Տիգրան Սարգսյան. 2011 թ. բյուջեն հստակ սոցիալական ուղղվածություն ունի

Շաբաթվա լուր, ՔԱՂԱՔԱԿԱՆ | | October 21, 2010 14:57

Հոկտեմբերի 18-ին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում մեկնարկեցին «ՀՀ  2011 թ. պետական բյուջեի մասին»  օրենքի  նախագծի նախնական քննարկումները: Ըստ հաստատված ժամանակացույցի, նախագծի քննարկումների արդյունքում ձևավորված գրավոր առաջարկությունները մինչև նոյեմբերի 5-ը կներկայացվեն ՀՀ կառավարություն: Գալիք տարվա բյուջեի նախագիծը կընդգրկվի խորհրդարանի նոյեմբերի 15-18-ի լիագումար նիստերում:

Նախնական քննարկումների առաջին օրը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, մինչ 2011 թ. պետբյուջեի նախագծի տրամաբանությունն ու  հիմնական սկզբունքները ներկայացնելը, անդրադարձավ ընթացիկ տարվա առկա ցուցանիշներին և այն մակրոմիջավայրին, որի պայմաններում կառավարությունն ավարտելու է 2010 թ. բյուջեի կատարողականը։ «Առաջին հերթին պետք է նշել, որ, ամենայն հավանականությամբ, մենք կգերակատարենք 2010 թ. պետական բյուջեն։ Այս պահի դրությամբ արդեն ունենք եկամտային մասով 40 մլրդ դրամի գերակատարում, ինչը հույս է ներշնչում, որ կկարողանանք եկամտային մասով գերակատարել պետական բյուջեի ցուցանիշը, և, բնականաբար, հարկային մուտքերը վկայում են այն մասին, որ մենք ունենք ավելի բարձր տնտեսական աճ, քան կանխատեսում էինք 2010 թ. բյուջեն նախագծելիս»,-ասաց վարչապետը` հավելելով, որ բյուջեի հիմքում դրված 1,2 տոկոս համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) աճի ցուցանիշը տարեվերջին, ամենայն հավանականությամբ, կկրկնապատկվի: Նշվեց նաև, որ 2010-2011թթ. կարևորագույն մարտահրավերներից են լինելու բարձր գնաճը և դրա զսպումը, ինչին ուղղված են լինելու դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքականությունը։ Հիմնական թիրախներն են լինելու երկարաժամկետ մակրոտնտեսական կայունության ապահովումը, տնտեսության դիվերսիֆիկացիային ուղղված միջոցառումների իրականացումը, բարեփոխումներին ավելի մեծ թափ հաղորդելը:

Կառավարությունը, ելնելով այս ռազմավարությունից, 2011 թ. պետբյուջեի նախագծում ընդհանուր եկամուտները նախատեսել է  շուրջ  850 մլրդ  դրամ, ծախսերը` 998,6 մլրդ  դրամ, դեֆիցիտը (պակասուրդ)` 148,6 մլրդ  դրամ: Բյուջեի նախագծի հիմքում դրված է 1 ԱՄՆ դոլարի դիմաց 363,74 ՀՀ դրամ հաշվարկային փոխարժեքը:

Եկամուտների ընդհանուր գումարը 2010 թ. համար հաստատված ցուցանիշը գերազանցում է 14,4%-ով: Պետական բյուջեի եկամուտներ/ՀՆԱ հարաբերությունը կկազմի 22,6%: Բյուջետային մուտքերի կազմում մեծ տեսակարար կշիռ կունենան հարկերը, պետական տուրքերը և պարտադիր սոցիալական ապահովության վճարները` 91%, այդ թվում` հարկերը և պետական տուրքերը` 76,5%: «Մեր գնահատականներով, բավական լարված բյուջե է եկամտային մասի ապահովման տեսանկյունից, բայց այն ռեզերվները, որ մենք ձևավորում ենք, լավատեսություն են ներշնչում այն առումով, որ կկարողանանք ամբողջությամբ կառավարել ռիսկերը, որոնք կարող են բացահայտվել 2011թ., եթե հանկարծ մակրոմիջավայրը լավը չլինի, կամ եթե համախառն ներքին արդյունքի աճը, որ կանխատեսում ենք` 4,6 տոկոս, չկայանա»,- մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ասաց վարչապետ Տիգրան Սարգսյանը։

Գալիք տարվա պետական բյուջեի նախագծով ծախսային մասը  2010 թ. համար հաստատված մակարդակի համեմատ ավելացել է շուրջ 63,1 մլրդ դրամով, որից շուրջ 43 մլրդ դրամը, ըստ ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանի, ուղղվելու է սոցիալ-մշակութային ծրագրերին: Մասնավորապես, 26 մլրդ դրամի լրացուցիչ գումար է հատկացվելու կենսաթոշակների և սոցիալական նպաստների ավելացման նպատակով: Միջինում 15 տոկոսով նախատեսվում է բարձրացնել մշակույթի ոլորտի աշխատակիցների աշխատավարձերը: Ինչպես նշեց նախարարը, այս բարձրացմամբ փորձ կարվի մի փոքր մեղմել վիճակը, քանի որ «այստեղ, իրոք, խնդիր ունենք. աշխատավարձերի այն մակարդակը, որ ունենք, ոչ մեկին չի կարող բավարարել»: 2011 թ. կշարունակվի իրականացվել ավանդների փոխհատուցման ծրագիրը, որի համար նախատեսված է 1,6 մլրդ դրամ: Էականորեն կավելանան կրթության և առողջապահության ոլորտներում իրականացվող բարեփոխումներին և կապիտալ շինարարությանն ուղղվող գումարները:

Վարչապետն էլ իր հերթին վստահեցրեց, որ բոլոր սոցիալական պարտավորությունները կատարվելու են, և այս տեսանկյունից բյուջեն կարելի է անվանել «հստակ սոցիալական ուղղվածություն ունեցող բյուջե, որովհետև ավելացնելու ենք սոցիալական ծախսերը` հասցնելով աննախադեպ ծավալների»։ Վարչապետը հավաստիացրեց նաև, որ մեծ ուշադրություն է դարձվելու բանակի պաշտպանունակության մակարդակի բարձրացմանը. «Եթե եկամտային մասով գերակատարումներ ունենանք, բնականաբար, առաջին հերթին կուղղենք բանակի անհրաժեշտ բոլոր ծախսերի կատարմանը, նույնիսկ կփորձենք նաև գերակատարել մեր ծրագրային մոտեցումները»։

Դեֆիցիտի ֆինանսավորումը նախատեսվում է իրականացնել ներքին և արտաքին աղբյուրների զուտ մուտքերի  հաշվին, համապատասխանաբար` 82,8 մլրդ դրամի և 65,8 մլրդ դրամի չափով: Ֆինանսավորման հիմնական աղբյուրները դոնոր կազմակերպություններն են` Համաշխարհային բանկը և Ասիական զարգացման բանկը։ Գումարներն ուղղվելու են ենթակառուցվածքներին, կապիտալ ծախսերին, դպրոցաշինության, ճանապարհաշինության ոլորտներին։ «Այդ տեսանկյունից դրանք այնպիսի ծրագրեր են, որոնք խթանելու են ՀՆԱ-ի աճը։ Մենք շարունակելու ենք աղետի գոտու վերականգնման աշխատանքները` հասցնելով դրանք իրենց տրամաբանական ավարտին»,-ասաց վարչապետը:

2011 թ. ընթացքում ՀՀ արտաքին պետական պարտքի գծով նախատեսվում է ստանալ մոտ 404 մլն ԱՄՆ դոլար, սպասարկել` մոտ 118,2 մլն ԱՄՆ դոլար: Արդյունքում տարեվերջին ՀՀ արտաքին պետական պարտքը կկազմի մոտ 3,738 մլրդ ԱՄՆ դոլար:  Ըստ կառավարության` 2010-2011 թթ. ՀՀ արտաքին պետական պարտքը բնութագրող ցուցանիշները հիմնականում կգտնվեն նվազ և միջին պարտքի բեռ ունեցող երկրների ցուցանիշների սահմաններում:

Վարչապետի և կառավարության առանձին անդամների կողմից բյուջեի նախագծով տարբեր ոլորտների ֆինանսավորումը ներկայացնելիս հաճախ հնչող «աննախադեպ» որակումների կապակցությամբ տնտեսագետ, ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը լրագրողներին ասաց. «Ես կարծում եմ` սա հերթական գեղեցիկ խոսքերն են, որ հնչում են ներկա կառավարության և քաղաքական մեծամասնության շուրթերից, ընդամենը ցույց տալու համար, թե իբր գործ է արվում: Իրականում, երբ ուսումնասիրում ենք բյուջեն թե՛ իր եկամտային, թե՛ ծախսային քաղաքականությամբ, այն ոչնչով չի տարբերվում 2010 թ. բյուջեից: Ավելին ասեմ, որևէ լուրջ ծրագիր, որը կապահովի Հայաստանի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարման կոնկրետ գործիքակազմ, չկա: Եթե ուշադիր նայենք` բոլորը հայտարարությունների մակարդակով են, և այնքան գեղեցիկ հայտարարություններ են, որ թվում է` եթե այդ հայտարարություններն իրականություն դառնան, Հայաստանը պետք է Շվեյցարիայի վերածվի»: Մինչդեռ, ըստ ընդդիմադիր պատգամավորի, «թե՛ սոցիալական, թե՛ տնտեսական, թե՛ մշակութային քաղաքականության գործիքակազմը, որ ներկայացված է այս բյուջեով, էլ ավելի է հետ շպրտելու Հայաստանին, քան ներկա պայմաններում` նույնիսկ տնտեսական, ֆինանսական այս ճգնաժամի բուն մեջտեղում գտնվելու ժամանակահատվածում էլ»:

Դաշնակցական պատգամավորի համոզմամբ` «գլոբալ առումով այս բյուջեի վերաբերյալ առաջարկություններ անելն անիմաստ է, ամբողջությամբ պետք է փոխվի տնտեսական քաղաքականության փիլիսոփայությունը` դրամավարկային քաղաքականությունից մինչև հարկաբյուջետային քաղաքականություն»: Նախնական քննարկումներին պատգամավորների պասիվության կապակցությամբ էլ նշվեց. «Կոալիցիոն պատգամավորներն ուրիշ բան չէին էլ կարող անել այս պայմաններում, այլ հարց է, որ քաղաքական ընդդիմությունը, կարծում եմ, նույնպես հույս չի կապում այս կառավարության հետ, և ցանկացած նման վարքագիծ, որ դրսևորվում է նաև այսպիսի անտարբերությամբ, վկայում է այն մասին, որ Հայաստանի ներկա կառավարությունը պարզապես ի վիճակի չէ ընկալելու ո՛չ առկա մարտահրավերները, ո՛չ էլ պատրաստ է լուծումներ տալու  երկրի առջև ծառացած խնդիրներին»:

Գայանե ՄԵԼԻՔՅԱՆ

Դիտվել է 1128 անգամ:
Print Friendly

Leave a Reply