Մեղքը պետք է քավել

Շաբաթվա լուր, ՍՊՈՐՏ | | October 30, 2010 12:00

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի համար 2010-ի մրցաշրջանը կարելի է կորած համարել: Բանն այն է, որ մերոնք բաց էին թողել Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում կազմակերպված Եվրոպայի առաջնությունը, իսկ Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում կայացած աշխարհի առաջնությունում մնացել էինք ձեռնունայն:  Բայց դրանից հետո մեր մարզիկները կրկին իրենց դրսևորելու հնարավորություն էին ստացել: Նրանք  օրերս հանդես եկան միջազգային երեք մրցաշարում:

Մախաչկալայում անցկացված միջազգային մրցաշարում Հաջիմուրադ Նորմուհամեդովը (84 կգ) հաղթող  դարձավ: Նա դաղստանցի է և Հայաստանի հավաքականի կազմում է հանդես գալիս: Դավիթ Սաֆարյանն էլ (66 կգ) Ռոստովում  միջազգային մրցաշարի հաղթող ճանաչվեց: Բայց այս ամենը փոքր սփոփանք է: Հայաստանի հավաքականի չորս ըմբիշ, Գրոզնիում մասնակցելով միջազգային ավելի լուրջ մրցաշարի, կրկին դատարկաձեռն  մնաց: Ընդ որում,  այդ ստուգատեսի հաղթողները որպես պարգև ստանում էին 20 հազար դոլար: 2-րդ և 3-րդ տեղերը զբաղեցնողներին էին հանձնվում, համապատասխանաբար, 5 հազար և 2 հազար դոլար: Չեմպիոնի անձնական մարզիչը պարգևատրվում էր 2 հազար դոլարով: Այդ մրցանակները սահմանել էին Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը և Ըմբշամարտի Ռուսաստանի ֆեդերացիայի փոխնախագահ Ադլան Վորաևը: Բայց, ինչպես նշվեց, այդ տոնը մերոնց համար չէր:

Հայաստանի հավաքականի  գլխավոր մարզիչ  Արայիկ Բաղդադյանը   կարծում է, որ խոշոր պարգևները գայթակղել էին, և ուժեղ ըմբիշներ էին ներկայացել մրցավայր: «Բայց հրավիրված բոլոր երկրների  ներկայացուցիչները հիասթափված էին, քանի որ կազմակերպիչներն օտարերկրացի ըմբիշներին այնպես էին տեղաբաշխել, որ իրար հետ մրցեին: Փաստորեն, տանտերերի համար նպաստավոր պայմաններ էին, և նրանք ուժեղ հակառակորդներին միայն եզրափակչում կարող էին հանդիպել: Այդ է պատճառը, որ  այս անգամ մեր ըմբիշներն այս ավանդական ստուգատեսին ավելի վատ մասնակցեցին, քան անցած տարի»,- ասաց Բաղդադյանը: Ի դեպ, Վադիմ Լալիևը (96 կգ) մոտ է եղել հաջողությանը, սակայն ի վերջո բավարարվել է 5-րդ տեղով: Ընդ որում, նրան  ահեղ մրցակից է բաժին ընկել` ռուսաստանցի անվանի ըմբիշ Հաջիմուրադ Գացալովը:

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչը նշեց, որ մրցագորգի վրա հավասար պայքար է ծավալվել: Այդուհանդերձ, նա դժգոհեց մրցավարությունից ու վիճակահանությունից: Մեր մյուս մարզիկներն էլ ներդրել են իրենց ուժերը, սակայն արդյունքի հասնել չեն կարողացել: Խոսքը վերաբերում է 55 կգ քաշային Միհրան Ջաբուրյանին, որ երկու հաղթանակ է տարել և տուժել է կողմնակալ մրցավարությունից: Գերծանր քաշային Ռուսլան Բասիևը կրկին զիջել է իր հիմնական հակառակորդին` ադրբեջանցի Ալիևին: 74 կգ քաշային Մուսա Մուրթազալիևն էլ անցանկալի վիճակահանության հետանքով է պարտվել: «Վիճակահանությունն այնպես էր, որ մարզիկը բացում էր պարկը, և որ գույնի քարն իրեն անհրաժեշտ էր, նայում և դուրս էր բերում: Այդպիսի բան չպետք է արվեր: Քարերը պետք է փակ տարաների մեջ լինեին: Անցած տարի ոչ մի արտառոց բան չեղավ, իսկ այս անգամ մրցաշարում ինչ ասես կարելի էր տեսնել: Թվում էր, թե  քանի որ ոչ թե մրցավարները, այլ ըմբիշներն են իրականացնում վիճակահանությունը, ապա այն ավելի արդար կլինի, սակայն հակառակը ստացվեց»,- պարզաբանեց Բաղդադյանը: Հայաստանի հավաքականի մարզիկների մեծ մասը,  որ աշխարհի առաջնության էր մասնակցել, բաց էր թողել այս մրցաշարը, քանի որ նախապատրաստվում էր հոկտեմբերի 22-24-ը Վանաձորում կայանալիք օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Ստեփան Սարգսյանի սահմանած մրցանակների խաղարկության միջազգային մրցաշարին:

Արդեն 13 երկրների ըմբշամարտի ֆեդերացիաներ հայտնել են, որ պատվիրակներ են գործուղելու այդ ստուգատեսին: Այնպես որ մրցաշարում ուժեղ ըմբիշներ են հանդես գալու: Մասնակցելու են ռուսաստանցիներ, օլիմպիական խաղերի չեմպիոն, մրցանակակիր Մախաչ Մուրթազալիևը, անվանի ըմբիշներ Ֆորնիևը, Թայմազովը, Կիտոևը: Ուժեղ մարզիկներով են մրցավայր ներկայանալու Իրանի, Ուկրաինայի հավաքականները: Ընդ որում, պարգևատրման հիմնադրամը բարձր է: Հաղթողը, երկրորդ և երրորդ մրցանակակիրները համապատասխանաբար ստանալու են 3 հազար, 2 հազար և հազար դոլար: Ուժեղագույն ճանաչված ըմբիշի մարզիչը հարստանալու է 5 հարյուր դոլարով:

Ինչ խոսք, մեր երկրի ներկայացուցիչները պետք է փորձեն քավել իրենց մեղքը, քանի որ այս տարի նրանք Եվրոպայի, աշխարհի մեծահասակների առաջնության ոչ մի մեդալ չունեն: Բաղդադյանը հայտնեց, որ  իրավիճակը ծանր է, և չի ցանկանում դրա համար արդարացումներ փնտրել, թեև եղել են խանգարիչ հանգամանքներ: Էդգար Ենոքյանը (96 կգ)  վնասվածք է ունեցել, նշագեղձերն են բորբոքված եղել, Ժիրայր Հովհաննիսյանի (66 կգ) ողնաշարն է ցավել: Նույնիսկ խոսակցություն է եղել նրանց  մրցագորգ չբերել, սակայն քանի որ ըմբիշները մեկ տարի նախապատրաստվել էին, որոշել են  ըմբիշներին իրենց կարողությունները փորձելու հնարավորություն տալ: Բացի այդ, նշվեց, որ ներկայումս Դաղստանի, Չեչնիայի շուրջ հինգ տասնյակ ըմբիշներ ուժեղացրել են աշխարհի տարբեր երկրների հավաքականները, և մեդալների համար պայքարելն ավելի է դժվարացել:

Ի դեպ, աշխարհի առաջնությունից հետո խոսակցություններ կային, որ պետք է հրաժարվել Բասիևի ծառայությունից, սակայն առայժմ նրան արժանի փոխարինող չկա, նույնիսկ երկրորդ ուժեղ մարզիկը չունենք, ով կարող է մեր երկիրը ներկայացնել միջազգային ստուգատեսներում: «Տեսնենք, թե  նա ինչպես հանդես կգա առաջիկա միջազգային մրցաշարում: Փաստորեն, ըմբիշին  կրկին իրեն դրսևորելու հնարավորություն կտրվի: Եթե նա չարդարացնի իրեն, ապա այլևս  այդ ըմբիշի վրա փող չենք ծախսի: Ի դեպ, Ռուսաստանում գերծանրքաշային 20 տարեկան հայ մարզիկ կա, նա ցանկություն է հայտնել համալրելու Հայաստանի հավաքականը: Այդ ըմբիշը հանդես կգա Ստեփան Սարգսյանի սահմանած պարգևների խաղարկության միջազգային մրցաշարում: Բասիևը տարիքն առել է, և օլիմպիական խաղերում նրա վրա հույս դնել չենք կարող: Ի դեպ, աշխարհի առաջնությանը նրանից բացի վատ մասնակցեց նաև 55 կգ քաշային Գեղամ Բաբախանյանը: Չնայած, կրկնում եմ, մյուսների համար էլ արդարացում չեմ փնտրում»,- ասաց հավաքականի գլխավոր մարզիչը:

Անկասկած, Հայաստանի հավաքականը համալրման կարիք ունի: Իսկ այդ բացը չեն կարող  շտկել մեր երկրի երիտասարդական հավաքականի ներկայացուցիչները, քանի որ ընտրության հնարավորությունը մեծ չէ: «Երկու-երեք խոստումնալից ըմբիշ

կա: Նրանք հաջողություններ են ունեցել պատանեկան կամ երիտասարդական  միջազգային ստուգատեսներում, բայց այդ տղաները մինչև առաջիկա օլիմպիական խաղերը չեն հասցնի թրծվել և հաջողության հասնելու հույսեր ներշնչել: 17-18 տարեկան այդ ըմբիշները դեռ երկար ճանապարհ ունեն անցնելու, և միջազգային մրցափորձի պակասը թույլ չի տա, որ նրանք ձեռքբերումներ ունենան հաջորդ տարի կազմակերպվելիք օլիմպիական վարկանիշային միջազգային ստուգատեսներում»,- պարզաբանեց Բաղդադյանը: Առանձնացան Սինգապուրի պատանեկան օլիմպիական խաղերի մրցանակակիր Արտակ Հովհաննիսյանը, Եվրոպայի պատանեկան առաջնության մրցանակակիրներ Էմին Գևորգյանը, Վալտեր Մարգարյանը և ուրիշներ: Այդուհանդերձ , մարզիչը հայտնեց, որ հավաքականում տեղ գրավելու համար 55 կգ, 60 կգ, 66 կգ, 74 կգ, 84 կգ քաշային կարգերում արժանի հակառակորդներ  կան, և  լրացուցիչ լարվածություն ստեղծելու համար  դրսից փորձառու այլ ըմբիշներ հրավիրելու ցանկություն չկա: Եվ այդ մարզիկների ուժերին ապավինելով` պետք է նախապատրաստվեն 2012-ին Լոնդոնում կայանալիք օլիմպիական խաղերին:

Իսկ Վանաձորում առաջիկայում անցկացվելիք միջազգային մրցաշարից հետո Հայաստանի այս մարզաձևի ներկայացուցիչները հանդես կգան Կրասնոդարում կազմակերպվելիք միջազգային մրցաշարում: Դրան էլ կհաջորդի տարեվերջյան ուսումնամարզական հավաքը Ծաղկաձորում, որում կներգրավվեն ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի մեծահասակների, նաև երիտասարդների, պատանիների հավաքականների անդամները: Մերոնց հետ համատեղ պարապելու է Դաղստանի ընտրանին: Փաստորեն, դա կլինի 2011-ի մրցաշրջանի նախապատրաստությունը:

Եկող տարվա Եվրոպայի առաջնությունն անցկացվելու է մարտին, Գերմանիայի Դորտմունդ քաղաքում: Այնպես որ, Բաքվում այս ստուգատեսը բաց թողնելուց մեկամյա ընդմիջումից հետո Հայաստանի ներկայացուցիչները կրկին ուժերը կչափեն Հին աշխարհամասի առաջնությունում: Սակայն նոր մրցաշրջանում ևս մի անհարմարություն կա:

Թուրքիայում է կազմակերպվելու աշխարհի առաջնությունը, որն օլիմպիական խաղերի համար վարկանիշային է: Հայաստանի հավաքականի գխավոր մարզիչը հայտնեց,  որ ադրբեջանցիները չէին կարող երկու խոշոր ստուգատես անընդմեջ իրենց երկրում անցկացնել, սակայն մեծ աջակցություն են ցույց տվել, որ աշխարհի առաջնության մրցավայր դառնա  Թուրքիան, և կարելի է ենթադրել, որ  Ստամբուլում սեպտեմբերին կազմակերպվելիք ստուգատեսում նրանք խնդիրներ չեն ունենա, փոխարենը մեր ըմբիշների համար շատ դժվար կլինի: Իսկ 1-5-րդ տեղերը զբաղեցնողներն արժանանալու են օլիմպիական խաղերի մասնակցելու իրավունքին:

2012-ի Եվրոպայի առաջնությունում 1-2-րդ տեղերը գրավողներն են այդպիսի պատվի արժանանալու: Կազմակերպվելու է վարկանիշային երկու  մրցաշար: Առաջինում 1-3-րդ, երկրորդում`1-2-րդ տեղերը գրավողները օլիմպիական խաղերի վարկանիշ ձեռք կբերեն: Վերջին ստուգատեսների մրցավայրերը դեռ հայտնի չեն: Ի դեպ, Հայաստանի ներկայացուցիչները ցանկություն են հայտնել հյուրընկալել դրանցից մեկի մասնակիցներին: Բաղդադյանը հայտնեց, որ թեև դժվար է լինելու, սակայն մերոնք  պակաս ուղեգրեր չեն ունենա, քան նախորդ օլիմպիական խաղերում, և նույնիսկ այդ թիվն ավելի մեծ կլինի: Հիշեցնենք, որ 2008-ին Պեկինում կայացած օլիմպիական խաղերում Հայաստանից հանդես  եկավ ազատ ոճի  երեք ըմբիշ, որոնք այդպես էլ  չարդարացրին իրենց:

Դիտվել է 2364 անգամ:
Print Friendly

Leave a Reply