Քննարկումներ ՄԱԿ-ում ներքին տեղահանված անձանց իրավունքների վերաբերյալ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | October 22, 2010 13:47
Հոկտե
մբերի 21-ին ՄԱԿ կենտրոնատեղիում անդամ–երկրների հետ քննարկումներ էին անցկացնում կազմակերպության հատուկ մանդատներ ունեցող Ներքին տեղահանված անձանց (IDP) իրավունքների հարցերով ՄԱԿ–ի Գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Վալտեր Կալինը և ՄԱԿ–ի Մարդու իրավունքների պաշտպանների իրավիճակի հարցերով հատուկ զեկուցող Մարգարետ Սեկագիան, ովքեր առիթներ էին ունեցել վերջին շրջանում այցելելու Հայաստան:
Վալտեր Կալինի հետ հանդիպմանը մեկնաբանություններով հանդես են եկել Հայաստանի ու Ադրբեջանի պատվիրակությունները: Վերջինս հայտարարել է, որ Հայաստանի “ագրեսիայի” և “օկուպացիայի” հետևանքով Ադրբեջանը ունի ներքին տեղահանված անձանց ամենամեծ թիվը աշխարհում և իր կառավարության մտահոգությունը հայտնեց, որ ներքին տեղահանված անձինք պետք է իրավունք ստանան վերադառնալու իրենց նախկին բնակության վայրերը:
Հայաստանի ներկայացուցիչն իր հերթին անդրադարձել է Ադրբեջանի վարած անհանդուրժողական քաղաքականության, էթնիկ զտումների, բռնությունների և սանձազերծած պատերազմի հետևանքներին, մասնավորապես հարյուր հազարավոր հայ ներքին տեղահանված բնակչության զրկանքներին ու հիմնախնդիրներին` ներկայացնելով ԼՂ հիմնախնդրի էությունը և տարածաշրջանային խաղաղությանը միտված Հայաստանի ու միջազգային հանրության ջանքերը:
Ի պատասխան Ադրբեջանի բարձրացրած հարցին` ՄԱԿ ԳՔ ներկայացուցիչը հայտարարել է, որ ներքին տեղահանված անձինք նախևառաջ պետք է ունենան իրավունք ընտրելու` վերադառնալ իրենց նախկին բնակության վայրերը, թե ոչ, ու հավելել, որ կարևորում է, որպեսզի համապատասխան պայմաններ լինեն նրանց վերադարձի համար, որոնց նախադրյալները դեռևս առկա չեն տարածաշրջանում: Կալինը կոչ է արել, որպեսզի շահագրգիռ կողմերը նախևառաջ գործադրեն բոլոր ջանքերը խաղաղության համաձայնագիր կնքելու ուղղությամբ, որից հետո միայն հնարավոր կլինի արդյունավետորեն անդրադառնալ խնդրո առարկային:
ՄԱԿ–ի Մարդու իրավունքների պաշտպանների իրավիճակի հարցերով հատուկ զեկուցող Մարգարետ Սեկագիան ելույթը սկսեց ներկայացնելով իր տպավորությունները Հայաստան այցից, մասնավորապես նշելով, որ իր կատարած առաքելությունը լավ առիթ է հանդիսացել ծանոթանալու մարդու իրավունքների պաշտպանների իրավիճակին, և նա իր երախտագիտություն է հայտնում Հայաստանի իշխանություններին հրավերի և առաքելության ընթացքում ցուցաբերած աջակցության համար: Նա նաև տեղեկացրել է, որ հաջորդ տարվա մարտ ամսին իր այցն անփոփող ցեկույցը կներկայացնի Ժնևում գործող ՄԱԿ–ի մարդու իրավունքների խորհրդի հերթական նստաշրջանի ընթացքում:






Facebook
Tweet This
Email This Post
