Աշխարհում ամեն տարի 800 մարդ մահանում է ավիավթարներից, իսկ 1200 մարդ էլ` լոգարանում

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | July 17, 2009 15:59

Ամեն տարի աշխարհում ավիավթարից մահանում է միջինը 800 մարդ, մինչդեռ իր սեփական լոգարանում`  1200 մարդ, ավտոտրանսպորտային պատահարներից միայն Ռուսաստանում տարեկան 35 հազար մարդ է զոհվում. այս մասին այսօր լրագրողներին ասաց «Ազգային ավիացիոն միավորման» նախագահ Դմիտրի Ադբաշյանը: Նա ասում է, որ ինքնաթիռն աշխարհում ամենաանվտանգ փոխադրամիջոցն է, չնայած որ պարբերաբար խոշոր վթարներ են տեղի ունենում:

Ադբաշյանն ասում է, որ «Տու 154»-ն անվտանգությամբ չի զիջում «Բոինգ»-ին և «Աէրոբուս»-ին. այն 3 շարժիչ ունի, սակայն կարող է անգամ մեկ շարժիչով շարունակել թռիչքը, եթե մյուս երկուսը վնասվեն: Ադբաշյանի կարծիքով` Թեհրանից Երևան թռչող ինքնաթիռի կործանման հնարավոր պատճառ կարող է լինել շարժիչներում հրդեհի բռնկումը, ինչի պատճառ կարող էր դառնալ Իրանում պարբերաբար տեղի ունեցող ավազամրրիկները, կամ վառելանյութի արտահոսքից բռնկված հրդեհը. «Հնարավոր է, որ հրդեհն այնքան ուժեղ է եղել, որ անձնակազմի ձեռնարկած քայլերը չեն օգնել, կամ էլ գուցե անձնակազմն է սխալվել ճակատագրական պահին»:

Ադբաշյանը, ով 3 հազար ժամ թռիչք է իրականացրել «Տու 154» ինքնաթիռներով, ասում է, որ այդ մոդելի միակ թույլ կետն այն է, որ բոլոր 3 շարժիչները գտնվում են ինքնաթիռի պոչային մասում, որտեղ նաև գտնվում է կառավարման համակարգը. «Շարժիչներում բռնկված հրդեհը կարող է միանգամից խափանել ինքնաթիռի կառավարման համակարգը»:

Իսկ այն, որ աշխարհի առաջատար ավիաընկերություններն աստիճանաբար հրաժարվում են «Տու 154»-ն օգտագործելուց, ըստ Ադբաշյանի, պայմանավորված է նրանով, որ այն ավելի շատ վառելանյութ է օգտագործում, քան ինքնաթիռի արևմտյան մոդելները. 1 ժամվա համար «Տու 154»-ին անհրաժեշտ է 7 տոննա վառելիք, իսկ «Աէրոբուս»-ին՝ 3 տոննա:

Ադբաշյանն ասում է, որ 1933-ից գործող հայկական ավիացիան այսօր որոշակի խնդիրներ ունի. կա կադրերի պակաս:

Նա ասում է, որ խորհրդային տարիներին Հայաստանում կար թեթև ավիացիա, որտեղ և կոփվում ու փորձ էին ձեռք բերում նորեկները: «Այսօր թեթև ավիացիա չունենք, չկա նաև փորձառության դպրոց»,- ասում է Ադբաշյանը:

Ըստ նրա` հայկական ավիացիայի 2-րդ խոշոր խնդիրն այն է, որ չկան երկար թռչող` հեռագնաց ինքնաթիռներ. Երևանից Լոս-Անջելես ուղիղ չվերթով թռչել, օրինակ, դեռևս  հնարավոր չէ:

Հայկական ավիացիան նաև չունի բեռնատար ինքնաթիռներ, ինչը, ըստ Ադբաշյանի, խոչընդոտում է գյուղմթերքների արտահանմանը. խորհրդային տարիներին ինքնաթիռով տարեկան արտահանվում էր մինչև 80 հազար տոննա միրգ, իսկ 2008-ին` 7 հազար տոննա:

Դիտվել է 1635 անգամ:
Print Friendly

Leave a Reply