Համահայկական խաբեություն

Շաբաթվա լուր, ՍՊՈՐՏ | | October 26, 2010 18:29

Այս տարի առաջին անգամ Երևանում անցկացվեց շախմատի համահայկական օլիմպիադա: Ինչ խոսք, այդ մտահղացումը լավն է, սակայն, թե այն ինչպես իրականացվեց, կարելի է միայն համահայկական խաբեություն անվանել:

Առաջին անգամ այն գաղափարը, որ աշխարհի տարբեր երկրներում բնակվող հայ շախմատիստների մասնակցությամբ կարելի է շախմատի մրցաշար կազմակերպել, առաջացել էր 2003-ին կազմակերպված համահայկական խաղերի ժամանակ:  Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ,  Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ, միջազգային մրցավար Աշոտ Վարդապետյանը վերհիշեց, որ Հայաստանի շախմատիստի տանը Համահայկական խաղերի ծրագրով անցկացված շախմատի մրցաշարի ժամանակ այդ մասին զրուցել է Համահայկական խաղերի նախաձեռնող Մելիք-Շահնազարյանի հետ: «Նա խորհուրդ հարցրեց, և ես իմ տեսակետը հայտնեցի, թե ինչպիսին կարող է լինել այդ մրցաշարը: Բանն այն է, որ Հայաստանի շախմատիստները շատ ուժեղ էին և խաղերի ծրագրով մրցաշարում վարկանիշի սահմանափակում էր դրվել: Եվ այդ մրցաշարը մի տեսակ անհետաքրքիր էր, մակարդակ չուներ: Եվ համահայկական ավելի խոշոր մրցաշար կազմակերպելու խնդիր էր առաջանում, որին կկարողանային մասնակցել արտասահմանում բնակվող մեր ուժեղագույն շախմատիստները: Ասենք` Սերգեյ Մովսիսյանը (Սլովակիա), Վարուժան Հակոբյանը (ԱՄՆ), Յուրի Դոխոյանը (Ռուսաստան) և մյուսները գային ու  մեր լավագույնների, այդ թվուն նաև Լևոն Արոնյանի հետ միասին խաղային մրցաշարում: Այդ ծրագիրը Մելիք-Շահնազարյանին շատ հրապուրեց, սակայն երբ նա մահացավ, այդ ամենի մասին մոռացվեց: Ուրախ եմ, որ ներկայումս Հայաստանի սփյուռքի նախարարությունն առաջարկեց շախմատի համահայկական օլիմպիադա կազմակերպել: Այդուհանդերձ, տպավորությունը հակասական է»,- ասաց Վարդապետյանը:

Թերևս պատճառն այն է, որ  դա մի մրցաշար պետք է լիներ, որը տոնի  պիտի վերածվեր: Այլ բան չէր էլ կարելի պատկերացնել, եթե մրցեին աշխարհի տարբեր երկրներում բնակվող հայ ուժեղագույն շախմատիստները: Ընդ որում, այդ պարագայում  մրցաշարը բարձր կարգ կունենար, և մասնակիցները կկարողանային տարբեր նորմեր լրացնել: Սակայն  այդ ամենի փոխարեն ունեցանք մի մրցաշար, որը պարզապես ստվերում էր: Ընդ որում, այն կազմակերպվեց Հայաստանի շախմատային ակադեմիայում, որը գտնվում է մայրաքաղաքի ծայրամասում` կարելի է ասել` աչքից հեռու մի բնակավայրում: Եվ այնպես ստացվեց, որ այդ ստուգատեսն անցավ անշուք, գրեթե փակ դռների հետևում: Փաստն այն է, որ ոգևորություն չստացվեց: Ստուգատեսն  էլ շվեյցարական մրցակարգով էր կազմակերպվել, և գրեթե պայքար չկար: Ընդ որում, մրցաշարն անհատական-թիմային էր: Եվ երբ վերջին տուրում Երևանի երկու ներկայացուցիչ, պայքարելով իրար դեմ, միմյանց խանգարեցին, որ իրենց  թիմը գրավի առաջին տեղը, ապա դժվար չէր եզրակացնել, որ մրցակարգն էլ սխալ էր ընտրվել:

Բացի այդ, թիմային ոգի չէր զգացվում: Իրականությունն այն էր, որ խաղացողներից յուրաքանչյուրը միայն իր համար էր մրցում: Դրան զուգահեռ կազմակերպվել էր համահայկական բաց մրցաշար, որը նույնպես ձախողված կարելի է համարել: Մասնակցում էր 126 շախմատիստ, բայց այն հաջողված չէր, քանի որ գրեթե ոչ մի արտասահմանցի ուժերը չէր չափում: Ճշմարտության դեմ չմեղանչելու համար նշենք, որ ԱՄՆ-ից երեք ներկայացուցիչ կար, սակայն բոլորն էլ պատահականորեն էին պայքարի ոլորտ ներգրավվել, քանի որ այդ օրերին իջևանել էին իրենց բարեկամների մոտ և ամառային հանգիստն էին անցկացնում:

Կարելի է ասել, որ կազմակերպչական աշխատանքի նույն ոճն էր, որը տարիներ ի վեր կիրառվում է  Ջերմուկի միջազգային մրցաշարի կազմակերպման ժամանակ: Շախմատի համահայկական օլիմպիադայի պարգևատրման հիմնադրամը 21700 դոլար էր, իսկ բաց մրցաշարի պարգևատրման հիմնադրամը` 8 հազար դոլար: Այնպես որ մեծ փողեր էին ծախսվել: Ընդ որում, սկզբում նախատեսված էր, որ պետք է լինեն բաց A և B մրցաշարեր, սակայն մասնակիցների քիչ թվաքանակի պատճառով A մրցաշարը չկազմակերպվեց և միախառնվեց  B մրցաշարին: Կարճ ասած,մի կողմից` հիանալի մտահղացում էր` կազմակերպել համահայկական շախմատային միջոցառում, մյուս կողմից`  ունեցանք այդպիսի անշուք մրցաշար, որ ուղղակի վայել չէր:

Իսկ այս ամենի իրականացնողը Հրանուշ Հակոբյանի և Սմբատ Լպուտյանի գլխավորած ՀՀ սփյուռքի նախարարությունը և Հայաստանի շախմատային ակադեմիան են:

Դիտվել է 1265 անգամ:
Print Friendly

Leave a Reply