Բաց նամակ` հերքման պահանջով

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | October 21, 2010 14:47

ՌԴ ռեզիդենտ

«Իզդատելսկայա Գրուպա Ատտիկուս» ՍՊԸ-ին

Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության ռեզիդենտ`

Kingfisher Publications Plc-ին

Կրնօրինակները`

Հայաստանի Հանրապետության

արդարադատության նախարարությանը

ՌԴ-ում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին

Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին

Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում գործող

Հայկական մշակութային կենտրոնին

Վերջերս Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքի` Երևանի գրախանութներից մեկից գնված հանրագիտարանից (Большая иллюстрированная энциклопедия географии, այսուհետ` Հանրագիտարան) պարզվել է, որ Հայաստանի Հանրապետության վերաբերյալ ներկայացված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը և Հայաստանի Հանրապետության վերաբերյալ ոչ ճիշտ պատկերացում են տալիս ընթերցողին:

Հանրագիտարանը հրատարակվել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության ռեզիդենտ` Kingfisher Publications Plc-ի կողմից և ռուսերեն վերահրատարակվել է ՌԴ ռեզիդենտ «Իզդատելսկայա Գրուպա Ատտիկուս» ՍՊԸ-ի կողմից:

Հանրագիտարանի 236-րդ էջում Հայաստանի Հանրապետության վերաբերյալ ներկայացված են հետևյալ սխալ տեղեկությունները`

–         Հիմնական լեզուները` հայերեն, ադրբեջաներեն.

–         Հիմնական կրոնները` ուղղափառ (Հայկական առաքելական եկեղեցի). իսլամ (շիիթ).

–         1988-1989 թթ. Ադրբեջանի և Հայաստանի միջև տեղի է ունեցել ռազմական ընդհարում:

Հրատարակող կազմակերպության կողմից հրատարակված վերոհիշյալ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը և ենթակա են հերքման` հետևյալ պատճառաբանությամբ.

1. Հայաստանի Հանրապետության հիմնական լեզուն հայերենն է.

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 12-րդ հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետության պետական լեզուն հայերենն է:

Հայաստանում ադրբեջաներեն ընդհանրապես չի գործածվում:

Այս փաստն անուղղակիորեն ընդունել է նաև հրատարակող կազմակերպությունը նշելով, որ Հայաստանի բնակչության 96 տոկոսը կազմում են հայերը: Մնացած 4 տոկոսը կազմում են եզդիները, հույները, ուկրաինացիները, հրեաները, ռուսները, քրդերը և այլն:

2. Հայաստանի Հանրապետության հիմնական կրոնը քրիստոնեությունն է.

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 8.1 հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյաց առաքելական եկեղեցու` որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում:

Բոլոր պատմական աղբյուրներից հայտնի է, որ քրիստոնեությունը, որպես պետական կրոն, առաջինը ճանաչվել է Հայաստանում` դեռևս 301 թվականին (Տես օրինակ` Православная Энциклопедия, ինտերնետի աղբյուրներից` http://www.pravoslavie.in.ua/, http://www.pravmir.ru/xristianstvo-v-armenii/, http://ru.wikipedia.org/ ):

Բոլոր հեղինակավոր հանրագիտարաններն էլ տեղյակ են, որ Հայաստանի Հանրապետության հիմնական կրոնը քրիստոնեությունն է, իսկ եկեղեցին Հայ առաքելական եկեղեցին (Տես օրինակ` первая школьная энциклопедия страны мира, Москва “РОСМЕН” 2008):

Ուշագրավ է այն հանգամանքը, որ հրատարակող կազմակերպությունը ընդունելով, որ Հայաստանի բնակչության 96 տոկոսը կազմում են հայերը, նշել է, որ իսլամը նույնպես հանդիսանում է Հայաստանի հիմնական կրոնը:

Ավելին, հրատարակող կազմակերպությունը Հայ առաքելական եկեղեցին ներառել է ուղղափառ եկեղեցու կազմում, այն դեպքում, երբ ինչպես ուղղափառ, այնպես էլ Հայ առաքելական եկեղեցիները քրիստոնեական կրոնի առանձին ուղղություններ են:

3. Ռազմական ընդհարումը տեղի է ունեցել Ադրբեջանի և Արցախի (հայերի) միջև, ոչ թե Հայաստանի ու Ադրբեջանի:

Ռազմական ընդհարումը տեղի է ունեցել Արցախի (Լեռնային Ղարաբաղի) և Ադրբեջանի միջև, որը ծագել է Ադրբեջանի կողմից հայերի բնաջնջման գործողություններից հետո (բնաջնջման գործողությունները սկսվեցին, երբ Արցախի ժողովուրդն օգտվեց ինքնորոշման իր իրավունքից): Հայաստանի Հանրապետությունը օգնություն է ցույց տվել միջազգայնորեն ինքնորոշման իրավունք ունեցող Լեռնային Ղարաբաղին (Տես օրինակ` http://ru.wikipedia.org/):

Ավելին, ընդհարումը սկսվել է 1988-ին և վերաճել պատերազմի` 1994թ. ավարտվելով հրադադարով:

4. Հանրագիտարանում ներկայացված լուսանկարը ճիշտ չի բնութագրում Հայաստանը:

Նկարում պատկերված են կարտոֆիլ հավաքող, արևից սևացած երկու տարեց գյուղացիներ: Կասկածի տակ դնելով այդ անձանց հայ լինելու, ինչպես նաև լուսանկարը Հայաստանում կատարված լինելու հանգամանքները, բոլոր դեպքերում գտնում ենք, որ կարտոֆիլը Հայաստանը բնութագրող խորհրդանիշ չի կարող լինել:

Հայաստանի գյուղատնտեսությունը բնութագրող առավել հայտնի խորհրդանիշներ են խաղողը, նուռը և ծիրանը:

Ելնելով վերոգրյալից,

1. ՌԴ ռեզիդենտ` «Իզդատելսկայա Գրուպա Ատտիկուս» ՍՊԸ-ին խնդրում ենք հերքել Հանրագիտարանում տեղ գտած վերոհիշյալ տեղեկությունները` համաձայն «Զանգվածային լրատվության միջոցների մասին» ՌԴ օրենքի 43-րդ և 44-րդ հոդվածների:

2. Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության ռեզիդենտ` Kingfisher Publications Plc-ին խնդրում ենք հերքել Հանրագիտարանում զետեղված վերոհիշյալ տեղեկությունները:

3. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը խնդրում ենք, «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության և Ռուսաստանի Դաշնության արդարադատության նախարարության միջև համագործակցության մասին» 28.12.2004թ. համաձայնագրի 2-րդ հոդվածի համաձայն, ՌԴ արդարադատության նախարարությանը դիմել` պետության իրավունքների և օրինական շահերի ապահովման ուղղությամբ համագործակցելու խնդրանքով:

4. ՌԴ-ում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին և Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին խնդրում ենք համապատասխան միջոցներ ձեռնարկել Հանրագիտարանում նշված տեղեկությունները հերքելու ուղղությամբ:

5. Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում գործող Հայկական մշակութային կենտրոնին խնդրում ենք «Հայաստանի Հանրապետության կառավարության և Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության միջև մշակութային կենտրոնների ստեղծման և գործունեության մասին» 05.11.2004թ. համաձայնագրի հիման վրա միջոցներ ձեռնարկել Հանրագիտարանում նշված տեղեկությունները հերքելու ուղղությամբ:

Հարգանքով`

«Անկախ» շաբաթաթերթի և

www.ankakh.com էլեկտրոնային կայքի խմբագրակազմ

Դիմող «ՎԻՎ Այսօր և վաղը» ՍՊԸն

Հայաստանի Հանրապետության

օրենսդրությամբ ստեղծված կազմակերպություն է,

որն իրականացնում է լրատվական գործունեություն

(«Անկախ» շաբաթաթերթ և համանուն էլեկտրոնային կայք):

Դիտվել է 1993 անգամ:
Print Friendly

Leave a Reply