23-ամյա կին ազատամարտիկը պատերազմում կորցրեց զույգ ոտքերը, բայց չկորցրեց սերը կյանքի հանդեպ

ԱՆԿԱԽ ԿԻՆ, Շաբաթվա լուր | | October 22, 2010 0:33

Մոտ տասը տարի է անցել այն օրվանից, երբ հանդիպեցի Շուշանիկին ու նրա մասին առաջին հոդվածս գրեցի. առաջին կուրսի ուսանող էի: Եվ շատ զարմացա, երբ մի քանի օր անց ինձ զանգահարեց մի շատ պատկառելի մարդ ու շնորհակալություն հայտնեց, քանի որ իմ հոդվածի միջոցով ծանոթացել էր Շուշանիկի հետ ու հիացած էր այդ հիանալի, խիզախ ու վեհ կնոջով, որ արցախյան պատերազմի ժամանակ ամուսնու ու մեկ տարեկան դստեր հետ սահմանում պաշտպանում էր իր տունն ու երկիրը:

Շատերին հիմա զարմանալի, գուցե մի փոքր էլ անհասկանալի թվա, որ 23-ամյա երիտասարդ կինը, այն էլ մեկ տարեկան երեխան գրկին, կարող էր մասնակցել պատերազմական գործողությունների: Սակայն այդ տարիներին, եթե հատկապես ապրում էիր սահմանամերձ գյուղում, արդեն պատերազմի մասնակից էիր. ինչպես Շուշանիկն է պատմում, գյուղում փոքրից մեծ` կին թե տղամարդ, մասնակցում էին կռվին, իսկ տղամարդիկ ամիսներով տուն չէին գալիս: «Գյուղը կրակոցների տակ էր, և բնակիչները չէին կարող չմասնակցել: Մենք դա հատուկ մտածելով չէինք անում, դա ինքնաբերաբար էր ստացվում: Մտածում էիր մի բանի մասին` ի՞նչ օգուտ կարող ես տալ: Եվ դա անում էիր` առանց խորանալու, թե քեզ ինչ կարող է  պատահել»,-ասում է Շուշանիկը:

Արամն ու Շուշանիկն ամուսնացել էին 1990-ին և իրենց նորածին դստեր հետ ապրում էին Տավուշի մարզի Ներքին Կարմիր աղբյուր գյուղում, որը  հայ-ադրբեջանական սահմանից ընդամենը 700 մետր է հեռու:

Պատերազմը սկսվելուն պես Արամը զինվորագրվում է, Շուշանիկն էլ` նրա հետ. «Աշխատում էի զորամասում որպես բուժքույր, խոհարար, ամեն ինչ անում էի,-պատմում է Շուշանիկն ու հիշում այն չարաբաստիկ օրը:- 1993 թվականի ապրիլի 16-ն էր, այդ օրը մերոնք մի կարևոր բարձունք պիտի հետ վերցնեին, որը մի քանի օր առաջ թշնամին գրավել էր: Ես սահմանապահ զինվորներին պետք է ճաշ տանեի: Բարձունքի ստորոտին էի, երբ արկն ընկավ կողքիս, ես ընկա` կորցնելով զույգ ոտքերս…Բարձունքը մերոնք հետ վերցրին…»:

Շուշանիկին տեղափոխում են մայրաքաղաք, որտեղ նա մի տարի գամվում է հիվանդանոցի անկողնուն: «Երեխան ինձ մոտ էր` հիվանդանոցում: Ես ու ամուսինս էինք խնամում: Այդ մեկ տաժանակիր տարվա ընթացքում ամուսինս ոչ մի վայրկյան իմ կողքից չհեռացավ»,-պատմում է նա:

1993 թվական, պատերազմ, սոցիալական բարդ պայմաններ և հիվանդանոց, որն ամեն օր նորանոր վիրավորներով էր լցվում… Կորցրած ոտքեր, փշրված երազներ, բայց կա փոքրիկ, որ մոր խնամքի կարիք է զգում…Եվ Շուշանիկն ուժ է հավաքում. «23 տարեկան էի` կյանքով լի, և երբ մտածում էի, որ էլ չեմ քայլելու, ահավոր զգացումներ էի ունենում, թվում էր` պիտի խելագարվեմ: Բայց հենց առաջին օրվանից ինձ ստիպեցի հավատալ, որ ամեն ինչ լավ է լինելու: Մորս, հարազատներիս չէի թողնում, որ ինձ մոտ լաց լինեն կամ հուզվեն: Բոլորն էին զարմացել, որ այդ վիճակում այդքան սառն եմ դատում: Բժիշկս հորս ասել էր, որ զարմացած է իմ պահվածքից ու իր ողջ աշխատանքային գործունեության ընթացքում անգամ տղամարդկանց մեջ էդպիսի կամքի ուժ չի տեսել»:

Շուշանիկն արցունք չէր թափում, հոգոց չէր հանում, որ դուստրը չզգա իր ցավը, չապրի իր ցավով: Փոքրիկ Հասմիկն էլ մոր մոտից չէր հեռանում և հսկում էր նրան` չթողնելով, որ որևէ մեկը մոտենա մոր անկողնուն կամ դիպչի նրան:

Մեկ տարի հիվանդանոցում պառկելուց հետո նա վերադառնում է հարազատ գյուղ: Պատերազմն ավարտվել էր, գյուղը` խաղաղվել, սակայն այնտեղ այլևս ապրել չէին կարող. գյուղի խոնավ օդը, որն այնքան հարազատ ու սիրելի էր նրա համար, այլևս բարենպաստ չէր նրա առողջության համար:

Նրանք տեղափոխվում են մայրաքաղաք, որտեղ նրանց սպասում էին զրկանքների, նեղության, տառապանքի երկար ու ձիգ տարիներ. խնդիրները շատ էին, սակայն դրանք ավելի էին խորանում, երբ գամված էիր հաշմանդամի անվասայլակին: Բոլորը սիրում, հարգում էին, պետական կառույցները` պարգևներ ու մեդալներ շնորհում, սակայն դրանից ո՛չ սոցիալական վիճակն էր լավանում, ո՛չ էլ առողջությունը…

Որպես պատերազմի մասնակից ու առաջին կարգի հաշմանդամ` պետությունը Շուշանիկին պետք է ապահովեր բնակարանով, սակայն բնակարանի հարցը ձգձգվում էր: Ապրում էին բարեկամների տանը կամ վարձով: Արամը չէր աշխատում, խնամում էր դստերն ու կնոջը: Միակ եկամուտը չնչին թոշակներն էին:

«Երջանկահիշատակ Վահան Զատիկյանը մեզ այդ ժամանակ Սեբաստիայի հանրակացարաններից մեկում մի սենյակ տրամադրեց. այնտեղ էինք ապրում, մինչև մեր բնակարանի հարցը կլուծվեր: Հանրակացարանում ապրում էին փախստականներ ու ազատամարտիկների ընտանիքներ: Ահավոր պայմաններ էին, պատկերացնու՞մ եք` հանրակացարանի բոլոր ընտանիքներն օգտվում էին դրսում գտնվող ընդամենը երկու զուգարանից»,-պատմում է Շուշանիկը:

Այդ պայմաններում նրանք ապրում են ինը տարի. վատ հիշողությունները շատ են, սակայն կա մի լուսավոր բան, որ հավերժ նրանց կկապի այդ նեղլիկ, կենցաղային տարրական պայմաններից զուրկ հանրակացարանային սենյակի հետ. դա նրանց երկրորդ դստեր ծնունդն է:

«Երբ իմացա, որ հղի եմ, շատ վախեցա, քանի որ մտածում էի, որ այդ վիճակում առողջ բալիկ չեմ կարող ունենալ,- պատմում է Շուշանիկը,- բացի այդ, պայմաններ չկային, անտանելի վատ վիճակում էինք, ինչպե՞ս պիտի երեխայիս մեծացնեի: Սակայն շնորհիվ ինձ շատ հարազատ մի կնոջ, որի հետ ծանոթացել էի հիվանդանոցում, վճռեցի անպայման ունենալ երեխային: Ողջ հղիության ընթացքում նա ինձ հույս ներշնչեց, հոգ տարավ իմ մասին և ամեն ինչ արեց, որ առողջ ծնունդ ունենամ»: Այդ կինը «Ֆիդայի» բարեգործական ընկերության նախագահ Նատար Մնացականյանն է. հենց նրա անունով էլ Շուշանիկը կոչել է դստերը` Նատար:

Վերջիվերջո լուծվում է նաև Շուշանիկի բնակարանի հարցը. այժմ նրանք ունեն սեփական տուն, որ իրենց ձեռքով են կառուցել, երկու հրաշալի դուստր, որոնցից մեկն արդեն ուսանող է, ջերմ ու ամուր ընտանիք, որտեղ իրար սիրում ու հարգում են, և հենց այդ առատ սերն է, որ նրանց ուժ, համբերություն ու կամք է տվել` դիմակայելու դժվարություններին, չկործանելու ընտանիքը, ընդհակառակը` էլ ավելի  ամուր ու երջանիկ դարձնելու:

«Ես ինձ լիարժեք մարդ եմ համարում` լիարժեք կին,- ասում է Շուշանիկը,- վիրավորվում եմ, երբ մարդիկ մտածում են, որ եթե զրկված եմ ոտքերից, ուրեմն ոչ մի բանի պետք չեմ: Ընդհակառակը, իմ կյանքի փորձը ցույց տվեց, որ անգամ այս վիճակում կարող եմ լավ ընտանիք ունենալ` հիանալի ամուսին, որին սիրում եմ և որի կողմից սիրված եմ, հիանալի երեխաներ: Ես լավատես մարդ եմ, հավատում եմ ապագային ու սիրում եմ կյանքը»:

Շուշանիկը մի երազանք ունի, որ ժամանակին չի իրագործվել և որն անպայման  ուզում է այս տարի իրականացնել. դա հարսանեկան արարողությունն է եկեղեցում` հարսանեկան ճերմակ զգեստով. «Մենք ամուսնացանք` առանց եկեղեցում օրհնություն ստանալու,- ասում է Շուշանիկը,- Արամն ինձ փախցրեց, և մենք զագս գնացինք:  Սակայն իմ երազանքը` սպիտակ հարսի զգեստով եկեղեցում պսակվելը, այդպես էլ երազանք մնաց: Այս տարի մեր ամուսնության քսան տարին է լրանում, և որոշել ենք մեր ամուսնությունն օրհնել եկեղեցում: Ես անպայման հարսանեկան զգեստ եմ հագնելու…»:

Դիտվել է 2541 անգամ:
Print Friendly

Leave a Reply