ԵԽ Գլխավոր քարտուղարի հանդիպումները խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչների հետ
Պաշտոնական, Օրվա լուր | ankakh | October 21, 2010 20:46
Հոկտեմբերի 21-ին ՀՀԿ խմբակցության անդամ Ռաֆիկ Գրիգորյանը, ԲՀԿ խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը եւ ՕԵԿ խմբակցության քարտուղար Արծրունի Աղաջանյանը Ազգային ժողովում հանդիպեցին Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի հետ:
Նաիրա Զոհրաբյանը պարոն Յագլանդի խնդրանքով ներկայացրեց ԵԽԽՎ վերջին բանաձեւերում առկա մտահոգություններին ընդառաջ ՀՀ իշխանությունների ձեռնարկած քայլերը` նշելով այն ոլորտները, որտեղ բարեփոխումներ են իրականացվում: ԵԽ Գլխավոր քարտուղարը կարծիք հայտնեց, որ ճիշտ է Հայաստանի ընտրած բարեփոխումների ուղին, բայց որոշ բարեփոխումների տեմպերը բավարար չեն: Տիկին Զոհրաբյանը, համաձայնելով պարոն Յագլանդի դիտարկմանը, նշեց այն ոլորտները, որտեղ նախաձեռնված են խորքային բարեփոխումներ: Տիկին Զոհրաբյանը նշեց, որ Հայաստանի ապագան ամուր եւ ժողովրդավար պետություն կառուցելն է եւ նաեւ Եվրոպայի Խորհրդի աջակցությամբ մեր երկիրը հույս ունի իրականացնել այն բոլոր բարեփոխումները, որոնք արձանագրված են ԵԽԽՎ վերջին զեկույցներում:
ԵԽ Գլխավոր քարտուղարին հետաքրքրում էր կարեւորագույն երկու խնդիր` կալանավորված անձանց եւ մամուլի ազատության խնդիրները: ԲՀԿ խմբակցության ներկայացուցիչը համապարփակ տեղեկատվություն տրամադրեց այդ խնդիրների վերաբերյալ` հատկապես անդրադառնալով ՙԱ1+՚-ի խնդրին: Կողմերը հույս հայտնեցին, որ դեկտեմբերին կայանալիք մրցույթին կհաղթեն իրապես արժանավորները:
ԵԽ Գլխավոր քարտուղարին հետաքրքրում էր հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացը: Տիկին Զոհրաբյանը նշեց, որ այն պահին, երբ Թուրքիայում կլինի հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացը առանց որեւէ նախապայմանի շարունակելու պատրաստ քաղաքական իշխանություն, Հայաստանը պատրաստ կլինի շարունակելու այս պահին ՀՀ ԱԺ-ում առկախված արձանագրությունների վավերացման գործընթացը:
ՕԵԿ խմբակցության քարտուղար Արծրունի Աղաջանյանը նշեց, որ Հայաստանը ԵԽ-ին լիարժեք ինտեգրված պետություն է եւ նկատելի են ՀՀ իշխանությունների` մեր երկրում ժողովրդավարությունը զար•ացնելու ձգտումները:
Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ նաեւ այլ հարցերի:
Նույն օրը Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի հետ հանդիպեցին նաեւ ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արմեն Ռուստամյանը եւ ԱԺ ՙԺառանգություն՚ խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը:
Հանդիպման ընթացքում հյուրի խնդրանքով հայ խորհրդարանականներն անդրադարձան Հայաստանի քաղաքական զարգացումներին: Արմեն Ռուստամյանը ներկայացրեց իր տեսակետը ԵԽԽՎ 1609, 1620, 1643 եւ 1677 բանաձեւերի կատարման ընթացքի վերաբերյալ: Պարոն Ռուստամյանը կարեւորեց ընտրական օրենսգրքի բարեփոխումները, որոնք, նրա համոզմամբ, ժողովրդի շրջանում կբարձրացնեն վստահությունը ընտրական գործընթացների նկատմամբ եւ հասարակությանը զերծ կպահեն հետընտրական ճգնաժամերից: ՀՅԴ ներկայացուցիչը տեղեկացրեց, որ իրենք ներկայացրել են ընտրական օրենսգրքի բարեփոխման վերաբերյալ առաջարկների փաթեթ:
ԱԺ ՙԺառանգություն՚ խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանն իր խոսքում անդրադարձավ կալանավորված անձանց խնդիրներին, մարտիմեկյան դեպքերի պատասխանատուների բացահայտմանը եւ հետաքննության շարունակությանը, ընտրական օրենսգրքի բարեփոխումներին:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձան նաեւ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի եւս:
ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն






Facebook
Tweet This
Email This Post
