Մեկնարկում է փորձնական մարդահամարը
Շաբաթվա լուր, ՏՆՏԵՍԱԿԱՆ | Աննա Մուրադյան | October 21, 2010 16:19
Այսօրվանից Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում, Տավուշի մարզի Գետահովիտ, Գանձաքար, Աչաջուր և Խաշթառակի համայնքներում մեկնարկում է փորձնական մարդահամարը:
Մարդահամարը լինելու է 2011թ. հոկտեմբերի 12-21-ը: ՀՀ կառավարության 2009թ. մարտի 26-ի որոշմամբ, 2010թ. հոկտեմբերի 21-30-ը պետք է անցկացվի փորձնական մարդահամար, որի նպատակը հիմնական մարդահամարին առավելագույնս նախապատրաստվելն է:
Փորձնական մարդահամարը կանցկացվի հատուկ հատակագծերի միջոցով, որոնք պարունակում են փողոցների և տների վերաբերյալ տեղեկատվություն:
Մարդահամարը կանցկացվի հատուկ հարցաթերթի միջոցով, որի հարցերը նախօրոք համաձայնեցվել են բոլոր շահագրգիռ գերատեսչությունների հետ, որպեսզի մատչելի լինեն:
Այս մարդահամարի հարցաթերթիկների մեջ նոր հարցեր են ընդգրկվել, որոնք չեն եղել նախորդ մարդահամարի ժամանակ: Կետեր կան կրոնին, տնային տնտեսությունների կողմից գյուղատնտեսությամբ զբաղվելու, համակարգչի առկայության և դրանք ինտերնետային ցանցին միացնելու վերաբերյալ:
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանն ասում է, որ մարդահամարը նպատակը միայն մարդ համրելւ չէ. «Մեր նպատակն է նաև բնակչության վերաբերյալ բազմապիսի տեղեկատվություն հավաքելը: Մարդկանց կրթական մակարդակը պետք է պարզվի, ընտանեկան դրությունը և այլն»:
Մարադահամարն անցակցնելու և դրան նախորդող աշխատանքները կազմակերպելու համար՝ 5 տարվա կտրվածքով անհրաժեշտ է 2.5 մլրդ. դրամ: Գումարի 21 տոկոսը տրամադրվելու է Հայաստանի պետբյուջեից, մնացածի համար բանակցություններ են տարվում տարբեր դոնոր աղբյուրների հետ:
Կույումջյանն ասաց, որ համաձայնություն կա մի շարք կառույցների հետ. Համաշխարհային բանկը կտրամադրի 100 հազար դոլար, Իտալիայի կառավարությունը` 12 հազար եվրո, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամը` 47 հազար դոլար:
Կույումջյանը հավատացնում է, որ յուրաքանչյուր հաշվարարի աշխատանքը վերահսկվելու է, և կեղծ տվյալներ չեն հավաքագրվելու: «Բացի այդ՝ մարդահամարի ժամանակ հավաքագրված մարդկանց անձնական տվյալները գաղտնի են պահվելու և որևէ այլ նպատակներով չեն օգտագործվելու,- ասաց նա,- եթե որևէ անփույթ աշխատող դրանք հրապարակի, հետագայում դատական հարցեր կծագեն»:
Փորձնականի մարդահամարի արդյունքները չեն հրապարակվելու. դրանց վերաբերյալ կկազմվի զեկույց, որը կհրապարակվի հաջորդ տարվա մարտին: Իսկ հիմնական մարդահամարի արդյունքները հայտնի կլինի 2013թ.: Փորձնական մարդահամարը կանցկացվի 174 աշխատողներով, իսկ հիմնական մարդահամարում կընդգրկվի 16 հազար մարդ:
Հայաստանում վերջին մարդահամարն անցկացվել էր 2001թ.: 1999թ. ընդունված «Մարդահամարի մասին օրենքով» Հայաստանում մարդահամար անց է կացվում 10 տարին մեկ անգամ:






Facebook
Tweet This
Email This Post
