Հայերենի ամբիոն թուրքական համալսարանում

ԿՐԹԱԿԱՆ, Շաբաթվա լուր | | October 23, 2010 0:30

Սանահինի վանքը Հայաստում

Թուրքիայի Կայսերի քաղաքի (Կեսարիա) Էրջիես համալսարանում այս ուսումնական տարվա սկզբից գործում է երկու նոր ամբիոն` հայերենի և եբրայերենի:  Եթե եբրայերենի ամբիոնն արդեն ունի մասնագետներ և կանոնավոր գործում է, ապա հայերենի ամբիոնը մասնագետներ դեռևս չունի. Հայաստանից դիմած չորս մասնագետներն էլ ինչ-ինչ պատճառներով հրաժարվել են համալսարանում դասավանդելուց:

Հայերենի դասերն ընտրած երկու ուսանողների հետ առաջին 3 դասերն անցկացրել  է Հայաստանի ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, պատմական գիտությունների դոկտոր Հասմիկ Ստեփանյանը: Առաջին դասին թուրք ուսանողները սովորել են հայոց այբուբենը: Կայսերիի հեռուստատեսության լրագրողին նրանք ասել են, որ բարյացակամ են տրամադրված, գիտակցում են, որ հայերենին տիրապետելով` ապագայում իրենց տեղը կունենան որպես մասնագետներ։

Հասմիկ Ստեփանյանի կարծիքով` Էրջիես համալսարանը, որ ձգտում է դառնալ Անատոլիայի առաջատար համալսարաններից մեկը, հայերենի ամբիոն բացելով` մի քանի նպատակներ է հետապնդել. նախ` երկու ժողովուրդների միջև կապ հաստատելու ինչ-որ փորձ է, բացի այդ, «թուրքերը հասկացել են, որ առանց հայերենի իմացության իրենց պատմությունը լիարժեք չեն կարող ուսումնասիրել»:  Ստեփանյանը նշում է, որ Թուրքիայում իրենց անցյալի պատմությունն

Հայկական ճարտարապետական ոճով կառուցված Ալադինի մզկիթը Նիգդում, 1228-29 թթ.

ուսումնասիրելիս դժվարանում են օգտվել հայկական աղբյուրներից,  դիմում են դրանց եվրոպական լեզուներով թարգմանություններին կամ հայատառ թուրքերենից լատինատառի վերածված երկերին, մինչդեռ բազմաթիվ աշխատություններ կան, որոնք առայժմ հասանելի են միայն հայերենով:

Հասմիկ Ստեփանյանը Թուրքիայում է եղել` մասնակցելու  վերջերս սելջուկներին նվիրված միջազգային առաջին գիտաժողովին: Աշխարհի 28 երկրների 300-ից ավել ներկայացուցիչներ են մասնակցել գիտաժողովին: Հայաստանի միակ ներկայացուցիչը հանդես է եկել  «Հայկական աղբյուրները սելջուկների Հայաստան կատարած արշավանքների մասին և հայերի ստեղծած հուշարձանները XI-XIII դարերում» զեկույցով:

Ստեփանյանը պատմում է, որ հատկապես հուշարձանների հատվածը մեծ հետաքրքրություն է առաջացրել ներկաների մոտ: Ոչ միայն թուրքերը, այլև մասնակից 27 երկրների ներկայացուցիչները տեղեկացել են, որ սելջուկների կարևորագույն հուշարձանները հիմնականում կառուցել են հայերը կամ հայկական հուշարձանների ավանդույթներով են կառուցված: «Նրանք ցնցված էին, քանզի շատ ցավոտ էր այս նորությունը: Ոչինչ ասել

Դամբարան-գմբեթ Կայսերիում, 1275 թ.

չէին կարող, քանի որ ամեն ինչ փաստերով, լուսանկարներով, հուշարձանների վրա եղած հայազգի ճարտարապետների  անունների արաբատառ արձանագրություններով էր ուղեկցվում զեկուցումը»:

Նրա խոսքով`  հանդուրժողական մթոնոլորտ էր, «փաստերին ոչնչով չես կարող հակադարձել»:

Սելջուկների պատմության հայկական աղբյուրների լուսաբանումն այնքան է հետաքրքրել գիտաժողովի մասնակիցներին, որ շատերը զեկույցի տեքստն են ցանկացել ձեռք բերել:

Ստեփանյանը նշում է, որ նման գիտաժողովներին հայկական կողմի մասնակցությունը շատ կարևոր է. «Փոխանակ բողոքելու, որ պատմությունը կեղծում են, գիտաժողովներին պետք է ներկայացնենք հայկական աղբյուրները, իրական պատմական փաստերը, թարգմանենք մեր եզակի արժեքի պատմական աղբյուրները»:

Դիտվել է 2228 անգամ:
Print Friendly

Leave a Reply