Պետություն-մասնավոր հատված համագործակցությունն արդյունք է տալիս

Շաբաթվա լուր, ՏՆՏԵՍԱԿԱՆ | | October 21, 2010 16:54

Այսօր տեղի է ունեցել կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Նիստից առաջ վարչապետը դիմել է ներկաներին. «Հարգելի գործընկերներ, այսօրվա նիստն ուզում եմ սկսել Տաթևի համալիրի խնդրից։

Համաշխարհային տուրիստական քարտեզի վրա այսօր կա աշխարհի ամենաերկար ճոպանուղին, որը, բնականաբար, էապես բարձրացնում է Հայաստանի տուրիստական գրավչությունը։ Սա մեր կառավարության պետություն-մասնավոր համագործակցության հայեցակարգի խոշորագույն ծրագրերից էր, և դուք գիտեք, որ ծրագիրն իրականացվում էր Ազգային մրցունակության հիմնադրամի ներքո` Հանրապետության  նախագահի անմիջական հսկողությամբ։ Նաև ուրախ եմ, որ այս համագործակցության կողմերից մեկը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին էր, որի ջանքերը նույնպես ուղղված էին նրան, որ Տաթևի վերականգնման հիմնադրամը կարողանա հավաքագրել միջոցներ, և այս ծրագիրն իրականություն դառնա։ Պետությունը նույնպես ֆինանսավորել է ծրագրի իրականացումը` և՛ ենթակառուցվածքների ձևավորման, և՛ համապատասխան հանրային լուսաբանման կազմակերպման նպատակով»։ Վարչապետը նշել է, որ «Եվրանյուզ» հեռուստաալիքը հաղորդումներ կհեռարձակի` նվիրված Տաթևի համալիրի բացմանը և ճոպանուղու շահագործմանը»:

Վարչապետը նշել է, որ առաջիկայում կներկայացվեն  ևս մի քանի այսպիսի նախաձեռնություններ` ինչպես Ազգային մրցունակության հիմնադրամի, այնպես էլ ուղղակի պետություն-մասնավոր համագործակցության սկզբունքով կառուցված ծրագրեր, որոնք կարող են մոտակա երեք տարիների ընթացքում էապես բարելավել և՛ բիզնես միջավայրը, և՛ զբոսաշրջության համար ստեղծել ավելի բարենպաստ պայմաններ։

Այսօրվա նիստում գործադիրը հաստատել է կենդանիների, կենդանական ծագման մթերքի, հումքի, կերերի, լրացակերերի, կերային խառնուրդների, կերային հավելումների և սննդամթերքի ներմուծման, արտահանման, հանրապետության տարածքում փոխադրման համար անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերի և անվտանգության սերտիֆիկատների տրման կարգը, դրանց փոխադրման, ԱՊՀ երկրներ արտահանման համար տրվող անասնաբուժական սերտիֆիկատների, ՀՀ ներկրվող և ՀՀ-ից արտահանվող սննդամթերքի համար տրվող անվտանգության սերտիֆիկատների ձևերը, որոշել ՀՀ-ից Եվրամության երկրներ արտահանման համար կիրառել Եվրամիության երրորդ երկրներից կենդանիների, կենդանական ծագման մթերքի, հումքի, կերերի, լրացակերերի և սննդամթերքի ներմուծման համար հաստատված առողջության սերտիֆիկատների ձևերը։

Հաջորդ որոշմամբ հաստատվել է կենդանիների, կենդանական ծագման հումքի, մթերքի, կերերի, լրացակերերի, կերային խառնուրդների, կերային հավելումների ներմուծման, արտահանման, տարանցիկ փոխադրման կարգը։ Փոփոխություն և լրացում կատարելով իր նախկին որոշումներից ևս մեկում, կառավարությունը հաստատել է անասնաբուժական դեղամիջոցների մնացորդային քանակների հսկողության իրականացման համար անհրաժեշտ կենդանական ծագման մթերքների նմուշառման կարգը, դրանց արդյունքների գրանցման ձևաթղթի լրացման իրավասու մարմին նշանակել ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը, անասնաբուժության բնագավառում արգելել անաբոլիկ ազդեցությամբ օժտված դեղամիջոցների կիրառումը։ «Ընդունված որոշումների այս փաթեթի նպատակն է ստեղծել գյուղատնտեսական մթերքների արտահանման բարենպաստ պայմաններ»,- նշել է Տիգրան Սարգսյանը։ -Այդ գործընթացն ավելի պարզ և դյուրին է դառնում, և մեր գյուղացին կկարողանա անարգել արտահանել իր ստեղծած արտադրանքը»։

Գործադիրն ընդունել է կենսապարարտանյութերի շուկայի զարգացման որոշում, որով գյուղատնտեսության նախարարին և  մարզպետներին հանձնարարվել է հանրապետության աղակալած հողերի վերականգնողական աշխատանքներում աջակցել «Ազոտովիտ-1» և «Ազոցեովիտ-1» կենսապարարտանյութերի կիրառման գործընթացին, ձեռնարկել դրանց կիրառման արդյունավետության վերաբերյալ հանրային իրազեկման և զանգվածային լրատվության միջոցներով լուսաբանման միջոցներ։  Վարչապետը նշել է, որ այս որոշումը կարող է հեղափոխական փոփոխություն առաջացնել պարարտանյութի շուկայում։ Մեր գիտնականներն ու արտադրողները խոստանում են, որ երկրի կարիքները հոգալուց հետո այս պարարտանյութերը կարելի է նաև արտահանել։ Դրանք որոշակի առավելություն ունեն, օրինակ, սելիտրայի նկատմամբ և արդյունավետ կարող են լինել աղակալած հողերի բարելավման համար։ Եթե այդպես է, ապա ՀՀ բնապահպանության նախարարության հետ համատեղ անհրաժեշտ կլինի մշակել այդ հողերում նոր պարարտանյութերը կիրառելու ծրագիրը։ Տիգրան Սարգսյանը շեշտել է նաև գյուղացիական տնտեսությունների համար նշված պարարտանյութերի առավելությունները պարզաբանելու կարևորությունը։

Կառավարությունը որոշել է Հայաստանից Եվրամիության երկրներ ձկան, ջրային կենդանիների, հիդրոբիոնտների և դրանցից ստացված մթերքի արտահանման լիազոր մարմին ճանաչել ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը, հաստատել մթերքների մեջ անասնաբուժական դեղամիջոցների մնացորդային առավելագույն քանակի հսկողության իրականացման համար անհրաժեշտ նմուշառման կարգը, այդ արդյունքների գրանցման ձևաթղթի լրացման իրավասու մարմին ճանաչել ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը։

Կառավարությունը փոփոխել է իր նախկին որոշումներից մեկը, որի համաձայն պետբյուջեով նախատեսված 558  մլն  դրամը հատկացվել է արտերկրից աշնանային ցորենի էլիտային վերարտադրության սերմացուի ձեռքբերմանը, ուստի ուժը կորցրած է ճանաչվել ավելի վաղ ընդունված մեկ այլ որոշում։

ՀՀ կառավարությունը ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը թույլատրել է «Երևանշին ԳԱՄ» ՍՊԸ հետ կնքել շինարարական կապալի պայմանագրեր «ՀՀ էկոոմիկայի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին հանձնված Մհեր Մկրտչյան 5 հասցեում գտնվող շենքին ամրացված հարթակի տակ և նկուղում գտնվող ստորգետնյա ավտոկայանատեղիի շինաշխատանքներն իրականացնելու համար, նախատեսելով, որ դրանք կատարվելու են ընկերության միջոցների հաշվին` առնվազն 120.000.000 ՀՀ դրամի չափով, կատարվելիք շինաշխատանքի դիմաց որպես հանդիպական կատարում ընկերությանը անհատույց օգտագործման իրավունքով մինչև 25 տարի ժամկետով տրամադրվելու է ոչ ավելի, քան 10 ավտոկայանատեղի։ Վարչապետ Տիգրան Սարգսյանը նախարարներին և մյուս գերատեսչությունների ղեկավարներին հորդորել է շինարարական կազմակերպությունների, մասնագետների հետ քննարկել պետական նշանակության այլ շենքերի տակ ևս ավտոկայանատեղիներ կառուցելու հարցը, որը կնպաստի մայրաքաղաքի կենտրոնը ազատել դրանց կուտակումից։

Իր նիստում գործադիրը լրացում է կատարել իր նախկին որոշումներից մեկում, որով ապահովվում է ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված աշխատողների իրավունքների և հնարավորությունների հավասարության, տղամարդկանց և կանանց միևնույն կամ համարժեք աշխատանքի դիմաց միևնույն չափով աշխատավարձ ստանալու իրավունքը։

Կառավարության որոշմամբ փոփոխվել և լրացվել է նախկին որոշումներից ևս մեկը, որով կանխվում են ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայության, ՀՀ պետական պահպանության ծառայության, ՀՀ փրկարար ծառայության և ՀՀ ԿԱ ոստիկանական մարմինների աշխատողների միջին ամսական աշխատավարձերի շեղումները։

Գործադիրը հաստատել է գանգատարկման խորհրդի կողմից վերադաս հարկային և մաքսային մարմինների գանգատարկման հանձնաժողովների որոշումների քննարկման կարգը։ ՀՀ կառավարության 2008թ. հոկտեմբերի 30-ի որոշմամբ հաստատված կարգով վիճակահանությունների արդյունքում չշահած ՀԴՄ 2010թ. երրորդ եռամսյակի կտրոնների խմբաքանակներ ունեցող ֆիզիկական անձանց բոնուսի վճարման հետ կապված ծախսերը փոխհատուցելու համար ՀՀ ԿԱ պետեկամուտների կոմիտեին հատկացվել է 655 մլն  դրամ։

Կառավարությունը հաստատել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի իսկական անդամների (ակադեմիկոսների) և թղթակից անդամների, ըստ մասնագիտությունների, առավելագույն թափուր տեղերի թիվը։

Կառավարությունը փոփոխել և լրացրել է իր նախկին որոշումներից մեկը, որի համաձայն հստակեցվել են գիտական աստիճանների հայցման ատենախոսությունների պաշտպանության քանակի նկատվող աճի պայմաններում անհարկի դժվարությունները հաղթահարելուն ուղղված քայլերը, որակավորման քննություններից հանվել է «փիլիսոփայություն» առարկան։

Գործադիրը որոշել է Արագածոտնի մարզի Աշնակ գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցին անհատույց, անժամկետ օգտագործման իրավունքով տրամադրել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն։ Որոշման ընդունումը պայմանավորված է այն հանգամանքով, որ եկեղեցին ամբողջությամբ վերականգնվել և օգտագործվում է պատմականորեն ձևավորված իր նախնական նշանակությանը համապատասխան` պաշտամունքային նպատակով։

Կառավարությունը համաձայնություն է տվել Հայաստանի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության կառավարությունների միջև ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքների ապահովման բնագավառում համագործակցության համաձայնագիրն ստորագրելու առաջարկությանը։

Գործադիրը փոփոխել է իր նախկին որոշումներից մեկը և կենսաթոշակառուի մահվան դեպքում վճարվող թաղման նպաստի չափը սահմանել           200 000 դրամ։ Նաև սահմանվել է, որ մինչև 2010թ. նոյեմբերի 1-ը «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի երկրորդ մասում նշված անձանց մահվան դեպքում թաղման նպաստ է վճարվում նրանց կենսաթոշակի 15-ապատիկի չափով (ներառյալ կենսաթոշակին տրվող` օրենքով սահմանված հավելումները), իսկ երրորդ մասում նշված անձանց մահվան դեպքում` բազային կենսաթոշակի 75-ապատիկի չափով։

Դիտվել է 2217 անգամ:
Print Friendly

Leave a Reply