Ավարտվեց «Ժողովրդավարության ապագայի համար» ֆորումը

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, Օրվա լուր | | October 21, 2010 14:41

Այսօր  Երեւանում իր աշխատանքներն ավարտեց Եվրոպայի խորհրդի «Ժողովրդավարության ապագայի համար» ֆորումը: Ֆորումի փակմանը ելույթներով հանդես եկան Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը եւ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Ֆորումի փակման արարողությանը ելույթ ունենալով ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ եռօրյա ֆորումի ընթացքում եղել են  աշխույժ բանավեճեր եւ քննարկումներ, ուշադրության են արժանացել համարձակ մտքերը:

«Այս տարի նշվում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի ընդունման 60-ամյակը, որը միասնական նպատակ հռչակեց համաեվրոպական արժեքներից բխող իդեալների եւ սկզբուքների կենսագործումը, եվրոպական միասնության ձեւավորումը: Եվրոպայի խորհուրդը նույնպես ունի վեց տասնամյակի պատմություն, որը դրսեւորվեց ընդհանուր արժեհամակարգի վրա հիմնված ժողովրդավարական հաստատությունների արմատավորմամբ: Այն ժամանակաշրջանը, երբ նոր էին ձեռնարկվում առաջին քայլերն այդ ուղղությամբ առավել քան խորհրդանշական էր` եվրոպական մայրցամաքը ապաքինվում էր երկրորդ աշխարհամարտի վերքերից: Եվրոպայի համար նոր էջ էր բացվում:

40 տարի անց շրջադարձային նշանակություն ունեցավ Բեռլինի պատի փլուզումը, որը սոսկ ֆիզիկական փլուզում չէր. դա նաեւ Եվրոպայում գաղափարախոսական բաժանարար գծերի վերացման սկիզբն էր ազդարարում:

Բայց արդյո±ք այսօր` 20 տարի անց կարող ենք ասել, որ բաժանարար գծերը իսպառ վերացել են: Ի±նչ նոր մարտահրավերներ են ի հայտ եկել փոխարեն Սառը պատերազմի շրջանի առճակատմանը: Արդյո±ք այսօր` 60 տարի անց, կարող ենք ասել, որ ժողովրդավարության զարգացման առումով այլեւս անելիք չի մնացել: Այդպես չէ, մենք ունենք մարտահրավերներ, որոնց քննարկմանն է նվիրված հենց այս ֆորումը»:

Նալբանդյանը նշել է, որ միամիտ կլիներ ենթադրել, որ երեւանյան ֆորումի անցած երեք օրերի ընթացքում հնարավոր էր  պատասխաններ գտնել բոլոր հարցերին եւ լուծումներ` բոլոր խնդիրներին. «Այս գործընթացի արժեքը կայանում է նրանում, որ ժողովրդավարության խնդիրների շուրջ քննարկումները կրեն շարունակական բնույթ եւ զերծ մնան կարծրատիպային մտածելակերպից: Մեր համատեղ ջանքերից է կախված, թե որչափ արդյունավետ է Եվրոպայի խորհուրդը ծառայելու որպես կարեւոր քաղաքական հարթակ համաեվրոպական բովանդակալից բանավեճերի եւ Եվրոպայի միասնությունը խթանող հավաքական ջանքերի համար»:

«Այս Ֆորումին մասնակցելու համար դուք եկել եք Հայաստան` Եվրոպայի մի մաս, ուր մեր ժողովուրդը այդ նույն քաղաքակրթական արժեքների համար պայքարել է դարեր շարունակ: Որքան որ հին է այս մայրցամաքը, նույնքան եւ հին են Հայաստանի ու հայ ժողովրդի կապերը Եվրոպայի հետ: Դրանք ձգվում են դեպի դարերի խորքը, դեպի այն ժամանակները, երբ մեր ժողովրդի լուսավոր զավակներն իրենց մասնակցությունն էին բերում այն արժեհամակարգի ձեւավորմանը, որն այսօր անվանում են եվրոպական արժեքներ: Այս իմաստով, Հայաստանի մերձեցումը եվրոպական ընտանիքին ընթանում է բնական կերպով, որովհետեւ մեր ժողովրդի մշակութային, դավանաբանական, լեզվական ու աշխարհընկալման առումներով սա վերադարձ չէ. խորքային արժեքային համակարգի տեսանկյունից մենք մնացել ենք նույն տեղում` հավատարիմ այն ակունքներին, որոնք նաեւ Եվրոպայինն են:

Հայաստանում շուտով նշելու ենք անկախության 20-ամյակը: Հայաստանի, ինչպես եւ ամբողջ Եվրոպայի համար անցած քսան տարիները էական վերափոխումների ժամանակաշրջան էր, որը մենք փորձեցինք անցնել ձեռք-ձեռքի տված:

Ժողովրդավարությունը կենդանի օրգանիզմ է` ազգային, տարածաշրջանային եւ համընդհանուր յուրահատկություններով, որը ձեւավորվում եւ շարունակաբար զարգանում է: Կարող ենք համամիտ լինել այն մտքին, որ ժողովրդավարությունը պետք է լինի շարունակական, այլապես այն կդադարի ժողովրդավարություն լինելուց»,- ասել է Նալբանդյանը:

Դիտվել է 859 անգամ:
Print Friendly

Leave a Reply