Հրապարակվելու է Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի հկ-ների համատեղ նոր հռչակագիր

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | May 26, 2009 14:20

karen-ohanjanyan1Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ եւ արդարացի լուծման նպատակով Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի հասարակական դաշտի ներկայացուցիչները մայիսի 20-22-ը Թբիլիսում վերջնական տեսքի են բերել «Անկախ Քաղաքացիական Մինսկի Գործընթաց» հռչակագիրը, որը մոտ օրերս հրապարակվելու է: Գործընթացի մասնակիցներն իրենց առաջ խնդիր են դրել նպաստել խաղաղ գործընթացում քաղաքացիական հասարակության առավել լայն ներգրավմանը:

Նախաձեռնության հեղինակներն են Ղարաբաղյան «Հելսինկյան նախաձեռնություն-92» կազմակերպության ղեկավար Կարեն Օհանջանյանն ու Ադրբեջանի Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի համանախագահ Արզու Աբդուլայեվան:

Օհանջանյանի խոսքերով` ի տարբերություն Մինսկի խմբի, այս գործընթացը լինելու է բաց եւ հասանելի` հասարակության լայն շրջանների համար.

«Հատկապես վերջին ժամանակներս մեր`Լեռնային Ղարաբաղի, Ադրբեջանի եւ Հայաստանի հասարակության շրջաններում ինֆորմացիա է շրջանառվում, թե իբր Ղարաբաղյան խնդիրը շուտափույթ լուծում կստանա, եւ հիմնականում դա ուղեկցվում է «պարտվողական» տրամադրությամբ, ինչը հատկապես կապում են Մադրիդյան սկզբունքների հետ: Իսկ Մինսկի խմբի համանախագահներն ու մեր իշխանությունները պարբերաբար լավատեսություն են հայտնում խնդրի լուծման հետ կապված»:

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը նկատում է, որ «երկար տարիների խաղաղասիրական գործունեությունից հետո առաջին անգամ խնդիր է դրվում բարձրացնել քաղաքացիական հասարակության մասնակցության դերը կոնֆլիկտի լուծմանն ուղղված բանակցությունների մեջ:

«ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից երկար ժամանակ ընթացող բանակցությունները հասել են մի կետի, երբ նրանց նկատմամբ վստահությունը խարխլվել է հասարակության, կոնֆլիկտից տուժածների եւ կոնֆլիկտի լուծման արդյունքներում շահագրգռված խմբերի մոտ բանակցությունների վերաբերյալ տեղեկատվության խիստ ցածր մակարդակով»,-ասում է Ա. Սաքունցը:

artur-sakuntsi1webՍաքունցի համոզմամբ` կոնֆլիկտի լուծման վերաբերյալ ինչպիսի որոշում էլ որ ընդունվի, ձեւակերպումներն այլեւս հնացած են: Նա ասում է, որ հասարակության լայն շրջանակներին ներգրավելով է միայն հնարավոր նորովի մոտեցում ցուցաբերել խնդրին:

Ադրբեջանցի հասարակական գործիչ Էլդար Նամազովի խոսքերով` ի տարբերություն նախկինում իրականացված բազմաթիվ հայ-ադրբեջանական նախագծերի, Անկախ Քաղաքացիական Մինսկի Գործընթացը լինելու է էֆեկտիվ.

«Նախկինում մեր` քաղաքացիական հասարակության առաջարկությունները երբեք հաշվի չէին առնվում, մենք հույս չունեինք, որ Ղարաբաղյան խնդիրը երբեւիցե լուծում կստանա»,-ասում է Նամազովը եւ ավելացնում, որ հիմա իրավիճակը փոխվել է, եւ բոլորն այս կամ այն չափով խոսում են խնդրի լուծման տարբերակների մասին.
«Առաջին անգամ փորձ ենք անում Մինսկի գործընթացին զուգահեռ հարց լուծել` լինելով անկախ ու ոչ մեկին չենթարկվող: Մենք քննարկելու ենք կոնֆլիկտի սկզբունքները, խոսելու ենք մեզ հուզող տարբեր թեմաների,կոնկրետ պայմանավորվածությունների շուրջ»,- բացատրում է Նամազովը:

Դիտվել է 1607 անգամ:
Print Friendly

Leave a Reply