Վրացի Գիվի Չկադուան չհասցրեց տոնել 43-ամյակը. նա ևս ՏՈւ 154 ինքնաթիռում էր

ՄԱՐԴԻԿ, Շաբաթվա լուր | | July 17, 2009 12:20

Զոհված Գիվի Չկադուայի հիշատակի արարողությունը` Հայաստանում Վրաստանի դեսպանատանը

Հայաստանում և Իրանում Վրաստանի դիվանագիտական ներկայացուցչության ֆինանսկան մենեջեր Գիվի Չկադուան Իրանից Հայաստան չհասավ. մոտ մեկուկես տարվա աշխատանքային փորձառության շրջանում հասցրել էր Իրանում լինել երկու անգամ, իսկ այս անգամ Թեհրան էր մեկնել` պաշտոնը հանձնելու իր նոր պաշտոնակցին:

Հայաստանում  Վրաստանի դեսպանատան նրա աշխատասենյակում ամփոփիչ փաստաթղթերն ու թղթերը դրված են այնպես, ինչես թողել էր մեկնելուց առաջ: Այսօր դեսպանատուն էին այցելում Հայաստանում հավատարմագրված դեսպաններ, խորհրդականներ, քաղաքական գործիչներ, որոնք հուշամատյանում ցավակցական խոսք էին գրում` ուղղված  վրաց ժողովրդին և զոհվածի ընտանիքին ու հարազատներին:

Գիվի Չկադուա

42-ամյա տնտեսգետը ծնվել և մեծացել է Սուխումիում` գաղթականի ընտանիքում: Ամուսնացած էր, ուներ 2 տղա: Մեկն ուսանող է, մյուսը` դպրոցական: Սեպտեմբերի 4-ին կնշեր իր ծննդյան 43-ամյակը` ընկերների պատմելով, հավանաբար դեսպանատանը բացված հայկական սեղանի շուրջ, որից անպակաս կլիներ խորովածը, քյաբաբը: Ասում են, որ Երևանը շատ էր սիրում:

Հայաստանում Վրաստանի դիվանագիտական ներկայացուցչության ժամանակավոր հավատարմատար Գոչա Գվարամաձեն պատմում է, որ առաջին անգամ Հայաստան գալով` Չկադուան ցանկացել է այցելել Ֆրունզիկ Մկրտչյանի գերեզմանին.«Որ գնամ Վրաստան, բոլորին կասեմ` այցելել եմ Ֆրունզիկի գերեզմանին»: Դեսպանորդը կատարել է նրա խնդրանքը:

«Շատ արդար տղա էր, խելոք, համեստ»,-պատմում է Գվարամաձեն: Իսկ ՀՀ-ում Վրաստանի դեսպանի խորհրդական, հայագետ Նինո Ապցիաուրին, արցունքը խեղդելով աչքերում, իր գործընկերոջը հիշում է` որպես շատ ազնիվ և արդար մարդու:

Նինոն Ապցիաուրին արտասվելով մատնացույց է անում գործընկերոջ պայծառ դեմքը

«Երեխայի նման անբիծ ու արդար տղամարդ էր: Ուրիշների հաջողություններով միշտ ուրախանում էր: Չնայած Աբխազիայից էր, սակայն սիրահարված էր Վրաստանի երկնքին, բանաստեղծությանը, երկրին: Ցավալի է, որ չկա նրա գերեզմանը»,-ասում է Ապցիաուրին: Պատմում է, որ միշտ սիրում էր այցելել Սուխումի` հոր գերեզմանին:

«Շատ գեղեցիկ կին ուներ ու միշտ ասում էր, որ Զուգդիդի ամենասիրուն աղջիկն իմ կինն է: Երեք քույր ուներ և ցավալի է, որ մայրը տեսավ որդու մահը: Մենք չկարողացանք իրեն շնորհակալություն հայտնել իր պրոֆեսիոնալիզմի, պատասխանատվության համար»,-պատմում է տիկին Ապցիաուրին և հավելում` թող Աստված լուսավորի նրա հոգին:

Դիտվել է 1157 անգամ:
Print Friendly

Leave a Reply