիմնական կարիքները բավարարող եկամտի ապահովում` դրամական օգնություն, կրթաթոշակի հատկացում, բժշկական օգնության տրամադրում եւ այլն:






Facebook
Tweet This
Email This Post
