Գորիսի 140-ամյակը

ՄՇԱԿՈՒՅԹ, Շաբաթվա լուր | | October 21, 2010 15:22

Այս կամուրջով միանում են հին ու նոր Գորիսը

Լրագրողներին, հատկապես սփյուռքահայ լրագրողներին հաճելի անակնկալ էր սպասում Գորիսում:  Լեռների արանքում՝  մուգ կարմիր տանիքներով ու  գորգի նախշեր հիշեցնող տներով զուգված Գորիս մտնելիս ավտոբուսի պատուհաններից երևացին փողոցում գցված լիքը սեղանները: Գորիսը Հայաստանի միակ քաղաքն է, որտեղ սովետական ճարտարապետությունը մուտք չի գործել: Տները կառուցված են ավանդական ոճով:

Այս տարի հոկտեմբերի 16-ը Գորիսի համար տոնական էր: Այդ օրը գործարկվում էր Տաթևի ճոպանուղին, Մխիթար սպարապետի հրապարակում բացվում էին շատրվանները, Գրիգոր Տաթևացու հրապարակում՝ Տաթևացու հուշարձանը:   Ուստի գորիսեցիները հունիսի 25-26-ը նշվող բակունցյան օրերը, տեղափոխել էին այդ օրն ու նշում էին քաղաքի հիմնադրման 140-ամյակը: Շատրվանների մոտ  բեռնատար մեքենայի թափքին  դրված «Գորիս-140» անվամբ և հայկական եռագույնով զարդարված տորթը բաժանվեց հրապարակում հավաքվածներին:

Գորիսի հիմնադրման տարեթիվը համարվում է 1880 թվականը, սակայն հին Գորիսը հազարամյակների պատմություն ունի: Հին Գորիսը կամ Կյորեսը տարածված է Գորիսը լեռներից բաժանող Վարարակ գետակի կամուրջի մյուս կողմում, որտեղ մարդիկ ապրել են անձավներում: Հետո իջել և տներ են  կառուցել գետի մյուս կողմում:

Վիգեն Մանուչարյանի տունը, որի դիմաց գցված սեղանի  շուրջ հավաքվեցին մի խումբ լրագրողներ, գտնվում է գուսան Աշոտի տան դիմաց: Հայտնի գուսանի տանը ոչ ոք չկար, բայց պատին փակցված ցուցանակը գորիսեցիները հպարտորեն ցույց են տալիս բոլորին:

«Երկու բաժակ թթի օղի և վերջ,- ասաց տանտեր Մանուչարյանը՝ մեկնաբանելով, որ տոնը առիթ է դառնում, որ խռոված հարևանները հաշտվեն,- էրեխուն ուղարկում ենք, թե՝ եկեք խորոված ուտելու, մնացածը սեղանի շուրջը լուծվում է»: Վիգենն ասում է, որ պարտադիր չէ տոնը նշել փողոցում, լինում  է, որ տան բակում էլ են նշում. «ուղղակի այս տարին էր առանձնահատուկ»:

Սեղանի պարտադիր բաղադրիչներից են խորովածն ու տոլման: Այս տոլման տարբերվում է սովորական տոլմայից նրանով, որ հատիկները փաթաթվում են ավելի խոշոր չափերով, և լցոնի մեջ գերակշռում է բրինձը: Մարդիկ հանում են իրենց տան հին իրերը՝ կուժ, գորգ և դրանցով զարդարում բակը, սեղանները լցվում են համեղ ու ավանդական ուտեստներով, օդում թևածում է իրար զարնվող օղու բաժակների զրնգոցը: Եթե ուզում ես գինի կամ մաճառ՝ խնդրեմ, գորիսեցու սեղանն այդ օրը բաց է բոլորի համար:

Սեղաններ գցած գորիսեցիներից շատերն ասացին, որ մի քանի հարևանով միանում և սեղան են գցում, իսկ չունևորներին օգնում է Գորիսի քաղաքապետարանը՝ երեք  ընտանիքին հատկացնելով 25 հազար դրամ:

Սակայն քաղաքի կենտրոնից դուրս տանող փողոցներում սեղաններ չկային: Կամուրջից այս կողմ  երեք միայնակ տատիկ նստած էին մեկի տան բակում: Նրանք նույնպես սեղան չէին գցել:  Զաբելա Ճաղարյանն ասաց, որ հնարավորություն չունեն. «Մեր ջահելները դրսում են, իսկ քաղաքապետարանն էլ իրենց ծանոթներին է փող տալիս»:

Հաջորդ փողոցում մի կին, որ չցանկացավ ներկայանալ, ասաց, որ ամեն տարի չէ, որ այդպես ճոխ սեղաններ են գցվում դրսում. «Վերևից հրաման են տվել, որ սեղան գցեք, ժողովուրդն էլ գցել ա, ճարներն ի՞նչ»:

Նկարչական սիմպոզիում՝ նվիրված Արցախին

Գանձասար վանական համալիրի բակում երկու նկարիչ նկարում էին հինավուրց հոյակերտ տաճարը: Սուրեն Խորումյանն ասաց, որ «Լոռվա հայրենակցական միության» նախաձեռնությամբ կազմակերպված է նկարիչների սիմպոզիում՝ արցախյան թեմաներով: Հայաստանի տարբեր քաղաքների նկարիչներ 7 օր պիտի նկարեն Ղարաբաղի տարբեր գեղատեսիլ վայրերում,  այնուհետև ցուցահանդես կկազմակերպվի Ստեփանակերտում, որը հետո կտեղափոխվի Հայաստանի նկարիչների միություն:

Գանձասար համալիրը գտնվում է Մարտակերտի շրջանում:  Այն կառուցվել է  1216- 1238 թթ., որը օծել են 700 հոգևորականներ: Այստեղ կան մասունքներ  Հովհաննես Մկրտչից, Զաքարիայից, Գրիգոր Լուսավորչից: Աղվանից կաթողիկոսությունը,  որի նստավայրը եղել է Գանձասարը, ունեցել է 1200 եկեղեցի: Համալիրի վանահայր Գրիգոր քահանա Մարկոսյանն ասաց, որ Գանձասարը զբոսաշրջիկների պակաս չի զգում, սակայն, ցավոք,  սակավ են ուխտավորները, մարդիկ գալիս են ընդամենը լուսանկարվելու համար:

Ուշագրավ է, որ Արցախյան գոյամարտի ժամանակ վանական համալիրը բացարձակապես չի վնասվել:

Դիտվել է 1799 անգամ:
Print Friendly

Leave a Reply